Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ



Երեւանի թիվ 43 ավագ դպրոցում նոր ուսումնական տարին սկսել են Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված միջոցառումներով: Կազմակերպվել են բաց դասեր Եռաբլուրում, Զվարթնոցի տաճարում, Զորավար Անդրանիկի թանգարանում, երկրորդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվել է սպորտլանդիա, գիտական կոնֆերանս եւ ինտելեկտուալ խաղ` նվիրված հայոց պատմությանը: Իսկ սեպտեմբերի 27-ին դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ ամփոփվեց արվածը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Հ.Նաղդալյանը, բարձրաստիճան զինվորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, թաղապետարանի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ:

Դպրոցական երգչախումբը կատարեց հայրենասիրական եւ պատերազմական թեմաներով երգեր, միջին եւ ավագ դասարանների աշակերտները արտասանեցին հայրենասիրական թեմաներով բանաստեղծություններ, փորձեցին իմաստավորել մեր անկախության 20 տարիները: Միջոցառումն ուղեկցվում էր անկախության զորահանդեսի կադրերով: Աշակերտները ցուցադրեցին թատերական հուզիչ կոմպոզիցիա, որի ժամանակ հանդիսատեսը չկարողացավ զսպել արցունքները: Միջոցառման վերջում բեմահարթակ բերվեց հայոց եռագույնը, ապա որպես միասնության յուրօրինակ խորհրդանիշ` աշակերտները պարեցին հաղթական քոչարին:

Շնորհավորելով ներկաներին անկախության 20 -ամյակի առթիվ` տնօրեն Ռ. Մուրադյանը բոլորին մաղթեց անամպ երկինք եւ ստեղծագործ աշխատանք ազատ, անկախ հայրենիքում: Ազգային ժողովի պատգամավոր Հ.Նաղդալյանը պատգամեց աշակերտներին պահպանել հերոսների արյամբ ձեռք բերված անկախությունը: Գեներալ-մայոր Ս. Սաֆարյանն էլ համոզմունք հայտնեց, որ նոր սերնդի ներկայացուցիչները հաջողությամբ կշարունակեն մեր նոր պետության, հայոց ազգային բանակի կառուցումն ու հզորացումը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Բանակ և հասարակություն


04/10/2011