Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶՆԱՎՈՒՐԸ



ԱԶՆԱՎՈՒՐԸCNN-ը և TIMES ամսագիրը նրան հայտարարել են ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԻՉ

Խորունկ քուն էր մտել սիրտս վաղուց ի վեր

Եվ հույս չուներ երբեւիցե, թե կարթնանա,

Բայց քո ձայնից բարձրացրի գլուխս վեր,

Եվ ահա սերը պաշարեց ինձ ակամա:

Ա՜հ, Իզաբե՛լ, Իզաբե՛լ իմ,

Իմ սե՜ր, իմ սե՜ր…

 

Շառլ Ազնավուր

 

♦  Ստեղծագործական ավելի քան 70 տարիների կյանք

 

♦  200 երգ

 

♦  100 միլիոն ձայնասկավառակ

 

♦   Թողարկված 294 ալբոմ

 

♦  1000-ից ավելի համերգ` աշխարհի 94 երկրներում

 

♦  80 դեր կինոյում

 

♦  Կոմպոզիցիաներ 7 լեզվով

 

♦  Նրա ստեղծագործությունները կատարել են աշխարհի խոշորագույն երգիչները` Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Էլթոն Ջոնը, Բոբ Դիլանը, Ռեյ Չարլզը, Թոմ Ջոնսը, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Ջո Դասենը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Սելին Դիոնը, Լաուրա Պաուզենին…

 

♦  Ազնավուրի և ժորժ Կարվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:

 

♦  Համաշխարհային երաժշտական ոսկե ֆոնդին են պատկանում Ազնավուրի շատ երգեր, որոնց թվում` «Ավե Մարիան», «Բոհեմը», «Դեռ երեկը»…

 

ՔԻՉ ՀԱՅՏՆԻ, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԷՋ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ԱԶՆԱՎՈՒՐԸ

Թվում է` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի, Հայաստանի Ազգային հերոսի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության վրա, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ չեն արել անգամ Շառլի կենսագիրները: Խոսքը Ազնավուրյանների ընտանիքի հայրենադարձվելու` 1946 թվականին` Հայրենական պատերազմից հետո, որոշման մասին է: Արխիվային այդ փաստաթղթերը ի հայտ են բերում ընտանեկան այն մթնոլորտը, որի մեջ ծնվել, հասակ է առել աշխարհահռչակ երգիչն ու Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսը:

Այո՛, 1946 թ. Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը բռնեց տունդարձի ճանապարհը, նրանց թվում նաև՝ ֆրանսահայությունը: 1946 թ. մայիսի 30-ին Շառլը եւ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթի կոմիտե եւ շուրջ մեկ շաբաթ հետո՝ հունիսի 5-ին, ինչպես վկայում են փաստաթղթերը, պաշտոնապես դիմում ներկայացրել որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվություն ստանալու համար:

«Թե ինչո՞ւ չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, անհայտ է,- գրում է արխիվի աշխատակից Արմեն Բադալյանը:- Սակայն հիշենք, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավոր այլ հայերի ամբողջ աշխարհից, հերթ չի հասել: Բանն այն է, որ 1948թ. ներգաղթն անակնկալ ընդհատվեց, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել»:

Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայ թատրոնին, երգարվեստին: Եվ սա եւս ապացույց-վկայություն է Ազնավուրյանների ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Հոգևոր-մշակութային


30/05/2019