ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ
Զրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ
–Սիրելի՛ Սիբիլ, բարի գալուստ հայրենիք: Եկել եք պարզապես հանգստանալո՞ւ, թե՞ անելիքներ ունեք…
-Հայրենիք գալու համար ինձ առանձնակի պատճառ պետք չէ, բայց այս անգամ եկել եմ մի ծրագրի իրագործման նպատակով, որի մասին նախապես չեմ ուզում խոսել: Միայն կասեմ, որ գեղեցիկ անակնկալ կլինի: Նաև մի երգ եմ ձայնագրել այս այցելության ընթացքում, հրաշալի հանդիպումներ եմ ունեցել:
–Դուք հարազատներ ունե՞ք Հայաստանում:
-Եթե հարազատ ասելով՝ նկատի ունեք ազգականներ, ո՛չ, ազգականներ չունեմ հայրենիքում, բայց շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, որոնք հարազատ են ինձ:
–Պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի պատմությունը, որտեղի՞ց են Ձեր նախնիները, ինչպե՞ս են փրկվել ջարդերից, ինչո՞վ են զբաղվել հետագայում:
-Մայրական կողմի նախնիներս Սվազից եւ Թոքատից են, հորս ընտանիքը պոլսահայ է: Երեւի Պոլսում ապրելն էր պատճառը, որ հորական կողմի հարազատներս շատ չեն տուժել ջարդերից, բայց այ մեծ մայրս՝ Արսենուհին, եւ մեծ հայրս՝ Թորոսը, բազմաթիվ հարազատներ են կորցրել: Գրեթե ամբողջ ընտանիքը: Արսենուհու մայրը, եղբայրները ու երեք տարեկան քույրը զոհվել են, 14-ամյա Արսենուհին ու իրենից մեկ տարով մեծ քույրը պարտադրաբար ապրել են մահմեդական ընտանիքներում: Ու փրկվել են: Անաչառության համար պիտի ասեմ, որ մահմեդական ընտանիքներում վատ չեն վերաբերվել նրանց: Քույրերը կապը չեն կորցրել միմյանց հետ, որովհետեւ ապրել են հարեւան ընտանիքներում: Այդուհանդերձ, առաջին իսկ պատեհ առիթի ժամանակ փախել են Պոլիս: Արսենուհին Պոլսում ծանոթացել է մեծ հորս՝ Թորոսի հետ: Ահա, սա իմ ընտանիքի պատմությունն է:
–Նրանց նորաստեղծ ընտանիքը ինչո՞վ էր զբաղվում Պոլսում: Մտածում եմ՝ գուցե նրանցի՞ց է Ձեզ անցել երգելու շնորհը:
-Ինչպես գիտեք, հայերը լինելով հմուտ արհեստավորներ, լավ դիրք են ունեցել Թուրքիայում, քանի դեռ չէին սկսվել տեղահանությունն ու ջարդերը: Մեծ հայրս տղամարդու հագուստի վաճառքով է զբաղվել, եւ նրա գործը բարգավաճել է Պոլսում: Սակայն հայի համար Թուրքիայում հաստատուն ոչինչ չկար, հետագայում ամեն ինչ կորցրել են ու չքավորության ծանր օրեր են տեսել:
…Մեծ մայրս ու մեծ հայրս երեք երեխա ունեցան: Ես, ցավոք, մեծ հորս չեմ տեսել, փոխարենը շատ կապված էի մեծ մորս հետ:
–Սիբի՛լ, Ձեր հայկական ազգանունն ի՞նչ է, բնականաբար, օղլուն կապ չունի Ձեր հայկական արմատների հետ:
-Անշուշտ: Ինչպես գիտեք, Թուրքիայում պարտադրաբար, օրենքի ուժով փոխել են բոլոր օտար ազգանունները եւ թուրքացրել են: Այդպես հորս Թորոսյան ազգանունը դարձել է Բեկթորոսօղլու: Հայրս ասում է՝ մարդիկ այնքան դաժան օրեր էին տեսել, այնքան ցավ ունեին, ու նրանց հոգում մշտական վախ կար: Վախ, վախ… որ կարժանանան իրենց խոշտանգված հարազատների ճակատագրին:
–Քանի՞ հոգանոց էր Ձեր ընտանիքը, երբ փոքր էիք, ի՞նչ հարազատ, սիրելի հիշողություններ ունեք մանկությունից, ո՞ւմ հետ էիք անցկացնում ժամանակը, ինչո՞վ էիք զբաղվում:
-Չորս հոգանոց ընտանիք էր մեր ընտանիքը: Ծնողներս, ես ու քույրս: Զարմիկներ ու զարմուհիներ ունեի, բայց նրանք բոլորն էլ արտասահմանում էին ապրում: Ինչպես ասացի, ես շատ մտերիմ էի մեծ մորս հետ: Դժբախտաբար, ո՛չ հորս ծնողներին, ո՛չ էլ մորս հորը չտեսա, եւ իմ ամբողջ սերը Արսենուհի մեծ մորս էի տվել: Նա էլ ինձ էր շատ սիրում՝ իր ամենափոքր թոռնուհուն: Երբ մեծ մայրս մի քանի տարի ապրեց արտերկրում՝ մորաքրոջս տանը, ես շատ վշտացա, շատ էի զգում նրա կարիքը: Հետո Արսենուհի մեծ մայրս մորաքրոջս ընտանիքի հետ վերադարձավ Պոլիս, ու մենք կրկին միասին էինք:
Մանկության ամենավառ հիշողություններից մեկն էլ հայկական երգերն էին, որ հնչում էին մեր տանը: Ես ու քույրս քնում էինք Բարսեղ Կանաչյանի «Օրորի» տակ, որ հայրս էր երգում: Ես անչափ սիրում էի այդ երգը: Այն ընդգրկեցի առաջին ալբոմիս մեջ ու նվիրեցի հորս:
–Ո՞վ է Ձեզ հայերեն խոսել սովորեցրել: Թուրքիայում ապրող հայ երիտասարդներից այսօր քչերն են խոսում հայերեն: Մեծերը խոսում են, բայց ջահելները՝ ոչ: Ես Ձեզ անգլերեն գրեցի, կարծում էի՝ անգլերեն կզրուցենք, բայց Դուք մի քիչ հուզված, բայց մեծ արժանապատվությամբ ասացիք, որ գիտեք հայերեն և պիտի հայերեն զրուցենք: Ու ես այնքան ուրախ եմ լսել Ձեր չքնաղ արեւմտահայերենը, այնքան ախորժալուր է:
-Մեր տան մեջ հայերեն խոսելը պարտադիր էր, հայրս շատ խիստ ու պահանջկոտ էր, երբ խոսքը վերաբերում էր հայերենին: Նույնիսկ մեր տուն եկած հայ ընկերներիս էր ստիպում, որ հայերեն խոսեն: Հայրս երգչախմբի անդամ էր: Մայրս նույնպես շատ գեղեցիկ ձայն ուներ ու հրաշալի երգում էր: Ես ծնողներիցս եմ ժառանգել ձայնս, երաժշտական լսողությունս ու սերս հայկական ազգային երգարվեստի հանդեպ: Ես ու քույրս միայն հինգ տարի ենք հայկական վարժարան հաճախել, բայց հայալեզու գրքեր ու թերթեր էինք կարդում ու պահպանեցինք մեր մայրենին:
–Ո՞վ է Ձեզ պատմել Հայաստանի մասին, ինչպե՞ս եք կարողացել ազգային դաստիարակություն ստանալ Թուրքիայում:
-Գիտեք, այդ հարցին չեմ կարող պատասխան տալ: Գուցե հայրենիքն իմ արյան մեջ է եղել, գուցե ծնողներս այնքան նրբորեն են արթնացրել իմ սրտում Հայաստանի հանդեպ սերը, որ ես որեւէ դեպք ու դրվագ չեմ հիշում: Քարոզ չի եղել, հուզական խոսքեր չեն եղել: Բայց մանկուց իմ ամենամեծ երազանքը եղել է Հայաստանը տեսնելը: Հիշում եմ, երբ արբանյակային հեռուստատեսությամբ առաջին անգամ նայեցինք հայկական ալիքները, լալիս էինք հուզմունքից, ուրախությունից, կարոտից: Ամբողջ դեմքս արցունքների մեջ էր: Այդ օրը, այդ ապրումները երբեք չեմ մոռանում:
–Երբ առաջին անգամ տեսաք Հայաստանը, ի՞նչ զգացողություն ունեցաք:
-2001-ին ես ու մայրս առաջին անգամ եկանք Հայաստան: Օդանավը դեռ չէր դիպել հայկական հողին, երբ տեսանք Արարատը…
–Ես չեմ տեսել. ասում են՝ հակառակ կողմից Սրբազան լեռը այնքան շքեղ ու հպարտ չէ, որքան՝ երբ Հայաստանից ես նայում…
-Արարատը տեսնելով՝ հուզմունքս գագաթնակետին հասավ, հազիվ թե կարողանամ բառերով նկարագրել ապրումներս: Իրականացել էր իմ մեծ երազը, ու ես անսահման երջանիկ էի: Տասը անմոռանալի օր ապրեցի հայրենիքում: Տեսա-շոշափեցի մեր դրոշը, հայ զինվոր տեսա, քայլերգ լսեցի…
–Որը տխուր չէ, ինչպես մեր ազգային երգերի մեծ մասը, խրոխտ է, հպարտ, հաղթած…
-Այո՛, անկախ պետականություն ունեցող երկրի երգ էր: Օդը, ջուրը, եկեղեցիները… հայկական չքնաղ պարերը… այս ամենն իմն էին: Բայց նաեւ երազի էր նման…
–Պատմեք, խնդրեմ, Ձեր մասնագիտական վերելքի մասին: Դժվար չէ՞ր Թուրքիայում հայերեն երգելը:
-Ես երկար տարիներ աշխատում էի որպես ֆինանսիստ ու երգում էի «Սուրբ Վարդանանց» երգչախմբում: 2010-ին իրականացրի իմ ամենանվիրական երազանքներից մեկը՝ թողարկեցի «Սիբիլ» անվանումով ալբոմս: Անմիջապես հետո նկարահանեցինք «Նամակ» վերնագրով երգիս տեսահոլովակը: Դա Թուրքիայում առաջին հայալեզու տեսահոլովակն էր: 2011-ին ես երգեցի Համահայկական խաղերի բացման ժամանակ, հարցազրույց տվեցի Հայաստանի բազմաթիվ հեռուստաալիքներին: Մի խոսքով, հուրախություն իս, ձայնս հասավ Հայաստան: Ինձ համար սա ամենակարեւորն է: Ես երգել եմ աշխարհի տարբեր երկրներում, ունեմ բազմաթիվ մրցանակներ ու մեդալներ: Իհարկե, այդ մրցանակներն ու մեդալները քաջալերում են ինձ, բայց դրանք երբեք չեն համեմատվի հայ ժողովրդի՝ իմ հանդեպ ունեցած ջերմ սիրո հետ: Այդ սերը ամենամեծ խթանն է ու ամենամեծ ուժը: Այն անփոխարինելի է:
–Ասում եք, որ երգել եք տարբեր երկրներում, մրցանակներ եք շահել: Ի՞նչ տեղ ունի հայ երգը համաշխարհային երգարվեստում:
-Այս հարցին կուզեմ պատասխանել մեծն Կոմիտասի բառերով. «Յուրաքանչյուր ազգի երաժշտություն իր ազգի հնչողական ելեւէջներից կծնվի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հստակ հիշողությունը, ուստի հայ երգն ու երաժշտությունը համաշխարհային երաժշտության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: Եվ եթե այն իր տեղում չի զարգանում, դադարում է լինել հայ երգ»: Այսօր, ցավոք, հայ երգի ասպարեզում սխալ զարգացումներ կան: Կոմիտասը փրկել է հայ երգը օտարներից: Այսօր մենք հայ երգը յուրայինից փրկելու խնդիր ունենք ոչ միայն արտերկրում, այլեւ հայրենիքում: Աշխարհին մենք ներկայանում ենք առաջին հերթին հայ ազգային արվեստով, պիտի սա չմոռանանք ու նախանձախնդիր լինենք ազգայինը պահպանելու ու զարգացնելու գործում:
–Դուք թուրքերեն չե՞ք երգում: Թուրքերեն երգելով, բնականաբար, մեծ գումարներ կվաստակեիք Թուրքիայում:
-Ո՛չ, ես թուրքերեն չեմ երգում: Երգում եմ միայն հայերեն, հայկական երգեր՝ Թուրքիայում, Հայաստանում և արտերկրում:
–Մեր երբեմնի ծաղկուն ու շքեղ Անիում, ավերակ եկեղեցու կամարների տակ Ձեր շուրթերից հնչող «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» բառերն ու սրտառուչ մեղեդին այնքան հուզիչ էին:
-Թուրքական թերթին տված հարցազրույցի ժամանակ ես ասացի, որ ամենամեծ երազս է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը: Հարցազրույցն ընթերցել էին հայրենիքում, ու ինձ հրավիրեցին երգելու Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: Դա 2011 թվականն էր: 2015-ին համաhայկական խաղերի մասնակիցների հետ մենք շրջեցինք Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում, և ես կարողացա իրականացնել նվիրական երազանքս: Դա աննկարագրելի հուզում էր, անսահման ուրախություն…
–Կա մի ավանդական հարց, որը հաճախ եմ տալիս իմ զրուցակիցներին: Այս պահին, երբ մենք զրուցում ենք, հայ զինվորը սահմանին է, զենքով, կյանքով պաշտպանում է մեզ ու մեր հայրենիքը:
-Անմիջապես զինվորների մայրերին հիշեցի: Նրանք հանգիստ քուն չունեն: Աղոթում եմ Տիրոջը, որ ոչ մի մայր արցունք չտեսնի: Ես Բարձրյալից համերաշխություն ու խաղաղություն եմ խնդրում աշխարհի համար, ու թող նա պաշտպանի հայ զինվորներին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #24 (1295) 26.06.2019 - 2.07.2019, Հոգևոր-մշակութային