ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Գ. ԲԱԼԱՅԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՄԲ
ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը:
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերող թեմաներով:
Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ ավագ սպա, ՊԱՀՀ հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության պատրաստումը պատերազմին և դրա շրջանակներում քաղպաշտպանության խնդիրները:
Հավաք-պարապմունքի ընթացքում մարզպետները հնչեցրել են իրենց հուզող հարցերը: Դասախոսությունների ընթացքում և դրանց ավարտին ծավալվել են կառուցողական քննարկումներ:
Ամփոփելով հանդիպումը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ մոտ ապագայում կազմակերպվելու է հերթական հավաք-պարապմունքը` տեսական գիտելիքները գործնականում կիրառելու միջոցով առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով: