ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հունիսի 3-ից 7-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:
Նիստը վարել են հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Հանձնաժողովի 14-րդ նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը, պայմանագրային-իրավական բազայի զարգացմանը, ինչպես նաև նախորդ՝ 13-րդ նիստին ընդունված որոշումների կատարմանը վերաբերող հարցեր, քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հանձնաժողովի հայկական և ռուսական կողմերի առանձին ոլորտների մասնագետների միջև անցկացվել են աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ: Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ու մարմինների ներկայացուցիչներ:
Հունիսի 6-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում հայկական և ռուսական կողմերի համանախագահողները ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի Արձանագրությունը: