ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019 թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:
Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական և մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև զորակոչի արդյունավետության առավել բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018 թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաև զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը;
Նիստի ընթացքում 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի, նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ և հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների: