ՀԶՈՐ ԲԱՆԱԿ՝ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Հանրապետությունում շուտով կմեկնարկի ամառային զորակոչը:
Զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք Արարատի մարզի զինկոմիսարիատ: Նախկինում գործող Արտաշատի, Մասիսի եւ Արարատի զինվորական կոմիսարիատները արդեն մեկ տարի է՝ վերամիավորվել են, իսկ նախկին տեղակայման վայրերում՝ Մասիսում եւ Վեդիում, ներկայումս գործում են բաժանմունքներ:
Զինկոմիսարիատում եռուն աշխատանքային մթնոլորտ է:
Զինկոմիսարիատի հիմնական գործունեությունը սովորաբար կապում են բուն զորակոչի հետ, մինչդեռ, զորակոչը զինկոմիսարիատի կատարած աշխատանքի ընդամենը մի մասն է, բազմաթիվ այլ գործառույթներ են իրականացվում՝ կցագրում, հաշվառման ենթակա պահեստազորի ամրագրում, զորահավաքային նախապատրաստում…
-Հայաստանը լուրջ մարտահրավերներով լի տարածաշրջանում է, թշնամու ռազմատենչ հոխորտանքները, շփման գծում պարբերաբար նկատվող հակառակորդի ոտնձգությունները մեզ ստիպում ու պարտադրում են մշտապես պատրաստ լինել ամեն զարգացման: Բանակն է մեր խաղաղ գոյատեւման, մեր անվտանգության երաշխավորը,- նշում է Արարատի մարզի զինկոմ, գնդապետ Արայիկ Մուրադյանը:
Արմատներով Սիսական աշխարհից է զինկոմը, Բռնակոթից: Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է, կամավորական խմբերի հետ մասնակցել է Սիսիանի, Գորիսի, Վայքի, Արցախի սահմանների պաշտպանությանը:
Փորձառու զինվորականը 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների օրերին 200 հոգանոց ջոկատով առաջնագծում էր:
Պատերազմի թոհուբոհն անցած գնդապետը լավ գիտի խաղաղության գինը, խաղաղությունը պահպանող եւ պարտադրող զինվորի արժեքը:
Ու արդեն քառորդ դարից ավելի՝ զինվորական ուսադիր է կրում, ծառայել է զորային տարբեր օղակներում, եղել է նաեւ զորամասի հրամանատար:
-Շատ բան է փոխվել այսօր՝ կայացած, ամուր, մարտունակ եւ արհեստավարժ բանակ ունենք, ուսումնական զորամասերում զինվորը մասնագիտորեն լավ պատրաստվում է եւ ունակ է լիարժեքորեն կատարելու ամենաբարդ առաջադրանքը:
Գնդապետ Արայիկ Մուրադյանը 2018 թ. ապրիլի 5-ից ստանձնել է Արարատի մարզի զինվորական կոմիսարի պաշտոնը, մինչ այդ՝ Արտաշատի զինկոմն էր:
-Տարբեր ընտանիքներից են գալիս մեր զինվորները, տարբեր հոգեկերտվածքով, տարբեր կրթական մակարդակներով եւ տարբեր ֆիզիկական պատրաստվածությամբ, բայց, ամենակարեւորը՝ գալիս են հայրենիքին անձնվեր ծառայելու պատրաստակամությամբ:
♦♦♦
Զինկոմի սենյակում բժշկական հանձնաժողովը բուժզննում է իրականացնում:
-Զորակոչային ռեսուրսը մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ ընտանեկան պայմաններ, առողջական վիճակ, հոգեվիճակ: Նրանք, ովքեր պիտանի են ծառայությանը ընդգրկվում են ցուցակներում, ովքեր առողջական որեւէ խնդիր ունեն, ուղարկվում են հետազոտության մասնագիտացված բուժհիմնարկներ: Ուզում եմ անպայման շեշտել՝ բանիմաց, փորձառու մասնագետների պակաս չունենք. անցյալ զորակոչին կենտրոնական հավաքակայանից առողջական խնդրով վերադարձի եւ ոչ մի դեպք չի գրանցվել,- նշում է զինկոմը:
-Ձգտում ենք որեւէ հարցում չսխալվել, հնարավորինս պարզ ու մատչելի պարզաբանում ենք նորակոչիկին, նրա ծնողին մտահոգող ամեն հարց ու խնդիր, որպեսզի ծնողները մեր անաչառությանը կասկածելու առիթ չունենան, լիովին վստահեն մեզ,- նշում է զորակոչի բաժանմունքի պետ Աշոտ Վարդանյանը: -Զորակոչիկները, նրանց ծնողներն իրազեկված են. գիտեն իրենց իրավունքները, ինչ արտոնություններից կարող են օգտվել: Սերտորեն համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մարզպետարանում զորակոչային նիստերի ընթացքում ներկա են լինում նաեւ մարզի քաղաքային, գյուղական համայնքների ղեկավարները, եւ օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից զատ, ծանոթացնում ենք նոր եւ ի լրումն ուղարկված բոլոր հրամաններին, ինչն էլ նրանք համապատասխանաբար տեղեկացնում են իրենց տարածքի բնակիչներին:
♦♦♦
Արարատի մարզի զինկոմիսարիատը զորակոչի պլանային առաջադրանքների բարձր կատարողականությամբ մշտապես լավագույնների շարքում է: Մեր այցելության պահին արդեն 80% համալրվածությունն ապահովված էր: «Պատիվ ունեմ» ծրագրով դիմողների մեծ աճ էր նկատելի, «Ես եմ» ծրագրով ծառայելու ցանկություն էր հայտնել դեռեւս տասը նորակոչիկ: Արտերկրից ծառայության նպատակով հայրենիք վերադարձողները եւս քիչ չէին:
Արարատի մարզում բնակվում են ազգային փոքրամասնություններ՝ ասորիներ, եզդիներ, քրդեր, հույներ, եւ մեր բանակում հայազգի զինվորների կողքին ծառայում եւ Հայաստան աշխարհի դարպասներն ամուր ու անառիկ են պահում նաեւ այլազգի երիտասարդները:
-Լավ են ծառայում, պատվախնդրորեն,- նկատում է զինկոմը:- Ապրիլյանի օրերին իմ աշխատասենյակի դուռը առաջինը Վերին Դվինի կին համայնքապետը բացեց՝ Լյուդմիլա Պետրովան, ասելով՝ ի՞նչ է պետք, պատրաստ ենք ամեն կերպ սատարելու, մենք ձեր կողքին ենք: Եվ, ընդհանրապես, մեր մարզի բոլոր տղաներն էլ նվիրված ծառայում են, զորամասերից ստացած պատվոգրերն ու շնորհակալագրերը ասածիս խոսուն վկաներն են:
-Արարատի մարզից ռազմական բարձրագույն հաստատություններ դիմողներն էլ քիչ չեն,- լրացնում է զորահավաքային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արա Մկրտչյանը: -Պայմանագրային զինծառայողներով համալրվածությունը նույնպես մեծ տոկոս է կազմում:
-Շուտով մեծ հանդիսությամբ բանակ կճանապարհենք ամառային զորակոչի տղաներին: Ամենակարեւորը՝ որքան զինվոր ճանապարհում ենք բանակ, այնքան էլ ընդունենք: Աստված տա՝ խաղաղ երկնքի տակ ծառայեն մեր զինվորն ու սպան,- բարեմաղթում է գնդապետ Արայիկ Մուրադյանը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս. ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում