ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ
Փոխգնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասում եղանք Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին` լավ իմանալով, որ զորամասի որոշ ստորաբաժանումներ գործուղված են մասնակցելու տոնական զորահանդեսին։ Արդյոք դա ազդեցությո՞ւն է ունեցել մարտական պատրաստության գործընթացի վրա` ահա այն հարցը, որը հետաքրքրում էր մեզ։
-Ուսումնական ծրագիրն իրականացվում է առանց շեղումների,- ասաց զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Ասատրյանը։ Նա ընդհանուր առմամբ գոհ էր տարվող ուսումնական աշխատանքներից եւ նշեց, որ 2010թ. տարեվերջյան եւ այս տարվա ձմեռային-գարնանային ուսումնական փուլի «բավարար» գնահատականները լիարժեք են ու քննություններն ընդունող հանձնաժողովների անաչառության վկայություն։
– Առաջին փուլում ունեցել ենք դաշտային ելքեր, անցկացվել է գումարտակային զորավարժություն: Միաժամանակ, փոխարինելով մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասերից մեկի ստորաբաժանումներին, կատարել ենք սահմանի պահպանություն,- շարունակեց փոխգնդապետ Ա. Ասատրյանը։ -Երկրորդ ուսումնական փուլը նույնպես հագեցած է գործնական հմտությունների կատարելագործմանը նպաստող միջոցառումներով։
Զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացրինք մարտական հրաձգությամբ դասակների ներդաշնակման ցուցադրական պարապմունքներ` փոխգնդապետ Մելքոնյանի եւ մայոր Խ. Գյուլումյանի հրամանատարությամբ գործող գումարտակների անձնակազմերի մասնակցությամբ։ Արդյունքները բավական բարձր էին։ Ես գոհ եմ մեր զինծառայողների կրակային պատրաստությունից։ Յուրաքանչյուր գումարտակ մեկ ամսվա ընթացքում ունենում է 5 օր` կրակային պատրաստության համար, եւ մենք ծառայությունը կազմակերպում ենք այնպես, որ ոչ մի զինծառայող բացթողում չունենա։ Ասվածը վերաբերում է նաեւ զրահատեխնիկային։ Մեքենավարումը եւ կրակային պատրաստության ծրագիրը լիովին կատարվում են։ Ասեմ նաեւ, որ այժմ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում է մեր ստորաբաժանումներից մեկը` հրամանատար մայոր Ա. Սարգսյանի ղեկավարությամբ։ Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ա. Սմբատյանն ամեն օր կարողանում է լինել տեղում եւ հետեւել պարապմունքներին։ Ճամբարային հավաքը կավարտվի զորավարժությամբ։ Նախատեսված է նաեւ հետախույզների դաշտային ելք, իսկ մայոր Դ. Թովմասյանի գումարտակի վաշտերից մեկը մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն կանցկացնի սեպտեմբերի 22-23-ին։ Ինչպես տեսնում եք` մենք մարտական պատրաստության ծրագրից չենք շեղվում, տոնը տոն է, բայց անկախության երաշխավորը բանակն է, որն ապրում է իր յուրահատուկ առօրյայով, մշտապես պատրաստվելով պատերազմի` ապահովում է երկրի, ժողովրդի խաղաղությունը։
ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Մոտոհրաձգային գումարտակի զրահատեխնիկան վերադարձել է ուսումնական կենտրոնից։ ՀՄՄ-2-ներն իրենց կայանատեղիում են, բայց նրանց վրա դեռ կատարելու աշխատանքներ կան։ Հարկավոր է ստուգել տեխնիկական բոլոր տվյալները, մաքրել ու պատրաստ լինել հաջորդ գործնական պարապմունքին։ Աշխատանքները ղեկավարում է դասակի հրամանատար լեյտենանտ Գոռ Փոշոտյանը։ Քսաներկուամյա սպան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտներից է, զորամասում ծառայելու հենց առաջին օրերին մարտավարական դաշտում ղեկավարել է դասակի գործողությունները եւ լավ տպավորություն թողել։
-Մենք հետեւում ենք երիտասարդ սպաների ծառայությանը, օգնում նրանց, որ զարգացնեն հրամանատարական որակները, զինվորների հետ տարվող աշխատանքներում ճիշտ մեթոդներ կիրառեն, լավ սպաներ դառնան։ Լեյտենանտ Փոշոտյանը խոստումնալից սպա է, նրա եւ այս տարվա մյուս երիտասարդ սպաների հետ հույսեր ենք կապում,- ասաց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Ղազարյանը։
ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդներ շարքայիններ Տարոն Այվազյանը, Մաղաք Հովհաննիսյանը եւ ավագ մեխանիկ-վարորդ շարքային Տարոն Պողոսյանն իրենց վստահված տեխնիկան էին մաքրում, փայլեցնում։ Մոտեցող դասակի հրամանատարին նրանք զեկուցեցին մարտական մեքենաների մարտկոցների աշխատանքի, յուղի քանակի եւ այլ տեխնիկական տվյալների մասին։
Տղաները մասնագիտությունը սովորել են ուսումնական զորամասում եւ երեւաց, որ լիովին տիրապետում են իրենց գործին։
-Յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնում ենք ուսումնական կենտրոնում, այս անգամ տեղի ունեցավ փոքր զորավարժություն «դասակի մարտական հրաձգությունը» թեմայով,- ասաց ավագ մեխանիկ Տարոն Պողոսյանը։
Մեքենայական պարկում մեզ միացավ գումարտակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ կապիտան Սամվել Եղշատյանը։ Նա իր աշխատանքում շատ փորձառու է։ Արագ արձագանքման վաշտի կազմում մասնակցել է Ղազախստանում անցկացված զորավարժությանը, որտեղ նրա պատրաստած հանգստի եւ քարոզչության սենյակը ճանաչվել է լավագույնը։ Զորավարժության ղեկավարներն ընդգծել են հայկական զորախմբի կազմակերպվածությունը, կապիտան Ս. Եղշատյանին պարգեւատրել օրինակելի աշխատանքի համար։
-Այժմ հետեւակի մարտական մեքենաների երկու անձնակազմեր զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնակցում են մրցումների։ Եթե նրանք հաղթեն կամ մրցանակային տեղեր գրավեն, կմասնակցեն ՀՄՄ-ների անձնակազմերի համաբանակային մրցումների եզրափակիչ փուլին,- տեղեկացրեց կապիտանը։
Մեխանիկ-վարորդների հետ էին նաեւ նշանառու-օպերատորներ շարքայիններ Հրանտ Մկրտչյանը, Նարեկ Գալստյանը, Գոռ Սարգսյանը եւ ուրիշներ։ Կապիտան Ս. Եղշատյանը գովեստի խոսքեր ասելով մեզ` ներկայացրեց ՀՄՄ-2-ի հրամանատար կրտսեր սերժանտ Արտեմ Հարությունյանին։ Արտեմը Աբովյան քաղաքից է։ Ծնվել է 1988-ին։ Տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա 2005թ. ընդունվել, 2010-ին ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորության բաժինը։ Նախապես նա զորակոչվել է ուսումնական զորամաս, որտեղից էլ մեկ տարի առաջ տեղափոխվել է այստեղ։
-Ծառայության ընթացքում միմիայն առաջադրանքի ճիշտ կատարման մասին եմ մտածում, իսկ երբ զորացրվեմ, ձգտելու եմ մասնակցել զինվորական թեմաներով նախագծերին: Իմ կարծիքով, մենք շատ քիչ ֆիլմեր ունենք բանակային թեմաներով, իսկ բանակը մտորելու, ստեղծագործելու անսպառ նյութ է տալիս,- ասաց Արտեմը։
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՎԱՇՏԸ
Արհեստանոցներում աշխատանքը եռում էր, մեքենաների տարբեր հանգույցներ էին նորոգվում, զորամասի համար դարպասներ պատրաստվում… Հրամանատարը՝ կապիտան Արթուր Մեջլումյանը, արդեն տասը տարի այս ստորաբաժանումն է ղեկավարում։
-Նորոգումները կատարում ենք ինչպես տեղում, այնպես էլ դաշտային պայմաններում։ Անսարքությունների վերացումից, ընթացիկ նորոգումներից բացի, կատարում ենք սեզոնային սպասարկում, բավական աշխատատար է մարտկոցների լիցքավորումն ըստ գրաֆիկի, այնպես որ` աշխատանքներին վերջ չկա, եւ դա բնական է։
Նշենք, որ վերջին երեք տարիների վաշտը լավագույնն է ճանաչվել զորամիավորման բոլոր նմանատիպ վաշտերի մեջ։ Անցած ուսումնական փուլում եղել է հանկարծակի ստուգում, որի ժամանակ թերություններ ընդհանրապես չեն հայտնաբերվել։
-Վաշտը համալրված է ինչպես պայմանագրայիններով, որոնք հմուտ մասնագետներ են, այնպես էլ պարտադիր ժամկետային զինծառայողներով։ Պայմանագրայիններից ուզում եմ առանձնացնել դասակների հրամանատարներ ենթասպաներ Արթուր Ասատրյանին, Գուրգեն Կիրակոսյանին, Արայիկ Մնացականյանին, շարքայիններ Անդրանիկ Ավագյանին, Սերյոժա Սարգսյանին, Էրիկ Թումասյանին եւ Արմեն Հովսեփյանին։ Պարտադիր ծառայության զինվորներից չեմ կարող չնշել շարքայիններ վարորդ Արմեն Դավթյանին, ավտոմեխանիկ Հմայակ Եսայանին, վերանորոգող վարպետներ Գարիկ Հարությունյանին, Ներսես Հայլամազյանին, Անդրանիկ Բաղդասարյանին։ Չնայած երիտասարդ տարիքին, այս տղաներն իրենց գործը շատ լավ են կատարում։
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Կապիտան Արկադի Մատինյանի վաշտի դասակներից մեկը նորանշանակ հրամանատար լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի ղեկավարությամբ մարտավարական պատրաստության գործնական պարապմունքների էր դուրս եկել։ Լեյտենանտ Ա. Խաչատրյանը նույնպես մեկ ամիս առաջ է բուհն ավարտել եւ վիճակահանությամբ այստեղ ծառայության նշանակվել, արդեն հասցրել է մասնակցել բոլորովին վերջերս անցկացված գերմանա-հայկական համատեղ զորավարժությանը` ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության անձնակազմի մասնակցությամբ։ Նա կազմակերպում է դասակի պաշտպանությունը, բացատրում, թե ինչպես է պետք դիմագրավել եւ ոչնչացնել հակառակորդին։ Դասակի զինվորները մարտական հերթապահություն կատարած տղաներ են եւ շատ շուտ են ընկալում հրամանատարի պարզաբանումները, կատարում առաջադրանքները։ Ջոկի հրամանատար Հակոբ Արամյանը մանկավարժական համալսարանի ուսանող է, նրա ծառայությունը մոտենում է ավարտին, եւ նա անթերի է կատարում երկրորդ դասակի հրամանատարի հրամանները։
Շարքային Գեւորգ Սահակյանը նույնպես փորձառու զինվոր է։ Նա եւ գնդացրորդ շարքային Դավիթ Թովմասյանը արդեն մեկուկես տարի ծառայած զինվորներ են։ Գյումրիի մանկավարժական համալսարանում ուսումն ընդմիջելով է բանակ զորակոչվել շարքային Մամիկոն Բահրիկյանը։ Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Արթուր Մանուկյանը նույնպես պատրաստվում է զորացրվելու։ Փորձառու զինվորը լավ աշխատանք է տարել տղաների հետ եւ այժմ մարտական պատրաստականությամբ առանձնանում են շարքայիններ, հրաձիգներ Ռուբեն Մարտիրոսյանը, Կարեն Սեւջոյանը, Միսակ Սիմոնյանը, Արմեն Համբարձումյանը, ավագ հրաձիգ Արթուր Դավթյանը, գնդացրորդ Համլետ Մկրտչյանը եւ նռնականետորդ Թորգոմ Իսահակյանը։
Կրտսեր սերժանտ Աշոտ Մարտիրոսյանը նույնպես լավագույններից մեկն է վաշտի կազմում։ Աշոտը Երեւանից է, ավարտել է սլավոնական համալսարանի մագիստրատուրան ու զորակոչվել։ Ծառայության մեկուկես տարվա ընթացքում չորս զորավարժությունների է մասնակցել։
-Մեր հրաձգային վաշտում շատ լավ տղաներ են ընդգրկված, միմյանց հարգում են ու վստահում, ինչն էլ նպաստում է մարտական առաջադրանքների կատարման հաջողությանը,- ասաց նա։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ