Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2019 ԹՎԱԿԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ



2019 ԹՎԱԿԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻՀայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի: Սա հայ ընտանիքի դարերով ձևավորված դիմագիծը, բարոյական արժեհամակարգը, ուժն ու գեղեցիկ ավանդույթները պաշտպանելու կոչ է, հայ ընտանիքի շաղախով պետության հիմքերը ամրացնելու հորդոր: 2019-ի տարեսկզբին մենք առաջնագիծը պաշտպանող դիրքերից մեկում տեղադրեցինք քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած խաչքարը, որն ընտանիք էր խորհրդանշում: Այն մեր համեստ տուրքն էր սահմանապահ զինվորների ու սպաների ընտանիքներին, որտեղ ծնվել, հասակ են առել ու դաստիարակվել մեր հայրենիքի ազատությունը, մեր ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կեցությունը պաշտպանող քաջերը: Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի՝ ընտանիք խորհրդանշող մեկ այլ խաչքար՝ պաշտպանական գերատեսչության շենքի հարևանությամբ, այսուհետև մեզ կհիշեցնի՝ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք:

2019 ԹՎԱԿԱՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻՀայ ընտանիքներում է կերտվում մեր հասարակության բարոյախոսությունը, հայ ընտանիքներում է ձևավորվում ազգային բանակի դիմագիծը, քանի որ ոչ ոք ու ոչինչ այնքան չեն ազդում նոր սերնդի կերպարի, աշխարհընկալման ու վարքի վրա, որքան ծնողների օրինակը, ընտանիքի բարոյական չափանիշներն ու արժեքները, տրամադրություններն ու գաղափարները:

…Երեխաների պաշտպանության օրը առաջին հերթին հայ ընտանիքի ամրությունը, բարեկեցությունը, անդորրն ու համերաշխությունը պաշտպանելու խորհուրդն ունի: Երեխան երջանիկ ու անհոգ է, երբ ընտանիքում կա սեր, փոխըմբռնում, բարեկեցություն: Երեխան կիրթ է, եթե ընտանիքում գիտեն կրթության հարգը: Երեխան հայրենասեր է, եթե հայրենիքը գերակա արժեք է նրա ընտանիքի համար: Երեխան դառնում է համարձակ, առաքինի ու վճռական մարդ, եթե այդ առաքինությունները մանկուց սերմանել են նրա հոգում: Իսկ զինվորի ոգին աննկուն ու հաղթական է սահմանին, եթե նա զգում է իր ընտանիքի ամուր, սիրով լի շնչառությունը իր թիկունքում: Ուրեմն՝ փայփայենք մեր ամենամեծ ազգային արժեքը՝ ուժեղ, հայրենապաշտ, սիրով ու հավատով լի, խոր արմատներով իր հողին ամուր կառչած, աշխատող-արարող, երկիր կառուցող, սահման պահող հայ ընտանիքը՝ որպես մեր դժվարին, բայց աննահանջ երթի առհավատչյա, որպես մեր բոլոր հաղթանակների ամենամեծ գրավական, որպես հզոր, պաշտպանված ու բարեկեցիկ Հայաստանի ամուր հենասյուն:

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


06/06/2019