Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲՀունիսի 17-ից 20-ը ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ 4 փուլով անցկացվեցին երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք ղեկավարում էր ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Համաբանակային նշանակության միջոցառմանը մասնակցում էին շուրջ 10 հազար զինծառայողներ, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 միավոր զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 միավոր ավտոմոբիլային տեխնիկա և այլ շարժակազմեր: Զորավարժության ընթացքում հիմնական շեշտը դրված էր գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման, մարտավարության նոր դրվագների մշակման և հարակից այլ հարցերի վրա: Զորախաղերի ժամանակ հաջողությամբ փորձարկվեցին բարձր տեխնոլոգիաներով համալրված կառավարման և հետախուզական համակարգեր, ինչպես նաև զինատեսակների նոր նմուշներ:

Չնայած զորախաղերի հրամանատարաշտաբային ուղղվածությանը, դրանց ընթացքում, զորքերի ընդգրկմամբ, իրականացվեցին նաև բազմաբնույթ գործնական խնդիրներ, բարդ ու անծանոթ տեղանքում, գիշերային ու ցերեկային ժամերին անցկացվեցին զորաշարժեր ու վերախմբավորումներ, խուսավարումներ, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ, խաղարկվեցին պաշտպանողական ու հարձակողական բնույթի տարաբնույթ մարտական դրվագներ:

Զորախաղերը մեկնարկեցին հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը` զորամասերը մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերման միջոցառումներով և ապա շարունակվեցին ըստ վերադաս հրամանատարության կողմից իջեցվող հանկարծակի ներմուծականների:

Կենտրոնացման շրջաններում զորքերի ծավալվելուն զուգահեռ, ըստ պայմանական մարտական իրադրության զարգացման պահանջների, համապատասխան վայրերում տեղակայվում և գործում էին մասնակից զորամասերի և ՊԲ-ի կառավարման մարմիններն ու ապահովման ստորաբաժանումները, որոնք անմիջապես անցնում էին իրենց գործառութային պարտականությունների կատարմանը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲՎերջիններս ամենասեղմ ժամկետներում պետք է գնահատեին ստեղծված և արագորեն փոփոխության ենթարկվող մարտական իրադրությունը, ըստ այդմ կատարեին ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, սահմանեին մարտի մտահղացումը, ընդունեին որոշումներ և, ամրապնդելով դրանք տեղանքում, մանրակերտերի ու քարտեզների վրա իրականացված մանրակրկիտ աշխատանքներով հստակ ու հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող խնդիրներ առաջադրեին ենթակա ստորաբաժանումներին:

Հրամկազմի և զորքերի աշխատանքներին խոչընդոտում էին շոգ եղանակային պայմանները, սակայն, այս ամենով հանդերձ, առաջադրված բոլոր խնդիրները կատարվեցին ժամանակին և օգտակար գործողության գործակցի բավականին բարձր աստիճանով:

…Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ տեղեկատվություն էր ստացվել, որ պայմանական հակառակորդի ուժերը անցել են հարձակման և որոշակի բնագծեր զբաղեցրել` ի վնաս ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումների:

Արագորեն գնահատելով պայմանական մարտական իրադրությունը` յուրային ուժերը սրընթաց գրոհով անակնկալի բերեցին մասնակի հաջողությամբ ոգևորված հակառակորդին և լիովին ջախջախելով վերջինիս, ոչ միայն վերականգնեցին, այլև ավելի բարելավեցին ու ամրապնդեցին նախկինում ունեցած տարածքային ու մարտավարական առավելությունը:

Իրադրությունը շտկելու ևս մեկ փորձ հակառակորդը ձեռնարկեց արդեն նույն օրվա գիշերը` գործի դնելով իր տրամադրության տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները: Գերազանց կողմնորոշվելով տեղանքում և օգտագործելով նաև տեսադիտարկման, ջերմատեսիլ ու հետախուզական համապատասխան միջոցներ` ՊԲ հրետանային, զրահատանկային, ինժեներական, հակաօդային պաշտպանության ու հատուկ նշանակության ստորաբաժանումները գործեցին հստակ, ճշգրիտ և պատճառելով հակառակորդին մարդկային ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ` փայլուն կատարեցին մարտական առաջադրանքը:

Զորավարժությունները բարձր գնահատեց ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի համոզմամբ՝ անցկացված համաբանակային նշանակության միջոցառումը լիովին ծառայեց իր նպատակին ու ևս մեկ անգամ փաստեց, որ սադրանքի դիմելու դեպքում հակառակորդը կունենա հերթական անգամ հիասթափություն ապրելու ծանրակշիռ պատճառներ:

«Համաբանակային կարևոր այս միջոցառումն ունի մի շարք  առանձնահատկություններ: Առաջինը` զորավարժությունում ընդգրկված էին մեծ քանակությամբ անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ՀՕՊ միջոցներ, զորավարժության տարբեր փուլերի ընթացքում կիրառվել է նաև բանակային և մարտավարական ավիացիա: Երկրորդ կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ հիմնական փուլերի ընթացքում բոլոր գործնական միջոցառումները իրականացվել են բարդ աշխարհագրական և գիշերային պայմաններում: Հակառակորդը չի կարողացել իրականացնել հետախուզություն և գնահատական տալ մեր զորավարժության մասշտաբներին: Երրորդ առանձնահատկությունը` վերջին ամիսներին զորամասերում և ստորաբաժանումներում իրականացվել են մի շարք կազմհաստիքային փոփոխություններ, ինչի արդյունքում ավելացվել են սպառազինությունն ու տեխնիկան, ինչու չէ` նաև մարտական ներուժը, և մենք կիրառել ենք նոր մարտավարական դրվագներ: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այս զորավարժության տարբեր փուլերում մենք կիրառել ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած հետախուզական և կառավարման համակարգեր: Հիմնական նպատակն էր կառավարման համակարգում հասնել կայուն և անընդհատ ղեկավարման»,- նշեց ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲԶորքերի ընդգրկմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստում են՝ ՊԲ ամբողջ ռազմական տեխնիկան ու սպառազինությունը, կառավարման ու հետախուզական արդի համակարգերը, սպառազինության նորագույն միջոցները հաջողությամբ ներդաշնակվել են և այսօր գործում են որպես մեկ միասնական համակարգի փոխլրացնող բաղադրիչներ:

Զորավարժությունների կարևոր արդյունքներից պետք է համարել նաև այն, որ բոլոր օղակի հրամանատարները` բանակի հրամանատարից մինչև ջոկի հրամանատար, ևս մեկ անգամ հնարավորություն ստացան ամբողջական պատկերացում կազմել իրենց ենթակաների մասին և ըստ այդմ առավել բարձր արդյունավետությամբ իրականացնել վերջիններիս պատրաստության ուղղությամբ տարվելիք հետագա աշխատանքները։

«Զորավարժության ընթացքում ստեղծվել է բարդ և դինամիկ իրադրություն, որն ստիպել է հրամանատարներին և շտաբներին արագ ընդունել որոշումներ, երբեմն ոչ ստանդարտ և ոչ դասական: Քանի որ զորավարժությունն անցկացվում էր զորքերի ընդգրկմամբ, հրամանատարների կողմից ընդունված որոշումները կատարում էին գործնականում ստորաբաժանումները: Կիրականացվի զորավարժության ընթացքի և արդյունքների խոր վերլուծություն, և ձեռք բերած դրական փորձը զորքերում կկիրառվի հետագա ուսուցումը ավելի կատարելագործելու համար»,- հավաստիացրեց օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանը:

ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ազգային բանակ


04/07/2019