Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎԱԾ Է, ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ…



ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎԱԾ Է, ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ…Հակաօդային պաշտպանությունն առանձնահատուկ եւ անգնահատելի դեր ունի ռազմական անվտանգության համակարգում: Ժամանակակից մարտում որոշիչ հարվածը հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարձակումների կանխողն ու կասեցնողը հակաօդային պաշտպանություն իրականացնողներն են՝ օդային դարպասների մշտարթուն ժամապահները: Եղանակային ամենատարբեր պայմաններում, գիշեր թե ցերեկ, նրանք աչալրջորեն հսկում են մեր օդային սահմանների անառիկությունը:

ՀՕՊ համակարգի արդյունավետ աշխատանքը սերտորեն փոխպայմանավորված է կադրերի պատրաստման, ռազմական կրթության հետ:

 

Փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ենք՝ ՀՕՊ կրտսեր հրամանատարների «դարբնոցում»: Ուսումնական եռուն գործընթաց է ամենուր. ժամկետային զինծառայողները մասնագիտական պատրաստություն են անցնում: Մի տեղ վարժասարքերով խոցում են մոնիտորին երեւացող շարժական թիրախները՝ լեռնանտառային կտրտված տեղանքում իրականացնում են դիտարկում, հայտնաբերում սահմանագիծն անցած հակառակորդի օդային օբյեկտներն ու խոցում: Մեկ այլ հատվածում էլ ավագ լեյտենանտ Վահրամ Լոռեցյանն է պարապմունք անցկացնում: Կուրսանտ Գրիգորյանը մանրամասն ներկայացնում է «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգի մարտավարատեխնիկական բնութագիրը, խոցման հեռավորությունը, թիրախի խոցման բարձրությունը:

Հստակ, անսխալ պատասխաններն ու վարժությունների անթերի կատարումը խոսուն վկան են կատարված հետեւողական աշխատանքի:

-Այսօրվա լավ պատրաստվածությունը վաղվա հաջողության գրավականն է,- նշում է զորամասի հրամանատարի ուսումնական գծով տեղակալ, մայոր Հովհաննես Պողոսյանը: -Պետք է գերազանց տիրապետել զինատեսակին, ամենատարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել եւ ճշգրիտ հարվածներ հասցնել վայրկյանների ճշգրտությամբ, հապաղելը կարող է ճակատագրական լինել:

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներն իրենց գործը պատվով, գերազանց կատարեցին, նրանց շարքում քիչ չէին հենց այս ուսումնական զորամասում մասնագիտական գիտելիքներ ստացած զինվորները: Մայորն ինքն էլ անցել է ապրիլյան թոհուբոհով եւ ուսումնական գործընթացում չափազանց կարեւորում է ամեն րոպեն ու վայրկյանը:

Կուրսանտները տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնական պարապմունքներով՝ զորային «ստաժավորում» անցնում, դաշտային ելքերի ժամանակ հմտանում մարտական կրակ վարելով:

Ժամանակի հետ փոխվում են զինատեսակները, համալրվում եւ կատարելագործվում: Բնականաբար, արդիականացվում են նաեւ ՀՕՊ միջոցները: Դրան զուգահեռ նաեւ ուսուցման ծրագրում են կատարվում փոփոխություններ, մշակվում են մեթոդական համապատասխան ուղեցույցներ:

ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎԱԾ Է, ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ…-Զորամասում բոլոր պայմանները կան մասնագիտական գիտելիքները հնարավորինս կատարելագործելու եւ խորացնելու, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ֆիզիկական պատրաստվածությանը,- ասում է շարքային Միքայել Այվազյանը: Միքայելը Հայաստանի Ամերիկյան համալսարանում է սովորում: -Զորահավաքակայանում մի քանի հարց տալուց հետո որոշեցին, որ պետք է ծառայեմ ՀՕՊ զորամասում: Մեզ պատմել են, որ զորամասում ուսումական փուլն անցած շատ ժամկետայիններ ապրիլյանի ժամանակ թշնամու անօդաչու թռչող սարքեր են խոցել, մեր զորամասում ծառայած հրաձիգ-զենիթահար Գեւորգ Մանուկյանը «Իգլայով» թշնամու մարտական ուղղաթիռ է շարքից հանել, եւ նրա անունը գրանցված է զորամասի Պատվո գրքում: Վստահեցնում եմ, նրանց նման արժանապատիվ կծառայենք, իսկ առայժմ աշխատում ենք հնարավորինս արդյունավետ օգտագործել ժամանակը՝ բարձր մակարդակի հասցնել զինվորական գիտելիքները, մենք մեր բանակի օդային սահմանների ժամապահներն ենք, իսկ ժամապահները սխալվելու իրավունք չունեն:

ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎԱԾ Է, ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ…

 

-Ամեն զինվոր պետք է մշտապես կատարելագործի մասնագիտական որակները, հստակ գիտակցի իր դերն ու պատասխանատվությունը հայրենի եզերքն ամուր պահելու գործում,- զրույցին միանում է Մինաս Մալոդյանը: Մինասը պետական համալսարանի Կառավարում բաժնում է ուսանում: -Եղբայրս 11 տարեկան է, այնքան եմ պատմել ծառայությունիցս, որ ինքն էլ վճռականորեն նպատակադրվել է հակաօդային դառնալ: Եղբորս ասել եմ, որ լավ սովորի, ֆիզիկապես ամրանա, այս մասնագիտությունը պահանջում է կրթական բարձր մակարդակ: Զենիթային հրաձիգը պետք է լավ պատրաստված լինի, արագ կողմնորոշվի: Մեր զենքը ենթադրում է նաեւ ակնթարթային կողմնորոշում:

 

ՕԴԱՅԻՆ ԹԻՐԱԽԸ ԽՈՑՎԱԾ Է, ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ…-Զարգացնել գիտելիքներն ու կատարելագործել հմտությունները՝ սա ամենագլխավորն է, լավ պատրաստվածությունը ամրացնում է վստահությունդ,-«բանաձեւում է» կուրսանտ Գաբրիել Զուրաբաշվիլին ու թվարկում ռադիոտեղորոշիչ մասնագետների գործի կարեւորությունը օդային տարածք խուժած անգամ ամենափոքր ու աննկատ նշանակետերը ժամանակին հայտնաբերելու գործում….

Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող է Զուրաբաշվիլին: Փորձում եմ ազգանվան արմատները ճշտել:

-Հայրս վրացի է, մայրս՝ հայ, ես Հայաստանում եմ ծնվել-մեծացել, այնպես որ՝ լիարժեք հայ եմ: Ուսումնական զորամասում զինվում ենք գիտելիքով, որ հակառակորդի օդուժի սպառնալիքները չեզոքացնենք: Մենք մեր հայրենիքի օդային վահանն ենք….

♦♦♦

Ուսումնական զորամասում վեց ամիս վերապատրաստվելուց հետո երիտասարդները կհամալրեն նախանշված զորամասերը, իսկ հիմա դեռ կրակում են վարժասարքերով:

Մոնիտորի վրա oդային թիրախը խոցված է, գնահատականը՝ գերազանց:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/05/2019