ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում Ռ.Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի՝ ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝ քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:
Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:
Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:
Խորագիր՝ Նորություններ