Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ



ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՄիջազգային՝ ռազմատեխնիկական «Բանակ-2019» համաժողովի շրջանակում հունիսի 28-ին «Էրեբունի» օդանավակայանում անցկացվեց բաց դռների օր: Նպատակը ՀՀ-ում տեղակայված ՌԴ բազայում շահագործվող ավիացիոն զինտեխնիկայի հնարավորությունների ցուցադրությունն էր: ՌԴ ավիացիոն  զորամասի  հրամանատար, գնդապետ Ա.Պետրովի խոսքերով՝ «Բանակ-2019» համաժողովի շրջանակում այս օրերին սպառազինության և զինտեխնիկայի ցուցադրության նմանատիպ միջոցառումներ են անցկացվում ՌԴ բոլոր զորամասերում: Միջոցառմանը հրավիրված հյուրերից էին ՀՀ ԶՈՒ ավիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտները: «Էրեբունի» օդանավակայանում արդեն ավանդական դարձած օդային թռիչքների ցուցադրությունը դիտելու համար, չնայած այս օրերի բարձր ջերմաստիճանին, մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Ցուցադրության ամենահետաքրքրասեր հանդիսականները՝ երեխաները, շրջում էին տաղավարներում,  հերթով տեղավորվում ցուցադրված ուղղաթիռների թափքին ու իրենց պատկերացնում օդաչուի դերում, շունչները պահած հետևում «երկաթե հսկա թռչուններին» և հրճվանքի բացականչություններով ընդունում թռիչքի պատրաստվող հզոր տեխնիկայի շարժիչների գվվոցը:

…Օդային տարբեր մարտերում իրենց լավագույնս դրսևորած  ՄԻԳ -29 ինքնաթիռները, Մի-24, ՄԻ-8 ուղղաթիռները, վարպետ օդաչուների հմուտ ղեկավարությամբ, մեկը մյուսի ետևից օդ  բարձրացան  և տարբեր բարդ հնարքներ ցուցադրեցին երկնքում: «Սա մեր ավիաբազայի համար արդեն ավանդական դարձած բաց դռների օր է: -Միջոցառման ավարտին ասաց գնդապետ Պետրովը:- Ուրախալի է, որ այսքան մարդ է արձագանքել մեր հրավերին: Այսօր ցուցադրվող  ավիացիոն տեխնիկան իրեն հիանալի է դրսևորել բոլոր եղանակային պայմաններում: Հուլիս ամիսն է. եղանակը երեկ և այսօր հասնում էր 40 աստիճանի: Բայց այս միջոցառմանն ընդառաջ՝ մի քանի օր շարունակ ակտիվորեն թռչում էինք: Պետք է ասեմ, որ մեր ավիացիոն տեխնիկան ոչ միայն դիմանում է, այլև իրեն շատ վստահ ու կայուն է դրսևորում: Նշեմ նաև, որ նման միջոցառումները առաջին հերթին երեխաների համար են: Մեծահասակները կգան, կդիտեն, կուրախանան, իսկ երեխաները, դպրոցականներն ու կուրսանտները, տեսնելով, թե ինչ թեթևությամբ են երկնքում սավառնում ինքնաթիռները, կարող են ոգևորվել և ընդունել իրենց կյանքի ամենակարևոր որոշումը: Եթե այսօր թեկուզ մի տղա օդաչու դառնալու որոշում կայացնի, կարծում եմ, մեր այս միջոցառումը ծառայել է իր նպատակին»:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ազգային բանակ, Ռազմական


04/07/2019