Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆ



«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱԿՆԱՐԿՆԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՆՈՐ ՈՍԿԵԴԱՐ» ՄՐՑԱՆԱԿԻՆԳայանե Պողոսյանի՝ հերոս սպաների ու զինվորների մասին պատմող  ակնարկները  Համահայկական գրողների միության և «Սիմոն Դեդեյան»  հիմնադրամի կազմակերպած արդի գրականության և արվեստի «Նոր Ոսկեդար» մրցույթում ճանաչվեցին լավագույնը և հեղինակին արժանացրին մրցանակի:

-Գայանե ջան, շնորհավորում եմ գրական-գեղարվեստական մրցույթում հաղթելու կապակցությամբ, ու քանի որ սա քո չորրորդ մրցանակն է, ուզում եմ հարցնել, թե ինչո՞վ են տարբերվում այդ մրցանակները միմյանցից, եւ ո՞ր հոդվածներն են առավել բարձր գնահատվել մասնագետների կողմից:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Առաջին մրցանակը ես ստացել եմ Կրթության եւ գիտության նախարարության եւ Լեզվի պետական կոմիտեի կողմից՝ հայ լրագրության մեջ ներդրած ավանդի, մայրենիի անաղարտության պահպանման եւ ուշագրավ հրապարակումների համար: Իմ գրեթե ամբողջ լրագրողական գործունեությունը կապված է «Հայ զինվոր» հանդեսի հետ: Կրթության եւ գիտության ու Լեզվի պետական կոմիտեի մրցանակը ստացել եմ բացառապես «Հայ զինվոր» հանդեսում ծավալած գործունեության համար:

Երկրորդ մրցանակը գեղարվեստական փաստավավերագրության միջազգային ակադեմիայի Ոսկե մեդալն էր, որն ստացել եմ հայ արվեստագետների հետ իմ մոտ երեք հարյուրյակի հասնող հարցազրույցների համար: Այդ զրույցները բանակ-մշակույթ առնչությունների համատեքստում ներկայացնում են արվեստագետի անցած ճանապարհը, գործունեությունը, արձանագրում են նրա մտորումները ազգային  բանակի, հայոց մշակույթի, պետության ու համազգային հրատապ խնդիրների մասին: Միջազգային ակադեմիայի կենտրոնը Մոսկվայում է, իր մասնաճյուղերն ունի տարբեր երկրներում եւ գնահատում է գեղարվեստական վավերագրության ձեռքբերումները: «Հայ զինվորում» զետեղված հարցազրույցները ներառել են վերջին քսանամյակի բոլոր  հայ երևելի արվեստագետներին և «Հայ զինվորի» հրապարակումների մեջ նշանակալի տեղ ունեն:

Երրորդ մրցանակն ստացել եմ Ժուռնալիստների միության և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած համահայկական մրցույթում, որին մասնակցում էին աշխարհի բոլոր հայալեզու լրատվամիջոցները: Եվ ակնարկի ժանրում իմ հոդվածները ճանաչվեցին լավագույնը: Այդ մրցանակը շատ պատվաբեր ու թանկ է ինձ համար, որովհետեւ մրցույթում հաղթել էին ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորների ու սպաների սխրանքի մասին պատմող ակնարկներս:

Չորրորդը «Նոր Ոսկեդար» մրցանակաբաշխության մրցանակն էր, որն ստացել եմ 2018թ. գրված ակնարկներիս համար:

-Դարձյալ ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորների ու սպաների մասի՞ն…

-Ոչ միայն: Այս մրցույթում ներկայացված էին նաև  խաղաղության ժամապահների՝ սահման պահող սպաների ու զինվորների ամենօրյա սխրանքի մասին պատմող ակնարկներս:

Մրցույթում ընդգրկված 300 աշխատանքից մրցանակի արժանացան 25-ը: Մրցույթը բավականին բարձր նշաձող ուներ. մասնակցում էին բազմաթիվ ճանաչված արվեստագետներ, գրողներ, գիտնականներ: Հաղթողների շարքում էին ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, Հաղթանակ Շահումյանը, Կամո Արիացին, վաստակավոր քանդակագործ Միսաք Մելքոնյանը,  երգահան Գուսան Հայկազունը, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Հետմահու մրցանակ հանձնվեց գրող Վիկտոր Հովսեփյանին, մրցանակներ ստացան հայագետ-պատմաբաններ Վլադիմիր Պետրոսյանը, Գաբրիել Սուլթանյանը, վաստակավոր շինարար Վազգեն Պողոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու շինարարության համար, Սոնա Տիգրանյանը՝ Լոս Անջելեսից՝ Սփյուռքի հայկական դպրոցների որակյալ դասագրքերն ստեղծելու համար, հայ մշակույթի նվիրյալ Սիմոն Դեդեյանն ու այլք:

-Իսկ լրագրությա՞ն ժանրում:

-Լրագրության ժանրում միակ մրցանակակիրը ես էի: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը մի հրաշալի նախաձեռնություն ևս իրականացրեց: Նա մրցանակաբաշխության Երախտագիտության գավաթները հանձնեց առյուծածին մայրեր Համեստ Ներսիսյանին, Ալլա Զոհրաբյանին եւ Մարինե Հովհաննիսյանին…

-Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Արմեն Հովհաննիսյանի մայրերին:

-Այո՛: Ինձ համար մեծ պատիվ էր մրցանակ շահել անվանի արվեստագետների կողքին, բայց առավել մեծ հպարտություն էր, որ ես՝ որպես ՊՆ «Հայ զինվոր» հանդեսի լրագրող, ներկայացրի բանակը, մեր հերոս սպաներին ու զինվորներին, նրանց  հաղթական կռիվը՝ հանուն հայրենիքի ազատության ու հայ ժողովրդի արժանապատվության, նրանց ամենօրյա սխրանքը սահմանին:

-Ճի՞շտ է, որ մրցանակաբաշխության ժյուրին ցանկացել է քեզ երկու մրցանակ շնորհել՝ մեկը զինվորների ու սպաների մասին պատմող ակնարկների, մյուսը՝ «Սլոն» պատմվածքի համար, սակայն մրցանակաբաշխության կարգը չխախտելու համար որոշել են «Սլոն» պատմվածքն ընդգրկել հաջորդ մրցանակաբաշխության կազմում:  Դա քո առաջի՞ն գեղարվեստական գործն է:

-Դասական բնորոշմամբ՝ «Սլոն» ավելի շատ ակնարկ է, քան պատմվածք, որովհետեւ իրական պատմություն է իրական մարդու մասին: Ինչպես իմ բոլոր ակնարկները: Սակայն այդ գործի գեղարվեստականությունը հաշվի առնելով՝ այն պատմվածք են կոչում: Ես բազմաթիվ ակնարկներ ունեմ, որոնք պատմում եմ իմ մանկության մարդկանց մասին: Ու եթե այդ պատմությունները շատանան, սիրվեն, գուցե մի օր առանձին գրքով կներկայացնեմ ընթերցողին:

-Ի՞նչ է տալիս մրցանակը արվեստագետին, գրողին, լրագրողին:

-Մրցանակ ստանալիս միշտ այնպիսի զգացողություն ունեմ, ասես դրանով ինձ հուշում են նոր որակ, նոր արժեք ստեղծելու հրամայականը: Դրանք նման են ծափերի, որոնք արձանագրում են հնի ավարտն ու նորի սկիզբը: Մրցանակները շատ ուրախալի են ու առավել ևս՝ պարտավորեցնող:

-Գայանե ջան, կրկին շնորհավորում եմ՝ այս անգամ արդեն ե՛ւ քեզ, ե՛ւ «Հայ զինվոր» հանդեսի յուրաքանչյուր աշխատակցի, որովհետև «Հայ զինվորում» հրապարակված հոդվածներին տրված մրցանակը մեր բոլորի մրցանակն է:

Մրցանակաբաշխությունը շատ գեղեցիկ էր կազմակերպված: Դեռ դահլիճից զգացվում էր արվեստի ու ոգեղենության շունչը: Բեմում ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի կտավներն էին ու քանդակագործ Միսաք Մելքոնյանի քանդակները: Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի բացման խոսքը նույնպես շատ ոգեղեն էր: Նա ասաց, որ հայ արվեստը ու գրականությունը թևակոխել են նոր նվաճումների, նոր պայքարի ու հաղթանակի «Ոսկեդար», ու իրենք որոնում են նոր Ոսկեդարի շեփորահարներին: Միջոցառման ժամանակ հնչեցին ռազմի երգեր մրցանակակիրներից մեկի՝ երգահան Գուսան Հայկազունի կատարմամբ: Մրցանակ ստացավ նաեւ ապրիլյան պատերազմին մասնակցած զինվոր, երգահան Արթուր Խաչենցը: Միջոցառումն ընդմիջվում էր հայրենասիրական բանաստեղծություններով ու ոգեշունչ երգերով: Հայրենիքը (նրա ուժը, ոգին, հպարտությունը, փառքը) միջոցառման հենքն ու առանցքն էր:

 

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Հոգևոր-մշակութային


06/06/2019