ՈՂՋ ՄՆԱԼՈՒՍ ՀԱՄԱՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԵՄ ՊԱՐՏԱԿԱՆ
Արդեն ավելի քան 90 տարի Հայաստանի ԴՕՍԱԱՖ –ը պատվով է կատարում իր առաջ դրված խնդիրները` մնալով ՀՀ պաշտպանության նախարարության հավատարիմ օգնականը: Բազմաթիվ ուսումնական հաստատություններում այս հասարակական կազմակերպությունը իրականացնում է տարբեր ռազմական մասնագիտությունների ուսուցում, ռազմահայրենասիրական ուղղվածության միջոցառումներ: Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ը մեծ ուշադրություն է դարձնում նախազորակոչային երիտասարդների մարզատեխնիկական հմտությունների մակարդակի բարձրացման հարցին, բարձրորակ մասնագետներ պատրաստում և ուղարկում հայոց բանակ:
Այսուհետ «Գերխնդիրը հայրենիքի պաշտպանությունն է» խորագրի ներքո մենք կներկայացնենք ՀՀ ԴՕՍԱԱֆ հասարակական կազմակերպությունում այդ գործի կազմակերպիչներին, բանակի նվիրյալներին:
Պահեստազորի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Արա Մուրադյանին հանդիպեցի ժողովրդի մեջ, ԴՕՍԱԱՖ անունով հայտնի համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում, որտեղ նա ղեկավարում է ավելի քան մեկ տասնյակ ստորաբաժանումներից մեկը, իր նպաստը բերում հայոց բանակը ռազմատեխնիկական մասնագետ կադրերով համալրելու գործում: Այդ օրը նրա հյուրերն էին մի խումբ դպրոցականներ՝ ապագա զինվորներ, որոնք ուսումնասիրում էին սակրավորի գործը, ականազերծման աշխատանքների հիմունքները: Այստեղ, հատուկ առանձնացված և հավուր պատշաճի կահավորված սենյակում, ցուցադրվում են հակատանկային, հակահետևակային ականներ, դրանց մոդելներն ու կտրվածքները, վնասազերծման գործիքներ, դիդակտիկ նյութեր: Իսկ գնդապետ Մուրադյանի՝ իրական կյանքից վերցված հետաքրքիր պատմությունները, իր և մարտական ընկերների գլխով անցած դեպքերի ու դիպվածների նկարագրությունն է՛լ ավելի պատկերավոր ու տեսանելի են դարձնում նյութը, ապագա զինվորներին պատրաստում գալիք մարտահրավերներին:
Երբ 1982թ. Արա Մուրադյանն ինժեներ-ականազերծողի մասնագիտությամբ ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետն ու ինստիտուտի ռազմական ամբիոնը, մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ ստացած գիտելիքները պետք կգան պատերազմում: Պատերազմն ու դրա հետևանքները նրան ծանոթ էին ցարական բանակի բարձրաստիճան սպա մշեցի պապի պատմություններից միայն:
Ավարտեց նաև Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան և, թեկնածուական թեզը պաշտպանելով, ստացավ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերին գիտության ճանապարհին հաջողություններ արձանագրող երիտասարդ գիտնականը հեռատեսորեն հասկացավ, որ բռունցքվելու, Արցախի անկախությունը պահանջելու վերջը պատերազմն է, ու իրեն նվիրեց կազմավորվող ջոկատներին զենք-զինամթերք մատակարարելու, այս դեպքում՝ ձեռքի տակ եղած միջոցներով պատրաստելու և կռվողներին հանձնելու գործին: Հետագայում անդամագրվելով ՀՀ պաշտպանության պետական կոմիտեին՝ Մուրադյանն ավելի ընդլայնեց իր գործունեության ոլորտներն ու արդեն ի պաշտոնե ձեռնամուխ եղավ բանակին սեփական ձեռքերով պատրաստած զենք-զինամթերքով ապահովելուն:
Խորհրդային Միությունը դեռևս գոյություն ուներ, և պատկան կառույցներն ակնդետ հետևում էին սահմանված կարգուկանոնի պաշտպանությանն ու խստորեն պատժում այն շրջանցել փորձողներին: Ավելորդ է ասել, որ զենք-զինամթերք պատրաստելն ու մարտական գործողությունների վայրեր առաքելը հղի էր լուրջ վտանգներով և, գրեթե, անհնար: Այդուհանդերձ, կային հայրենիքին անմնացորդ նվիրված, համարձակ ու անհրաժեշտ հմտություններին դեռևս տեսականորեն տիրապետող հայորդիներ, որոնք ձեռնամուխ եղան ձեռքի տակ եղած միջոցներով զենքեր պատրաստելուն: Զենք-զինամթերքը պատրաստվում էր տեղում, ինչպես ասում են՝ իրադարձությունների էպիկենտրոն դարձած Արցախում: Այստեղ կոլտնտեսությունների պահեստներում մնացած սելիտրայի, ծծումբի և փայտածուխի խառնուրդով ստացված սև վառոդն իր ցուցանիշներով չէր զիջում բանակին մատակարարվող գործարանային պայթուցիկ նյութերին:
1991 թվականին, ՀՀ պաշտպանության կոմիտեի կազմավորումից հետո, Արա Մուրադյանը խնդրեց իրեն ուղարկել Արցախի ամենաթեժ կետը՝ Մարտակերտի շրջան, որտեղ նա ընդգրկվեց արցախյան ազատամարտի նվիրյալ Արկադի Տեր-Թադևոսյանի պատվանունով անվանակոչված և նրա կողմից ղեկավարվող «Կոմանդոս» ջոկատի կազմում: Երբ հաղթանակով վերադարձավ առաջին մարտից, և Կոմանդոսը հարցրեց՝ ինչպե՞ս էր, Մուրադյանը կարճ պատասխանեց՝ ինչպես կինոյում: «Ցավոք, այդ կինոն բազմասերիանոց է», ժպտալով ասաց Կոմանդոսը:
1992թ. դեկտեմբերին այն ժամանակ դեռևս խորհրդային բանակում ստացած կապիտանի կոչումով Արա Մուրադյանի կողքին պայթած արկը վնասեց ողնաշարը: Մի քանի ամսվա ինտենսիվ բուժումներն ու օր առաջ մարտական ընկերներին միանալու անհագ ցանկությունը, գումարվելով ամենօրյա մարզանքներին, տվեցին ցանկալի արդյունք: Ամիսներ հետո Մուրադյանը մարտական ընկերների կողքին էր՝ մերժելով Վազգեն Սարգսյանի առաջարկությունը՝ բուժումը շարունակել Գերմանիայում:
-Գիտե՞ք,- տարիների հեռվից հիշում է Մուրադյանը,- հիվանդի, վիրավորի բուժման ելքը մեծ չափով կախված է հենց իրենից: Եթե մարդը հավատում է իր բուժմանը, աշխատում է այդ ուղղությամբ, հույսը չի կտրում, անպայման կառողջանա: Այսօր, վիրավորվելուց շուրջ 30 տարի հետո, Մուրադյանը, անսալով երբեմն-երբեմն մեջքում զգացվող տանջալից ցավերին, չի դադարում պահպանել սպային հատուկ ձիգ կեցվածքն ու քայլվածքը: -Բուժմանն ու երկարակեցությանը,- շարունակում է Մուրադյանը,- նպաստում են նաև առողջ ապրելակերպն ու կենցաղավարությունը: Չեմ ծխում, չեմ խմում, արթնանում եմ առավոտյան շուտ, զբաղվում մարմնամարզությամբ, քայլում եմ որքան հնարավոր է շատ. ահա գործոններ, որոնք նպաստում են առողջ մնալուն:
Այս և մարտադաշտում ճիշտ դրսևորվելու շատ խորհուրդներ կյանքի դժվարին ճանապարհ անցած ու իմաստնացած գնդապետը սիրով հաղորդում է նաև իր սաներին, որոնք դեռ դպրոցական նստարանից հաճախում են ԴՕՍԱԱՖ-ի տարբեր խմբակներ ու նախապատրաստվում զինվորական ծառայության:
Այսօր պահեստազորի գնդապետ Արա Մուրադյանն աշխատում է իր հրամանատարի՝ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ գործող ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում:
-Ի՞նչ կասեք Մուրադյանի մասին,- հարցնում եմ Կոմանդոսին:
-Երևի չգիտեք, որ Մուրադյանը հրաշալի քիմիկոս է,- պատասխանում է գեներալը,- նա ոչնչից կարողանում է արկեր, պայթուցիկներ պատրաստել: Հենց այդ պատճառով էի ես նրան միշտ կողքիս պահում: Իսկ Արան անընդհատ խնդրում էր՝ իրեն մարտի թողնեմ: Ես ընդդիմանում էի: Բա որ հանկարծ նրան խփեին, ինչո՞վ պիտի պայթեցնեինք: Իսկ երբ առաջին անգամ գնաց, հետո արդեն պահել չէր լինում… Առջևում Շուշիի ազատագրումն էր, Լաչինի միջանցքի բացումը: Եվ ամենուր Մուրադյանն առաջին շարքերում էր:
-Գիտե՞ք,- հրաժեշտից առաջ ասում է Մուրադյանը,- զինվորական ծառայության ընթացքում, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ առավել ևս, խիստ կարևոր են ընկերությունն ու փոխգործողությունները: Չափազանցություն չի լինի ասել, որ եթե ես այսօր ողջ եմ, պարտական եմ ընկերներիս, որոնք ինձ երբեք մենակ չթողեցին: Շատերն իրենց կյանքը տվեցին հրամանատարին, շարքային ընկերոջը պաշտպանելու համար: Փա՛ռք նրանց: Մեր պարտքն է վառ պահել նրանց հիշատակը և կարողանալ կանխարգելել գալիք պատերազմները, ապահովել հաղթանակը, եթե պատերազմն, այնուամենայնիվ, բռնկվի:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ռազմական
պատմաբան-վերլուծաբան
Խորագիր՝ #22 (1293) 12.06.2019 - 18.06.2019, Ազգային բանակ, Ճակատագրեր