Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐԸ



ՀԶՈՐԸ…Հակառակորդի կացարանից մոտ 30 մետր էի հեռու: Զգույշ առաջ էի գնում, պատրաստվում էի մտնել ներս, ու… երևի կռահել էին, որ գալիս եմ. շներին քսի էին տվել, բայց չէին պատկերացնում, որ այդքան մոտ եմ: Ոչ մի բանի ուշադրություն չէի դարձնում, հանգիստ առաջ էի գնում: Մեկ էլ ճանապարհին մի հաղթանդամ ադրբեջանցի զինվորական հայտնվեց: Տարբերվում էր մյուսներից. շատ ինքնավստահ էր, իրենից գոհ, գլուխը ցցած քայլում էր: Կրակեցի, ընկավ, ու արդեն այլ տարբերակ չունեի, ստիպված էի վերադառնալ: Իրենց տեսախցիկներն աշխատում էին, ազդանշանային համակարգն էլ միացավ, եթե շարունակեի առաջխաղացումս, կհայտնաբերեին: Կարևորը՝ խնդիրս կատարեցի. օրեր առաջ մեր զինվորներից մեկին խփել էին, վրեժը լուծեցի: Մի քանի օր անց ստացած հետախուզական տվյալներից իմացանք, որ ոչնչացված ադրբեջանցին մեր զինվորին խփողն է եղել, պիտի գնար պարգևատրվելու, դրա համար էլ այդպես գոհ-գոհ պտտվում էր: Իրեն արժանի «պարգևն» ստացավ…

 

Զրուցակիցս պայմանագրային զինծառայող է, պատմում է անցած-գնացած դեպքերի մասին: Տարիներ անց էլ ծառայողական յուրաքանչյուր դրվագ հիշում է ամենայն մանրամասնությամբ: Մարտական դժվարին առաջադրանքների մասին պատմում է այնպես թեթև, թվում է՝ մարտաֆիլմ ես դիտում, թեև չափազանց կարևոր ու պատասխանատու հանձնարարություններ է կատարել, այդ թվում՝ հակառակորդի թիկունքում: Հասկանալի պատճառներով ո՛չ դեմքը կարող ենք ցուցադրել, ո՛չ էլ իսկական անունը նշել: Նույնիսկ ընտանիքի անդամները, հարազատները շատ բաներ չգիտեն նրա անցած ուղու մասին, միայն պարգևատրումների ժամանակ իմացել են, որ ինչ-որ կարևոր ու լավ բան է արել:

Նա մեկն է այն հզորներից, որ հարկ եղած դեպքում դաս են տալիս հակառակորդին, պատժիչ գործողություններ իրականացնում:

-Երբևէ թույլ չենք տվել, որ հակառակորդը մտքով անգամ անցկացնի, թե ինչ-որ հարցում հաղթած է, ինչ էլ փորձել է անել, կրկնակի հակահարված է ստացել: Ձգտել ենք, որ մեր ժողովուրդն էլ իմանա՝ իրենց ընկած զավակների վրեժը լուծվում է: Թեև հակառակորդի հազար զինվոր էլ խփես, միևնույն է, մեր մի կորուստն ավելի մեծ է: Միշտ վախի մեջ ենք պահել, որ չկարողանան լուրջ խնդիր կատարել: Տարբեր բաներ ենք արել, ամենակարևորը` ոչ մի սադրիչ քայլ անպատասխան չի մնացել: Ու հիմա էլ չի մնում: Մի կրակոցին պիտի տասնապատիկ պատասխանես, այդպես հակառակորդն ավելի լավ է խրատվում: Տարիներ առաջ, երբ մեր զորամասի պայմանագրային ծառայողներից մեկին խփեցին, պայթեցրինք այն հենակետը, որտեղից արձակվել էր կրակոցը: Դրանից հետո տվյալ ուղղությամբ կրակոցները դադարեցին:

Հակառակորդի թիկունքում կատարված գործողությունները միշտ էլ պատժիչ բնույթ են կրել: Բայց երբեմն դրանք կատարվել են ցուցադրաբար, հատուկ ենթատեքստով, ինչպես 2014թ. հունվարին:

-Հակառակորդը նորից որոշել էր ակտիվանալ: Դիվերսիայի փորձ էին արել, մեր տղաներից մեկին էին սպանել՝ կրակելով դիտախորշի արանքով: Որոշումը հստակ էր՝ էնպես անել, որ իրենց կաշվի վրա մեծ ցավ զգան: Տվյալ դիրքի ամբողջ անձնակազմը՝ 14 հոգի, վերացրինք: Դա մեր անհամաչափ պատասխանն էր նրանց գործողություններին: Այդ խնդիրը կատարելուց հետո տևական ժամանակ սահմանին ընդհանրապես կրակոց չհնչեց:

Մի դեպք էլ պատմեմ: Ձմեռ էր: Իջանք ձորն ու տեղ-տեղ սառցակալած գետի միջով գնացինք, հարմար դիրքավորվեցինք: Հենց կացարանից դուրս գալիս խփեցինք չորսին: Հետաքրքիրն այն է, որ նման դեպքերում իրենք չեն հայտնում իրենց զոհերի մասին, կամ էլ այդքանից միայն մեկի զոհվելու փաստն են ընդունում: Բայց մենք հստակ դիտարկել ենք բոլոր դեպքերը, համոզվել, որ հակառակորդը ոչնչացված է: Իրենց համար զինվորը երևի եղած-չեղած մի հաշիվ է:

Մեր զրուցակցի մասին պատմող հաջորդ դրվագը նրա ոգու և մարմնի հզորության նկարագրությունն է: Ֆիլմերում նման դրվագ տեսնելիս բոլորս էլ կասենք, որ հորինվածք է, բայց, ո՛չ, սա իրականություն է:

-Ականապատում էինք տարածքը: Դրանից երկու օր առաջ էլ նույն տարածքում գործ էին արել: Ավարտելուց հետո հայտնեցին, որ ական է պայթել, նորից գնացինք ականադաշտ: Հնարավոր է` ականների տեղերը հստակ նշված չէին,  կամ  հակառակորդն էր հաջողացրել գիշերը տեղերը փոխել, փաստն այն է, որ հրամանատարս ականի վրա պայթեց և ծանր վիրավորվեց: Նրան գրկեցի, բարձրացրի, առաջացա, որ հանեմ ականադաշտից, քիչ հեռու ականը պայթեց, հողը լցվեց վրաս: Ես էլ դեմքից վիրավորվեցի, բայց ոտքի վրա կանգնած մնացի: Մի երիտասարդ լեյտենանտ ունեինք, մինչև կհասցնեի ասել՝ կանգնի՛ր, մի՛ արի, ոտքը դրեց ականի վրա ու… նորից պայթյուն: Նորից հող լցվեց վրաս, բան չէի տեսնում: Երևի մի սխալ քայլ արեցի ու մեկ էլ ես պայթեցի՝ հրամանատարին գրկած: Կարողացա ինձ պահել, չընկնել ու հրամանատարին չգցել: Իրար պահեցինք, վերքերը կապեցինք ու դուրս եկանք ականապատ դաշտից: Ծանր դեպք էր, ինչ խոսք, բայց, փառք Աստծո, ողջ եմ, իմ հողի վրա ամուր դնում եմ ոտքս:

Նրա հետ միասին քայլելիս չես կռահի, որ ոտնաթաթի մի մասն այդ օրը կտրվել է: Քայլում է արագ, վստահ: Պրոթեզից հրաժարվել է, չի հարմարվել: Այդ ոտքով էլ մարտական խնդիր է կատարում:

Զրուցում ենք նմանատիպ առաջադրանքներ կատարելու համար պահանջվող մասնագիտական ու մարդկային որակների մասին:

-Հակառակորդի թիկունքում ոչ բոլորն են ունակ խնդիր կատարելու: Այդ գործին պետք է նվիրվել: Գործողությանը մասնակցողներն իրար հանդեպ անվերապահ հարգանք, վստահություն պետք է ունենան: Այնքան կարևոր է, երբ կողքիդ քայլող ընկերդ նվիրվում է քեզ, դու էլ նրան: Քաղաքացիական կյանքում հնարավոր է լավ կամ վատ հարաբերություններ ունենալ ծառայակիցների հետ, բայց սահմանին բոլորս եղբայրներ ենք:

Ժամանակի ընթացքում սովորում ես լինել շատ հանգիստ, որովհետև լարվածությունը խանգարում է ամենաթեժ պահին: Ամեն մարդու բան չէ սա: Եղել են դեպքեր, երբ գերազանց պատրաստված տղաներն այնտեղ կորցրել են ինքնատիրապետումը կամ չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել: Դրա համար էլ նախապես շատ լուրջ ընտրություն ենք կատարում: Չի եղել մի դեպք, որ գնանք, հասնենք թիրախին ու չկատարենք խնդիրը: Պարզապես, երբեմն լավ կազմակերպված պաշտպանության ենք հանդիպել, հաշվարկել ենք, որ այդ պահին տվյալ տեղամասում հնարավոր չէ գործողություն կատարել, վերադարձել ենք ու մեկ այլ` առավել թույլ տեղամասում հարված հասցրել հակառակորդին:

Մեր նյութի հերոսը ծնվել, մեծացել է Տավուշի մարզում: Տեղանքին քաջածանոթ է: Շրջակա սարերն ու ձորերը, անտառները հինգ մատի պես գիտի: Մարտական հերթապահության օրերին վաղ առավոտից մինչև իրիկուն հենակետում չի մնում: Ինքնաձիգն ուսին, հավատարիմ շան ուղեկցությամբ շրջում է սահմանագծի երկայնքով, ձուլվում է բնությանը, դառնում անտեսանելի պահապան: Հարաբերական խաղաղություն է, բայց ամեն ինչ նրա հսկողության տակ է, և ցանկացած պահի մեր հերոսը կարող է անհրաժեշտ ու համապատասխան ծավալի խնդիր կատարել:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/06/2019