Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԸ` ՄԵԾ ՔԻՐՍԻ ԳԱԳԱԹԻՆ



Օրերս ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժինը նախաձեռնեց երկօրյա ուխտագնացություն դեպի Մեծ Քիրսի գագաթ (2742մ): ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձին նվիրված արշավը ուներ նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհուրդը, քանի որ արշավին մասնակցում էին ոչ միայն Արցախի տարբեր շրջանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլեւ Վրաստանից, Հայաստանից եւ պաշտպանության բանակի զինծառայողներից կազմված խմբեր: Արշավին մասնակցում էր նաեւ կանանց ջոկատը` բաղկացած նախկին ազատամարտիկ-վետերաններից:

Միաժամանակ, միջոցառումը հետապնդում էր երիտասարդների ակտիվ հանգստի կազմակերպման, բարոյակամային եւ ռազմահայրենասիրական որակների կատարելագործման, կյանքի դժվարություններին դիմակայելու ունակությունների զարգացման նպատակ:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի պալատում արշավի մասնակիցներին իր ողջույններն ու մաղթանքները հղեց նախարար Նարինե Աղաբալյանը: Դրանից հետո արշավախումբն ուղեւորվեց դեպի Քիրսավան:

Խմբի պատասխանատու, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Վիրաբյանը Արցախ աշխարհի գեղատեսիլ այդ անկյունում արշավի մասնակիցներին ծանոթացրեց արշավի կանոններին, ապա արշավախմբի անդամները մաքրեցին տեղանքը, տեղադրեցին վրանները եւ նախարարության կողմից նվեր ստացան ԼՂՀ 20-ամյակը խորհրդանշող մարզաշապիկներ:

Ընթրիքից հետո արշավի մասնակիցները խարույկի շուրջ հանդես էին գալիս հետաքրքիր ու զվարճալի պատմություններով, հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների կատարումներով: Առավոտյան վերկացից եւ նախաճաշից անմիջապես հետո 80 հոգանոց արշավախումբը ուղղություն վերցրեց դեպի Մեծ Քիրսի գագաթը: Կեսօրին արշավախումբը հասավ նվիրական բարձունքին, եւ ներկաների առջեւ բացվեց մի չնաշխարհիկ տեսարան:

«Այս ուխտագնացությամբ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր այսօրվա ազատությունը կերտողներին, մասնավորապես` հայրենիքի այս գողտրիկ անկյունը թշնամուց ազատագրողներին,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը:- Միջոցառումը նաեւ ռազմահայրենասիրական նշանակություն ունի, քանի որ հայրենաճանաչությունից է սկիզբ առնում հայրենասիրությունը: Հաջորդ նման միջոցառումներին կփորձենք ներգրավել ավելի շատ նախազորակոչային տարիքի երիտասարդների»:

«Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը «Մայրական երախտագիտություն» մեդալով պարգեւատրեց ՊԲ-ի տարբեր պաշտպանական զորամասերից ժամանած ութ լավագույն դիրքապահ զինծառայողներին: Մեդալները հանձնվեցին Քիրսավանում` խարույկի շուրջ: Ներկայացնում ենք ՊԲ լավագույն դիրքապահներին:

Զորամասի նռնականետորդ, շարքային ԳԱՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ իր կամքով եկել է հայրենիք` պարտքը կատարելու: Դեռեւս պատանեկան տարիներից որոշել է դառնալ զինվորական: Այդ նպատակով ՌԴ-ում երիտասարդական զինվորական դպրոց է հաճախել` ձգտելով ուսանել հետախույզի մասնագիտությունը: 2009 թ. զորակոչվելով ՊԲ շարքերը` իրեն դրսեւորել է որպես բանիմաց, ուշիմ զինվոր, դիրքապահի պարտականությունները լավ կատարելու համար արժանացել հրամանատարության խրախուսանքներին: Ազատ ժամանակ սիրում է զբաղվել սպորտով, իսկ զինծառայությունը իր կյանքի իմաստն է համարում: Որոշել է ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո դառնալ արհեստավարժ զինվորական:

Զորամասի հետախույզ, շարքային ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ իր ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու եւ աչալուրջ ծառայելու համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի եւ մի շարք այլ խրախուսանքների: Ժամկետային զինծառայությունից հետո որոշել է դառնալ զինվորական: Համարում է, որ զինծառայությունն ամենալավ նվերն է, որը մարդ կարող է տալ հայրենիքին:

Զորամասի նռնականետորդ, շարքային ԷԴԳԱՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԼՂՀ հասակակիցն է: Զորակոչվել է 2009թ.: Հրամանատարների հրամանները ժամանակին ու ճիշտ կատարելու համար արժանացել է մի շարք խրախուսանքների, ճանաչվել զորամասի լավագույն դիրքապահ: Զինծառայությունից հետո որոշել է սովորել որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Զորամասի գնդացրորդ, շարքային ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ զորակոչվել է 2009 թ.: Դիրքերում լավ ծառայելու համար հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքների, վայելում է եւ՛ ընկերների, եւ՛ հրամանատարների սերն ու հարգանքը:

Զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ ԱՐԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ զորակոչվել է 2009թ.: Ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես խելացի ու կարգապահ զինվոր` ձեռք բերելով ընկերների եւ հրամանատարների վստահությունը: Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից կատարված ստուգումների արդյունքում նրա ղեկավարած դիրքը ճանաչվել է զորամասի լավագույն դիրք, իսկ ինքը` լավագույն դիրքի ավագ: Մինչեւ բանակ գալը Արգարն աշխատել է որպես օպերատոր, ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, իր նկարահանած կարճամետրաժ ֆիլմով մասնակցել է «Ոսկե ծիրան» փառատոնին եւ գրավել երրորդ պատվավոր տեղը: Զինծառայությունից հետո որոշել է դառնալ կինոռեժիսոր:

Զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ ԱՐՄԱՆ ԴԱԴԱՇՅԱՆԸ ծնվել է 1991 թ., միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական ագրարային համալսարանի «Ագրարային էկոնոմիկա եւ կառավարում» բաժինը: Երկրորդ կուրսից զորակոչվել է զինծառայության` հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը ժամանակին տալու համար: Զինծառայության ընթացքում հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքների, շնորհակալական նամակ է ուղարկվել այն դպրոց, որտեղ նա սովորել է, որպես բարեխիղճ զինծառայող` ստացել է սերժանտի զինվորական կոչում: Զինծառայությունից հետո շարունակելու է ուսումը ընտրած մասնագիտությամբ:

Զորամասի ջոկի հրամանատար, ավագ սերժանտ ԼԵՎՈՆ ԱՊՐԻԿՅԱՆԸ սովորել է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության բաժնում եւ երկրորդ կուրսից զորակոչվել: Զբաղվել է նաեւ ըմբշամարտով, մասնակցել է մի շարք մրցումների, ունեցել հաջողություններ: Զորամասում նույնպես աչքի է ընկել ֆիզիկական պատրաստությամբ, մասնավորապես` պտտաձողի վրա նրա սահմանած ռեկորդը պաշտպանության բանակում դեռեւս ոչ ոք չի գերազանցել:

Զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ ԱՐԱՄ ԱԶԱՐՅԱՆԸ զորակոչվել է 2009 թ.: Զինծառայության ընթացքում Արամն իրեն դրսեւորել է որպես խելացի, բանիմաց զինծառայող, վայելում է հրամանատարության հարգանքը եւ մարտական հերթապահության խնդիրները անթերի կատարելու համար արժանացել է խրախուսանքների, հրամանատարությունը շնորհակալական նամակ է ուղարկել այն դպրոց, որտեղ նա սովորել է:

Արշավախմբի պատասխանատու Վարդան Վիրաբյանը գոհ էր արշավի արդյունքից. «Նման միջոցառումները շարունակական են լինելու, եւ ես իմ գործն ավարտված եմ համարելու միայն այն դեպքում, երբ օրերից մի օր նման արշավախմբով բարձրանամ ազատագրված Բիբլիական Արարատը»,- նշեց արմատներով ղարսեցի Վ.Վիրաբյանը:

ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ
Ստեփանակերտ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


04/10/2011