«…ՈՉ ԹԵ ՄԵԿ, ԱՅԼ ՀԱԶԱՐ ԶԻՆՎՈՐ ԿՈՐՑՐԻ»
Հունիսի 12-ին լրացավ ՀՀ Ազգային և ԱՀ հերոս, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Յուրի Պողոսյանի մահվան 27-րդ տարելիցը:
Յու. Պողոսյանը ծնվել է 1961թ. ՌԴ Վոլգոգրադի մարզում, սակայն մանկությունն ու պատանեկությունն անցել են Ստեփանակերտում: Մոր` Էլվիրա Պողոսյանի խոսքերով, դեռ մանկուց որդուն գրավում էին զենք-զինամթերքը, տեխնիկան. «Փոքր հասակից նրա տարերքը երկաթն էր, իսկ երկաթը ամրության և կայունության խորհրդանիշն է: Նրա մեջ ամեն բան երկաթակուռ էր` և՚ սերը ընտանիքի հանդեպ, և՚ ազնվաբարո ընկերությունը, և՚ մարդասիրությունն ընդհանրապես…»:
Խորհրդային բանակում Յուրին ծառայել է ավտոմոբիլային գումարտակում` որպես ավտովերանորոգողների ստորաբաժանման հրամանատար: Իր ստացած զինվորական գիտելիքներն ու հմտությունները ծառայությունից հետո նա ներդրեց հայրենիքի պաշտպանության գործում: Ստեփանակերտում նա արհեստանոց հիմնեց, որն Արցախյան շարժման առաջին օրերից վերածվեց զինանոցի: Այն ժամանակ, երբ Արցախում ընթանում էին խաղաղ ցույցեր ու հանրահավաքներ, նա արդեն իսկ իր արհեստանոցում սկսել էր պատրաստել ու փորձարկել ինքնաշեն ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ, որոնք հետագայում իրենց մարտական կիրառությունը գտան սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական գործողություններում:
Պատմում է հայրը` Վաղարշակ Պողոսյանը.
«Չնայած ակտիվորեն մասնակցում էր զանգվածային ցույցերին ու հանրահավաքներին, սակայն միշտ ասում էր, որ հարկավոր է լրջորեն պատրաստվել, քանի որ առանց պատերազմի, դժվար թե լուծվեն մեր խնդիրները: Այսպես, իր բոլոր գործերը մի կողմ թողած, սկսեց պատրաստվել պատերազմի»:
1990-1991թթ. Յուրին իր ջոկատով մասնակցել է ադրբեջանական օմօնականների դեմ ծավալված մի շարք մարտական գործողությունների, որոնցից հատկապես հիշարժան է Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի համար մղված ինքնապաշտպանական մարտը: Այստեղ էր, որ թշնամին առաջին անգամ լուրջ հակահարված ստացավ:
1991թ. նոյեմբերի 15-ին Ստեփանակերտի կոնդեսատորների գործարանում Յուրին կազմավորեց վերանորոգման առաջին ստորաբաժանումը, որի խնդիրը հրաձգային զենքերի նորոգման աշխատանքներն էին: Առաջին իսկ օրը իրենց ձեռքի տակ եղած «Վլադիմիրովի և Դեգտարյովի խոշոր տրամաչափի գնդացրի» (ԿՊՎԴ) մի քանի մասերից (դրանց կեսը շարքից դուրս եկած վիճակում էին) տղաները, Յուրայի անմիջական ղեկավարությամբ, հավաքեցին լիարժեք գործող զենք, որով Կրկժանում մարտնչող ինքնապաշտպանները շաբաթներ շարունակ կարողացան դիմակայել ազերի օմօնականներին:
1991թ. դեկտեմբերին Յու. Պողոսյանը դարձավ մարտական մեքենայի (ԲՄԴ) հրամանատար: Նա միաժամանակ գլխավորում էր նաև նոր ձևավորված 4-րդ վաշտը: 1992թ. սկզբներին նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը և զրահամեքենան, որն անձամբ կիրառում էր Յու. Պողոսյանը, մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խոջալուի, Սեյսուլանի, Կարմիրավանի, Խրամորթի, Խանապատի պաշտպանական մարտերին: Այդ մարտերից մեկի ժամանակ նա խփեց հակառակորդի զրահատեխնիկան, որն այդ ժամանակ մարտի դաշտում լավագույնն էր: Հիշում է մարտընկերը` Մարտիկ Հայրապետյանը.
«Յուրան ձգտում էր լինել մարտական գործողությունների ամենաթեժ, ամենադժվարին հատվածներում, և միայն մարտի ավարտից հետո էինք հասկանում, որ նա ամենավտանգավոր և պատասխանատու տեղը վերապահել էր իրեն: Նա այնքան մանրամասն ու հանգամանորեն էր առաջադրանքը հասցնում ենթականերին, որ առանց կորուստների մարտեր էինք շահում: Ե՛վ որպես հրամանատար, և՛ որպես ընկեր, Յուրի Պողոսյանը միշտ էլ օրինակ է եղել մարտական ընկերների համար»:
Յուրիի ավանդը մեծ էր նաև Ստեփանակերտը շրջափակող թշնամական հենակետերի վերացման ռազմագործողություններում: Նա մասնակցել է Կրկժանի, Խոջալուի և Շուշիի մարտական գործողություններին: Դրան զուգահեռ` հսկայական աշխատանք է իրականացրել նաև բանակի Առանձին վերանորոգման-վերականգնողական բազայի (ԱՎՎԲ) ստեղծման ուղղությամբ: Յուրի Պողոսյանի շնորհիվ էր, որ բանակը հետագայում ունեցավ զրահատեխնիկայի վերանորոգման հզոր կենտրոն:
1992թ. հունիսի 12-ին հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը կասեցնելու ժամանակ Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծում հերոսի մահով ընկավ նվիրյալ հայորդին…
…Առաքինի, մեծահոգի, մարդկային ամենաբարձր որակներով օժտված անձնավորություն. այսպիսին են նրան հիշում ճանաչողները: Յուրայի մասին բազում վկայություն-պատմություններ կան: Դրանցից մեկը ադրբեջանցի լրագրողի գերեվարման դեպքն է: 1991թ. Ստեփանակերտ ժամանած Բ. Ելցինի և Ն.Նազարբաևի պատվիրակության կազմում նաև լրագրողներ կային, այդ թվում նաև` Բաքվից: Իր համախոհների հետ Յուրան այդ օրը որոշում է պատանդ վերցնել ադրբեջանցի լրագրողին և նրան փոխանակել օմօնականների առևանգած հայ գերու հետ: Գործողությունը հաջող իրականացնելուց հետո ադրբեջանցուն բերում է իրենց տուն և կենցաղային նորմալ պայմաններ ապահովում նրա համար: Հետագա անելիքները ճշտելու համար ընկերներն այցելում են Յուրային և ականատես լինում, թե ինչպես է վերջինս ադրբեջանցու հետ նարդի խաղում… Տեսնելով տղաների զարմացած հայացքները` Յուրան հանգիստ ձայնով բացատրում է. «Այս պահին իմ դիմաց նստած է բոլորիս պես մի մարդ, այլ ոչ թե թշնամի…»:
Յուրան վառ երևակայություն ուներ և իր յուրաքանչյուր լավ միտք փորձում էր անմիջապես կյանքի կոչել: Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ Թաղլարում էր, տեսնելով մարշալ Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանի առջև տեղադրված ինքնաթիռ-հուշարձանը, ասում է. «Մի քիչ ազատ ժամանակ ունենամ, ինքնաթիռը բերելու եմ մարտական վիճակի, և մենք ունենալու ենք նաև մարտական օդուժ»: Ընկերները վստահ են. եթե Յուրան ողջ մնար, ապա անկասկած այդ մտահղացումն էլ իրականություն կդարձներ…
Երբ շրջափակման մեջ հայտնված Արցախը զրկվեց էլեկտրական հոսանքից, Յուրան այդ խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ գտավ. հենց նրա պրպտուն մտքի շնորհիվ առաջին անգամ Ստեփանակերտում սկսեցին աշխատել գազով շարժիչները, որոնք որոշ ժամանակահատված օգտագործվում էին թե՛ բնակարանները լուսավորելու և թե՛ մեքենաների շարժիչները գործարկելու նպատակով:
…Յուրիի թաղման արարողության ժամանակ հերոսի հայրը` Վաղարշակ Պողոսյանը, կարծես թե մի պահ մոռանալով անձնական վիշտը, դիմելով Կոմանդոսին՝ շշնջացել էր. «Դուք կորցրիք ևս մեկ զինվոր…»: Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն ի պատասխան դառնորեն նկատել էր. «Ո՛չ, հայրի՛կ, ոչ թե մեկ, այլ միանգամից 1000 զինվոր կորցրի…»:
1996թ. սեպտեմբերի 20-ին` ՀՀ նախագահի, իսկ 2002թ. սեպտեմբերի 2-ին` ԱՀ նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Յուրի Վաղարշակի Պողոսյանին շնորհվել են «Հայաստանի Ազգային հերոս» և «Արցախի հերոս» բարձրագույն կոչումները: Նրան հետմահու շնորհվել են նաև ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, ՀՀ բարձրագույն՝ «Հայրենիք» և ԱՀ «Ոսկե Արծիվ» շքանշաններ:
Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Ճակատագրեր