ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Համագործակցության շրջանակը ներառում է իրավական կարգավորումների, միջազգային առաքելություններին մասնակցության, անձնակազմի պատրաստության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:
Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին համագործակցության և, հատկապես, Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՊՆ ՌՈ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հնարավորության համար, կարևորել է համագործակցության շարունակական զարգացումը:
Բրիգադի գեներալ Սերտովը ներկայացրել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և խնդիրները, պատրաստակամություն հայտնել հայկական կողմին փոխանցելու կուտակած փորձը՝ հատկապես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համար նոր կամ անծանոթ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորագիր՝ Նորություններ