Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՂԸ



ՀԱՂԹՈՂԸԵս պիտի պատմեմ երկու պատմություն երկու եղբայրների՝ Տիգրան եւ Ժորա Աբգարյանների մասին: Ավելի ճիշտ՝ ես կպատմեմ Ժորա Աբգարյանի մասին ու իմ պատմությունը կկոչեմ «Տղան, որն անվադողեր է հավաքում»: Արդեն երեք տարի է՝ նա անվադողեր է հավաքում առաջնագիծը ամրացնելու եւ սահման պահող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ դարձնելու համար: Մոտ 20 հազար անվադող: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված զինվոր, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Տիգրան Աբգարյանի մասին կպատմի եղբայրը՝ Ժորան: Ես նրան չեմ ընդհատի, հարցեր չեմ տա, չեմ զատի կարեւորը անկարեւորից, որովհետեւ եղբոր սիրտն ավելի լավ գիտի այդ ամենը:

-Ես Տիգրանից մեծ եմ երեք ու կես տարով եւ շատ լավ հիշում եմ նրան: Շարժուն էր, մարդամոտ, համառ ու չարաճճի: Ուշ խոսեց` երեք տարեկանում: Շատ մեքենաներ ուներ՝ տարբեր տեսակի, տարբեր չափսերի, բայց Բագոյի «Կամազի» համար ուշքը գնում էր: Բագոն մեր թաղի ծայրին էր ապրում, ու ամեն օր մեր տան մոտով նրա «Կամազը» գնում էր գործի, երեկոյան վերադառնում տուն: Էդ ժամերին Տիգրանը լուսամուտի մոտ էր: «Կամազի» անցնելուց 10-20 րոպե առաջ Տիգրանին բերում էին լուսամուտի մոտ: Շրթունքները ուռեցրած՝ «Կամազի» նման դռռացնելով սպասում էր: Մի օր էլ հենց «Կամազը» հայտնվեց Տիգրանի տեսադաշտում, գոռաց՝ «Բագոյի կամազը»: Սրանք նրա առաջին բառերն էին. ո՛չ մամա, ո՛չ պապա, այլ՝ Բագոյի «Կամազը»: Եթե Տիգրանը մի բան սիրում էր, անմնացորդ էր սիրում, մինչեւ հոգու խորքը նվիրվելով:

Այսպես նվիրումով ու անմնացորդ սիրեց հայրենիքը:

Մանկապարտեզում երեխաներին ստիպում էր, որ հացը բրդեն թեյի մեջ ու գդալով ուտեն: Գլուխն էր մտցրել, որ այդպես ավելի համով է, ու բոլորը խելոք կատարում էին Տիգրանի ցանկությունը: Երեխաներին համոզում էր, որ իրենց բակերի ձյունը հավաքեն, բերեն լցնեն մեր տան մոտ: Երբ մի մեծ ձնակույտ էր գոյանում, մեր տնեցիներին ստիպում էր, որ փորեն ձնակույտն ու տուն սարքեն իր համար: Հետո տատս գորգ էր փռում տան մեջ, Տիգրանը մտնում էր ներս ու արքայազնի պես նստում էր իր սառցե թագավորությունում:

Հորս համոզում էր, որ աշնանը հարեւանների բակերից ընկուզենիների թափված տերեւներ հավաքի ու լցնի մեր բակ, որպեսզի ինքը խաղա տերեւներով: Համառ էր: Եթե մի բան ուզում էր, չէիր կարող արգելել:

Նույն համառությամբ չենթարկվեց հրամանին, գնաց լռեցնելու թշնամու կրակակետերը:

Տիգրանը բոլորի ուրախությունն էր, որտեղ Տիգրանն էր, այնտեղ խինդ ու ծիծաղ կար: Հայրիկիս ընկերներից մեկը նկատել էր, որ երեք տարեկան Տիգրանը, լեզուն նոր բացված, ժամերով լսում է մեծերի խոսակցությունը ու շատ մանրամասն հետեւում բոլորի շարժուձեւին: Նա չգիտեր, որ հետո բարձրանալու է «բեմ» ու հերթով կապկի բոլորին: Նույնը անում էր բակում, մեր հարեւանները կանչում էին, որ Տիգրանը «ելույթ ունենա», ու ծիծաղից թուլանում էին:

Տիգրանը լիդեր էր: Փոքր տղա էր՝ 10-11 տարեկան, բայց ոչ միայն իր դասարանցիների առաջնորդն էր, այլեւ ամբողջ դպրոցի, թաղի: Ինչ էլ կազմակերպեր, հաջողում էր: Տիգրանը երբեք չէր ձախողվում, երբեք չէր մնում կեսճանապարհին: Ինչ էլ ձեռնարկեր, որքան էլ դժվար լիներ, գործը հասցնում էր ավարտին:

Այսպես ավարտեց մարտական առաջադրանքը. Նրա տանկը խփվեց հետդարձի ճանապարհին, գործը ավարտած:

11 տարեկանից փող էր աշխատում: Տիգրանի նախաձեռնությամբ մենք՝ երկու եղբայր, հորս ընկերոջ թխած լավաշները առաքում էինք խանութներ: Դժվարությամբ փող էր աշխատում, հետո էդ փողը ծախսում էր միլիոնատիրոջ պես՝ շռայլ, անխնա, ընկերների, տնեցիների համար: Ինքնաբավ տղա էր, ինքն իր արժեքը գիտեր դեռ մանկապարտեզից: Քաջ Նազարի դեր էին տվել, ասաց՝ արքայազնի դեր կտան, կմասնակցեմ հանդեսին, չեն տա, չեմ մասնակցի: Համոզեց, որ «Քաջ Նազար» պիեսում արքայազնի կերպար մտցնեն: Համոզելու վարպետ էր: Նրան չէին մերժում, էնքան փաստարկված էր համոզում:

Այսպես համոզեց հրամանատարին ու տանկը քշեց մեր դիրքը գրաված ադրբեջանցիների վրա եւ տակով արեց նրանց դրոշը:

Տիգրանը չգիտեր՝ վախն ինչ է: 11 տարեկանից նստում էր մեքենայի ղեկին, տանիքից տանիք էր թռչում, ծառից ծառ: Էքստրիմի սիրահար էր: Բարձրահասակ, թիկնեղ տղա էր, սպորտով էր զբաղվում: Իմ հակապատկերն էր ու հաճախ էր բարկանում վրաս իմ զգուշավորության համար: Բոլորը գիտեին՝ եթե Տիգրանը մի գործի մեջ կա, մյուսները պիտի պայքարեն երկրորդ տեղի համար: Առաջին տեղն իրենն է, ամենամեծ հաղթանակը: Ասում էր՝ ես պիտի միշտ լավագույնը լինեմ, առաջինը: Ու զարմանում էր, թե ես ինչպես եմ բավարարվում համեստ արդյունքներով:

Ինքը լավագույնն էր՝ որպես տանկիստ, քննության ժամանակ: Առաջինն էր պատվոգրերի ու գովասանագրերի քանակով: «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ստացավ:

Տիգրանը, թեեւ արտաքուստ պինդ ու անկոտրում էր, բայց շատ նուրբ ու քնքուշ սիրտ ուներ, հոգու խորքում ռոմանտիկ էր: Երբ փոքր էր, անձրեւի ժամանակ անձրեւանոցն առնում էր, կանգնում անձրեւի տակ: Ասում էր՝ կտկտոցն եմ լսում:

Մամային ծաղիկներ նվիրելու համար առիթ պետք չէր Տիգրանին: Մանկուց գունավոր քարեր էր հավաքում: Նայում էր, հիանում: Երբ ես զորացրվեցի ու բանակից տուն եկա, ընկերների հետ ինձ Երեւանում դիմավորեց, իսկ երբ հասանք մեր թաղ, 101 հատ վարդ տվեց ձեռքս՝ մի ահռելի փունջ, ու ասաց՝ տնեցիները չգիտեն, որ գալու ես, բայց բոլորը դրսում են, փողոցով ծաղիկները ձեռքիդ հանդիսավոր գնա, նվիրիր մամային: Նա գիտեր մամայի սովորական օրը տոն դարձնել:

Բոլոր ընտանեկան հավաքների կազմակերպիչն էր: Սիրում էր բարեկամներին հավաքել սեղանի շուրջ, մտերմություն էր սիրում: Գնումներն իր ձեռքով էր անում, իր փողով…

Երբ 2016-ի ապրիլի 3-ին զանգեց, տրամադրությունը շատ բարձր էր: Ասաց. «Ինչ կռիվ, ինչ բան, մեր կողմերում նման բան չկա»: Էնքան անհոգ ասաց, որ հավատացինք:

Հետո իմացանք, որ արդեն այնպիսի մի սխրանք էր գործել, որ հրամանատարն ասել էր՝ քեզ «Մարտական խաչի» եմ ներկայացնելու:

Տիգրանը հաղթած վերադարձավ կռվից. Այն պատմությունը, որով եզրափակվեց նա գեղեցիկ կյանքը, հաղթողի պատմություն է: Տիգրանը, Վլադիմիրն ու սպա Մոնթեն, որոնք տարբեր տանկային էկիպաժներում էին, միանում են, հրամանատարին խնդրում նոր տանկային էկիպաժ կազմել ու թշնամու տարածքում կատարել հատուկ գործողություն՝ մեր դիրքերի վրա կրակող ադրբեջանական տանկերը լռեցնելու համար: Հրամանատարը բացատրում է թշնամու տարածք մտնելու հնարավոր վտանգները: Բայց տղաները պնդում են, հետո երեք հերոսները տանկով անցնում են սահմանը, մտնում հակառակորդի տարածք ու խփում թշնամու տանկերը: Հետդարձի ճանապարհին, անտեսելով վտանգն ու արագ հետ դառնալու հրամանատարի պահանջը, տանկը քշում են մեր դիրքը գրաված ու ադրբեջանական դրոշը մեր դիրքում բարձրացրած զինվորականների վրա՝ փախուստի մատնելով նրանց ու տանկի թրթռոցների տակ տրորելով ադրբեջանական դրոշը:

Հաջորդ մարտական գործողությունը Տիգրանը կատարեց տուն զանգելուց կես ժամ հետո: Դարձյալ երկու ընկերների հետ անցավ սահմանն ու խոցեց թշնամու հզոր կրակակետերը: Հետդարձի ճանապարհին չեզոք գոտում հակառակորդի գերհզոր ու գերճշգրիտ զենքը գտավ Տիգրանի տանկը:

Տիգրանի վերադարձը փառահեղ էր: Նա հաղթած վերադարձավ, հերոսավայել, բարձրում, եռագույնով ծածկված, զինվորական պատիվներով, նրա շիրիմին երկրի առաջին դեմքերը խոնարհվեցին, նրա անունը հազարավոր մարդկանց շուրթին էր: Նա հաղթո՛ղ էր:

Տղան, որն անվադողեր է հավաքում

Մարդու հոգին ինքն իրեն պաշտպանելու ունակություն ունի: Փակվում է մեծ ցավի առաջ: Ասես չի ընկալում կատարվածը: Հետո քիչ-քիչ, փոքրիկ ու տանելի չափաբաժիններով, որ բանականությունը չկորցնի, մոտենում է բացված անդունդի ափին ու երկչոտ, զգուշավոր նայում նրա խորությանը:

…Ժամանակը կանգ էր առել 2016 թվականի ապրիլի 3-ի վրա: Օրերն անցնում էին՝ միանման ու անգույն, իսկ ժամանակը չէր փոխվում: Մեծը ինքն էր, բայց ամբողջ կյանքում արբանյակի պես պտտվել էր իր լուսատուի՝ Տիգրանի շուրջբոլորը: Հիմա չկար լուսատուն, չկար հենման կետ, չկար ընթացք, չկար նպատակ: Նպատակ: Հենց այս բառից կառչեց, ինչպես մեռնողը՝ միակ հույսից: Նպատակ էր պետք: Ապրել Տիգրանի փոխարեն՝ միտքը ծնվեց հանկարծակի: Ապրել այնպես, ինչպես Տիգրանը կապրեր, անել այն, ինչ Տիգրանը կաներ: Սեփական մարմինը տալ եղբոր հոգուն: Ինքը Տիգրանը չէր, դժվար էր նրա պես խիզախ ու ուժեղ լինել, բայց այլընտրանք չկար:

…Գնաց Արցախ: Հասավ զորամաս: Քնեց եղբոր անկողնում, որոնեց եղբոր հետքերը: Հետո գնաց դիրքեր: Ու հանկարծ թվաց՝ յուրաքանչյուր դիրքապահ զինվորի մեջ ինչ-որ մասնիկ կա Տիգրանից: Այնքան ուժեղ զգաց եղբոր ներկայությունը: Ասես՝ գտավ եղբորը: Եղբայրը դիրքերում էր, ու երբեք չէր ավարտելու նրա մարտական հերթապահությունը: Եղբոր դիրքը անվադողերով ամրացնելու ցանկությունը եղբոր կյանքը պաշտպանելու համար էր: Եղբոր համար:

Անվադողերի առաջին խմբաքանակով եղբոր դիրքը ամրացրեց: Հետո մեկ ուրիշ դիրք գնաց: Պարզվեց՝ բոլոր զինվորները իրեն են նայում եղբոր աչքերով: Անհավանական, անբացատրելի զգացողություն էր: Ամբողջ սահմանն ամրացնելու միտքը ինքնաբերաբար ծնվեց: Սկզբում մենակ էր, հետո միացան իր ընկերները, հետո Տիգրանի ընկերները, հետո նրանց ընկերները, Արկադի Ջուհարյանը, Հրաչ Ղարիբյանը, Սաշա Հակոբյանը, Վաչագան Ենգիբարյանը, Մկրտիչ Ստեփանյանը, Ղարիբ Սիմոնյանը, Գեւորգ Հովսեփյանը, որ մեկին նշես, ծանոթ-անծանոթ մարդիկ: Ցավը մեծ էր առաջվա պես, բայց արդեն չէր սպանում: Ցավը քամում էր սահման ուղարկած յուրաքանչյուր անվադողի մեջ: 50 մեքենա՝ ամեն մեքենայում՝ 300-400 անվադող: Հետո տեսնում էր, թե ինչպես են այդ անվադողերը դառնում զինվորի կյանքը պաշտպանող վահան: Հետո տեսնում էր, թե ինչպես են բանակի նվիրյալները հավաքվում իր շուրջը, ինչպես Տիգրանի շուրջն էին հավաքվում:

Տիգրանն իր տունը պիտի ունենա, իր հյուրընկալ օջախը՝ նվիրյալների հավաքատեղին: Ու հիշեց Տիգրանի գույնզգույն քարերը: Հուշահամալիրը գույնզգույն քարերով կառուցեց՝ գունեղ ու վառ: Տիգրանի պես: Եղբոր հուշարձանը սպիտակ քարից կառուցեց՝ արծիվը ձուլված քարին՝ եղբոր նկարով ու «Մարտական խաչով»: Հետո… հազիվ էր հասցնում գրառել մեկը մյուսին հաջորդող մտահղացումները: Էլ ինչ ազգ-բանակ, եթե ամբողջ ազգը մարտական պատրաստություն չի սովորում ու ռազմիկի համարձակություն, ռազմիկի ոգի չունի: Եվ իրագործված նոր գաղափար՝ Տիգրան Աբգարյանի անվան մարտական պատրաստության ակումբը՝ Ժորա Աբգարյանի ղեկավարությամբ: Արցախյան ազատամարտի հերոսները, զինվորականները սիրով ու պատրաստակամությամբ են ընդունում հրավերն ու մարտական պատրաստություն են ուսուցանում բոլոր ցանկացողներին, նրանց են միացել Տիգրանի՝ աշխարհի առաջնություններում հաղթած մարզիկ ընկերները, որոնք մարզասրահներում իրենց բանակային ու մասնագիտական փորձն են փոխանցում երիտասարդ սերնդին:

Սկսել են Գյումրիից, հասել Երեւան ու ծավալվելու են Հայաստանով մեկ: Երկիրը մի մեծ զորանոց են սարքելու՝ պետություն-բանակ: Անհնա՞ր է: Տիգրանը կաներ, Տիգրանը չէր վախենա: Կարեւորը՝ մարդկանց հոգուն դիպչելն է: Իսկ ինչո՞ւ չհիմնի լսարանային թանգարան, կհավաքեն Արցախյան ու ապրիլյան կռվի հերոսների, հայրենիքը պաշտպանելիս քաջաբար զոհված բոլոր տղաների պատմությունը, հերոսական դրվագները կշարեն կողք կողքի ու կպատմեն մարդկանց: Մարդիկ կգան լսարանային թանգարան, ամեն անգամ մի նոր հերոսական պատմություն կտանեն, կտարածեն երկրով մեկ, սերմի պես կցանեն մարդկանց հոգիներում, որից կծնվի հայրենասիրություն, խիզախություն, արժանապատվության բերքը…

Փո՞ղ է պետք: Ոչինչ, մեքենան կվաճառի: Թե վաճառելու բան չմնաց, կաշխատի, կվաստակի, հո իզուր չէ միաժամանակ երկու բուհում սովորում՝ Ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության բաժիններում:

…Տիգրանը չէր սիրում խոսել իր երազանքներից, ու Ժորան չի պատմում, թե ինչու է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներն ու իրավագիտությունը համադրել: Միայն ասում է՝ մեզ լավ զենքեր են պետք՝ խրամատային պատերազմին հարմար:

Հրաժեշտ տալիս Ժորան ասում է.

-Կյանքը գործ է: Մահը խլում է քո գործելու հնարավորությունը, երազանքներդ թողնում անավարտ: Տիգրանը հաղթեց մահին, նրա գործն ապրում է, նրա երազանքներն ու նպատակները իրականանում են: Ուրեմն՝ տանկիստ Տիգրան Աբգարյանն ապրում է՝ առաջին աստիճանի «Մարտական խաչը» կրծքին է ապրում:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Բանակ և հասարակություն


30/05/2019