Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄՎերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի  քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության հարցում:

Արաբական կառավարությունները, չնայած արաբների աջակցությանը Հայոց ցեղասպանության փրկվածների նկատմամբ, որոնք ապաստան էին փնտրել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, դժկամությամբ էին ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ միևնույն հավատքի պատճառով:

Առաջին արաբական երկիրը, որը կոտրեց ցեղասպանության հանցագործության ճանաչման թուրքական շրջափակման կապանքները՝ Լիբանանն էր: 1997 թ. ապրիլի 3-ին Լիբանանի պատգամավորների պալատը (Խորհրդարանը) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Լիբանանի խորհրդարանը երկրորդ բանաձևն ընդունեց 2000 թ. մայիսի 11-ին, հայտարարելով, որ. «Ճանաչում և դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և իր լիակատար համերաշխությունն է արտահայտում  իր քաղաքացիների պահանջներին»:

Այդ ժամանակից ի վեր, Սիրիայի նախագահն ու խորհրդարանի տարբեր անդամներ մի քանի անգամ խոսել են Հայոց ցեղասպանության մասին, սակայն դեռևս պաշտոնական խորհրդարանական բանաձև չեն ընդունել ցեղասպանության վերաբերյալ:

Համանման քայլեր արվել են Եգիպտոսում, որտեղ դատական հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն Եգիպտոսի խորհրդարանը պաշտոնական բանաձև չի ընդունել:

Մարտ ամսին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, որը փորձում է տապալել Լիբիայի կենտրոնական վարչակարգը, հայտարարություն է տարածել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սա լրիվ անակնկալ քայլ էր, քանի որ Լիբիայում հայկական համայնք գոյություն չունի:

2019 թ. ապրիլի 25-ին Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը (ADC) անսպասելի պաշտոնական հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Ահա ADC-ի համակրական հայտարարության ամբողջական տեքստը. «Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված կոտորել է 1.5 միլիոն հայերի և հայ ժողովրդին բռնի տեղահանել իր պատմական հայրենիքից: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչում բոլոր նրանց, որոնք կորցրին իրենց կյանքն ու տները: ADC-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: 1915-1918 թթ. տեղի ունեցած համակարգված կոտորածներից հետո բազմաթիվ հայ փրկվածներ փախան մոտակա արաբական երկրներ՝ ապաստան փնտրելու: Դարեր շարունակ հայ ժողովուրդը արաբական երկրներում ստեղծել է ծաղկուն համայնքներ, հատկապես Բարեբեր մահիկում: Հայկական համայնքը եղել է արաբական հասարակության անբաժանելի մասնիկը՝ դարեր շարունակ գոյություն ունենալով Պաղեստինում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում: ADC-ն  ուս ուսի կանգնած է մեր հայ քույրերի և եղբայրների կողքին: Մեր համայնքները շատ լավ գիտեն համակարգված թալանի և ճնշումների գինը, և մենք միասին կշարունակենք պաշտպանել անարդարության և հալածանքների առջև կանգնածներին»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Տարածաշրջան


30/05/2019