Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ



ԱՎԱՐԱՅՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸՀամաշխարհային պատմությունը ինչ-որ տեղ նաեւ պատերազմների պատմություն է, եւ պատերազմների անսահմանափակ համայնապատկերի վրա Ավարայրի ճակատամարտն իր ծավալով, տեսանելի իր ընդգրկումով, արտաքուստ չի էլ երեւում, էլ չենք խոսում առանձնանալու մասին` այդ իմաստով:

Հենց միայն նույն պարսից բանակը նույն ժամանակներում շատ ավելի մեծ ճակատամարտերի թոհուբոհով է անցել, բազմաթիվ նման ճակատամարտեր են իրենց ետեւում թողել հին ու նոր աշխարհների աշխարհակալ ու աշխարհակուլ զորավարները` Հաննիբալից ու Մակեդոնացուց, Կրոմվելից ու Չինգիզ խանից մինչեւ Բոնապարտ ու մեր օրերը:

Բայց այդ ճակատամարտերից շատերը ինչ-որ տեղ եղել են սովորական, հերթական կռիվներ նրանց հաղթարշավների ճանապարհներին, որոնք, ամբողջությամբ վերցրած, թերեւս այնքան էլ չեն սպառնացել այս կամ այն ժողովրդի հետագա գոյությանը, հաղթել եմ, պիտի ինձ ենթարկվես, ինձ հարկատու դառնաս եւ այլն… եւ այլն:

Պարզունակացնել պետք չէ, բայց այդ ճակատամարտերից շատերն, իսկապես, եղել են զորության կռիվներ եւ ո՛չ գոյության:

Այնինչ` բոլորովին ուրիշ էր Ավարայրի ճակատամարտի բնույթը, նրա խորհուրդն ու իմաստը:

Հինավուրց մի ողջ ժողովրդի լինել-չլինելու խնդիրն էր դրված այնտեղ, աշխարհում իր տեսակը պահպանելու, իր էությունը փոխել-չփոխելու հարցը, եւ ժողովուրդն ինքը պետք է պատասխան տար այդ խնդիրներին ու հարցերին:

Դա ոչ թե առանձին թագավորների ու իշխանավորների, ոչ թե երկու պետությունների վեճ ու կռիվ էր, որ, ինչպես հաճախ է լինում, ժողովուրդը մի կողմ կանգներ կամ ստիպողաբար իր մասնակցությունը բերեր, այլ հենց իր` ժողովրդի ըմբոստացումն ու կռիվն էր` ինքը որպես ինքը մնալու, աշխարհում իր ձեւով ապրելու, չձուլվելու, չմերվելու, իր պատմությունը այդպես անփառունակ չընդհատելու վճռականությամբ:

Մեր ժողովուրդը ելել էր մահու եւ կենաց պայքարի եւ ուզում էր ետ մղել մահաշունչ խորշակը, իսկ եթե դա չհաջողվեր` գերադասում էր մահը, քան իր հավատն ու էությունը, վարքն ու բարքը փոխելը, որ նույնպես մահ էր եւ ոչ այլ բան: Ինչպես գրում է այդ ամբողջ անցուդարձի ականատես ու մասնակից անմահ Եղիշեն` «Այնուհետեւ տերը ծառայից ավելի չէր երեւում, եւ ոչ էլ փափուկ մեծացած ազատը` տառապյալ գեղջուկից, եւ ոչ էլ մեկը մյուսից ավելի պակաս` քաջության մեջ: Միեւնույն հոժար սիրտն ունեին բոլորն էլ` տղամարդ ու կին, ծեր ու տղա եւ Քրիստոսի անունով բոլոր միաբանվածները:

…Վեր ընկած էր մնում ոսկին, եւ ոչ ոք հատկապես իր համար արծաթ չէր վերցնում, եւ առանց ագահության արհամարհված, անարգված էին զարդարանքի ու մեծարանքի համար հատկացված պատվական հագուստները: Ինչպես եւ ամեն մի գույք ոչինչ էր համարվում իր տերերի աչքում»: Սա այն եզակի դեպքերից է, երբ ողջ ժողովուրդն, իրոք, դառնում է մի հոգի ու մի մարմին, վերանում են դասային անհավասարությունները, «իմն ու քոնը», եւ միակ փրկությունը նույն այդ ժողովրդի ոչ լոզունգային հավաքական ուժն է դառնում: Մի բան, որ երազում էր տեսնել նաեւ մեր ժամանակների մյուս անմահ Եղիշեն:

Ավարայրի ճակատամարտի խորհուրդն իր ողջ էությամբ առավել որոշակիացավ ճակատամարտից հետո… հետո… հետո… բայց ճակատամարտից առաջ էլ Երկրի ու ժողովրդի ճակատագրով ապրող մարդկանց համար արդեն իսկ պարզ էին նրա նպատակն ու խնդիրները: Այդ մարդիկ վերահաս ահեղ գոտեմարտը դիտում էին իբրեւ մաքրագործող մի ավազան` կոչված ոչ միայն սոսկ գոյատեւման, այլեւ արժանապատվորեն ապրելու դուռ բացելու սերունդների առջեւ: Դրա վկայությունն են հայոց Զորավարի` իր զինակիցներին ուղղված խոսքերը, որ այսօր էլ անանց հպարտության զգացումով են համակում հանուն հայրենյաց ոտքի ելած մարդկանց սրտերը, «…եկել-հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ հեռացնենք մեզանից… վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու գործերից»:

Ահա այս բնաբուխ համախմբվածության ու արիության, գիտակցված մահն իբրեւ անմահություն, աչքով կույր լինելը մտքով կույր լինելուց գերադասելու իմաստով` հայ ժողովրդի այս պատմական ճակատամարտը աճում-բարձրանում է իր տեսանելի չափ ու ծավալներից եւ պատերազմների անծայրածիր պատմության մեջ, երեւույթների խորքը թափանցել կարողացող հայացքների ու մտքերի առջեւ, կանգնում է ազատագրական կռիվների առաջին շարքերում:

Այս ճակատամարտը առանձնահատուկ է եւ մեկ այլ առումով:

Ավարայրում, զուտ պատերազմական օրենքները նկատի ունենալով, փաստորեն մենք չենք հաղթել` թեկուզեւ հակառակորդի զոհերը թվով եռապատիկ ավելի են եղել: Չէ որ, ի վերջո, ընկել է հայոց Զորավարը, փղերի ահասարսուռ ճնշման տակ ընկրկել է հայոց զորքը, բաժան-բաժան եղել եւ ապավինել հեռավոր ամրակուռ բերդերին ու ամրոցներին: Եվ, այնուամենայնիվ, մեր ժողովրդի գիտակցության մեջ Ավարայրն ընկալվել է իբրեւ հաղթանակ, իբրեւ ոգու հաղթանակ, որ ստիպել է ժամանակավոր տիրողներին` ետ կանգնել բռնությամբ մեզ հավատափոխության մղելու, մեզ իր մեջ ձուլելու, մեր հուշն ու հիշատակը կտրելու մոլեռանդ ջանքերից:

Հեռու չգնալու համար` հենց մեր պատմությունից կարող ենք հիշատակել ոչ քիչ հաղթական պատերազմներ, բայց նրանք բոլորն էլ խամրում են Ավարայրի առջեւ, որ եղել ու մնում է իբրեւ մեր ժողովրդի գիտակցված միաձուլման, հերոսական անձնազոհության, անընկճելի կամքի ուղենշող խորհրդանիշ:

 

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Պատմության էջերից


30/05/2019