ՄԵԾ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է
Բաշ Ապարանի ջոկատի հրամանատարությունը դրվեց դաշնակցական պարագլուխներից մեկի՝ Դրաստամատ (Դրո) Կանայանի վրա։ Պետք է ամենայն անկեղծությամբ ու ափսոսանքով խոստովանել, որ մինչեւ այժմ հայ ժողովուրդն արժանին չի հատուցել նշանավոր ճակատամարտում իր ռազմիկների ու ժողովրդական աշխարհազորի անօրինակ հերոսությանը, նրանց պատվին հուշարձան չի կանգնեցրել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
(«Հուշեր», 1977)
Ապարան քաղաքի հյուսիսային դարպասների մոտ՝ բարձունքին, վեհասլաց կանգնած է հայրենիքի համար ընկած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը։
Հուշարձանի վեհ սլացքը ներդաշնակվում-ձուլվում է տեղանքին։ Հզոր ոգի կա կոթողի մեջ, կերպար ու սիմվոլ, ուժ ու վեհություն, հերոսություն ու անխորտակ կամք։
Հուշարձանն ուրվագծվում է շատ հեռվից։ Թիկունքը գոտեւորված է տարբեր չափի սյուներով, որոնք խորհրդանշում են ժողովրդի անխորտակ կամքը. մարդիկ մեջք մեջքի կանգնած են թշնամու դեմ, եւ այլեւս անհնար է նրանց հաղթել։ Դիմացից հուշարձանը նման է խոնարհված եկեղեցու։ Կարծես հրաշքով պահպանվել է եկեղեցու մի հատվածը՝ կենտրոնական մեծ, երկու կողմերում ավելի փոքր ու ավելի ցածր խորաններով։
Հուշարձանը մարմնավորում է հայ ժողովրդին։ Վերնամասում այն բաժանված է երկու մասի։ Հայ ժողովրդի երկու հատվածներն են դրանք։ Մեծը Արեւմտյան Հայաստանն է, որ ավերվեց թուրքերի կողմից, ամայացավ։ Նրան է նվիրված խորաններից առաջինը՝ ձախակողմյանը։
Վերնամասի փոքր հատվածը Արեւելյան Հայաստանն է։
Կենտրոնական բարձր խորանում կանգնեցված հուշասյունը նվիրված է Բաշ Ապարանի ճակատամարտի հերոսներին։ Աջակողմյան խորանում կանգնեցված հուշատախտակը մարմնավորում է 1941-45 թվականների Մեծ հայրենականում զոհված ապարանցիների հիշատակը։
Հուշարձանն ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի վերջին աշխատանքն է՝ կարապի երգը։ Ճարտարապետը չխախտելով դարերից եկող ապարանյան հուշարձանների ավանդույթը՝ այս հուշարձանի համար նույնպես ընտրեց տեղական սեւ տուֆը, որն առանձին շուք է տալիս քսան մետր բարձրությամբ, քսանմեկ մետր լայնությամբ կառույցին։
Հուշարձանի թիկունքին ամբողջ լայնությամբ ձգվող հարթ ժապավենի վրա մոնումենտալ տառերով փորագրված է. «Հայրենիքի համար ընկած մարտիկների հիշատակին»։
Հուշարձանը կառուցել է քարագործ հայտնի վարպետ Հայկ Պողոսյանը։
Կատարվեց մեծ զորավարի երազանքը՝ 1979 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ «Վերածնունդ» հուշարձանի հանդիսավոր բացումը, որին բախտ ունեցավ մասնակցելու նաեւ ինքն անձամբ։ Դա Հովհաննես Բաղրամյանի երկրորդ այցելությունն էր Ապարան։ Առաջինը եղել էր ուղիղ 61 տարի առաջ՝ 1918 թվականի դժնդակ մայիսի վերջին։ Այս անգամ ապարանցիները ցնծությամբ, աղ ու հացով, ծաղիկներով, երգ ու պարով դիմավորեցին լեգենդար հերոսին։ Նա եկել էր գլուխ խոնարհելու հայրենիքի համար ընկած մարտիկների, իր զինակից ընկերների հիշատակին կառուցված հուշարձանին։ «Վերածնունդ» հուշարձանի հուշամատյանում նա գրեց.
«Առաջին անգամ ինձ՝ այն ժամանակ Հայկական 1-ին հեծյալ գնդի երիտասարդ սպային, բախտ է վիճակվել Ապարանում լինելու 1918 թվականի մայիսի վերջերին։ Այն վաղեմի տարիներից անցել է ավելի քան 60 տարի։
Չափազանց ուրախալի է, որ ապարանցիները լավ են հիշում հայ ժողովրդի պատմությունը, նրա հերոսական պայքարը թուրքական բաշիբոզուկների դեմ, ռուս մեծ ժողովրդի գլխավորությամբ, Սովետական Միության մյուս ժողովուրդների հետ միասին նրա ակտիվ պայքարը հիտլերյան զավթիչների դեմ։ Դրա համոզիչ վկայությունն է նրանց կողմից կառուցված հոյակապ հուշարձանը, որն այսօր հանդիսավորապես բացվեց՝ ի նշան անկեղծ հարգանքի բոլոր հերոսների հանդեպ, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն ժողովրդի երջանկության՝ ի նշան խորին հարգանքի ցեղասպանության զոհերի հիշատակի, որ իրականացվեց սուլթանական Թուրքիայի կողմից մեզ համար ողբերգական 1915 թվականին։
Վերջում ես ցանկանում եմ արժանին հատուցել բոլոր նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այս հիրավի հոյակապ հուշարձանի նախագծելուն եւ կառուցելուն»։
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՇԱԼ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
28-ը մայիսի 1979 թվական
Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում