ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ
Շաքի
Թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Սյունիքում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առեւանգիչներին, նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»: Առեւանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ եւ սուզվելով անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետեւից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում եւ ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտակա գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Լծեն
Ասում են, թե երբ մոնղոլները Չար-Ղաթայի առաջնորդությամբ հասել են Զանգեզուր, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում պատսպարված թշնամու վրա։ Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսես Քերթողը շարունակ կրկնել է՝ «Լցե՛, լցե՛ …», եւ ինքն էլ քարեր է գլորել վերեւից։ Հետեւելով Ներսես Քերթողին, գյուղացիները եզներ են լծել քարքաշաններին, քարե կույտեր են բերել, քարե հեղեղ են տեղացել թշնամու վրա եւ չեն թողել, որ նա ոտք դնի գյուղը տանող արահետին։ Իսկ Ներսես Քերթողը շարունակել է կրկնել՝ «Լցե՛, լցե՛ …»։ Դրանից էլ, ասում են, գյուղի անունը մնացել է Լծեն:
Մադաղիս
Ժամանակին ապրել է Մադաղիս անունով մի գեղեցկուհի: Երկու եղբայրներ սիրահարվում են նրան: Աղջիկը փոքր եղբորը հանձնարարում է սարի միջով խմելու ջուր բերել իրենց գյուղը, իսկ մեծին էլ՝ Թարթառ գետից առու հանել դեպի գյուղի դաշտերը: Ով նրանցից շուտ կատարի տրված հանձնարարությունը, խոստանում է նրան առնել: Փոքր եղբայրը դեռ գործի կեսին, տեսնում է, որ մեծն արդեն վերջացնելու մոտ է: Մադաղիսն ավելի շատ փոքր եղբորն էր հավանում, ուստի նրան խորհուրդ է տալիս մի մեծ կտավ փռել այն տեղում, որտեղ պետք է հոսեր ջուրը, եւ կտավի վրա աղ ցանել: Առավոտյան գյուղի անասունների հոտը հավաքվում է աղի վրա: Մեծ եղբայրը հեռվից տեսնելով այդ, կարծում է, թե անասունները առվից ջուր են խմում: Հուսահատված դեպի վեր է շպրտում ձեռքի ահագին մուրճը եւ գլուխը տակը պահելով՝ ջախջախվում: Փոքր եղբայրն ամուսնանում է Մադաղիսի հետ, որի անունով եւ գյուղը կոչվում է Մադաղիս:
Մակարավանք
Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետեւ հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերեւից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլեւս չկա: Վանքի գագաթից իրեն ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ: Մակար վարպետին թաղում են իր շինած վանքի պատերի տակ, անունն էլ դնում Մակարավանք:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Հոգևոր-մշակութային