Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԹԻՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԹԻՎԲարձրյալ Տիրոջ կամքով կրկին մի փառահեղ լուսաբաց է  բացվում մեր սուրբ հայրենիքի վրա. ՀՀ ԶՈւ հաղթական շեփորն ազդարարելու է զորակոչի սկիզբը:

Շուտով հայ օջախներում լսվելու են խինդի և ուրախության ձայներ. հարազատներն իրենց պատանիներին ճանապարհում են հայրենիքի պաշտպանի սրբազան կոչումն ընդունելու: Դարեր շարունակ հայերս զրկված ենք եղել անկախ հայրենիքի բերկրանքից, սակայն այսօր Տիրոջ կամքով և հայրերի արյամբ մեզ պատիվ է ընծայված ապրել սեփական հայրենիքում:

Ազգի բարեկեցության համար բոլոր մասնագիտություններն են կարևոր, սակայն պարզ և հստակ է. հայ զինվորի լայն թիկունքին են ապավինում բոլորը: Չի կարելի պատկերացնել Հայաստանն առանց հայ զինվորականի:

Այնուհանդերձ, Նժդեհի խոսքերի ապացույցն ենք տեսնում այսօր` իրական առյուծներ ծնվում են միայն առյուծածին մայրերից: Առհասարակ հայ մայրերի կոչումն ավելի մեծ է, քան ուղղակի օջախի պահապան լինելը:

Բիրտ ու գազան ազգերից ծվատված մեր ժողովրդի առաջին վրեժն օրորոցային է, և յուրաքանչյուր հայ մայր իր զավակին ծնունդ տալով՝ վրեժխնդիր է լինում մեր ազգի նահատակների փոխարեն: Այն հայ մայրերը, ովքեր ծնունդ են տալիս իրենց զավակներին և գիտակցաբար ուղարկում են հայրենիքի պաշտպանության սրբազան հանձնառությունն ստանձնելու՝ երիցս օրհնյալ են, քանի որ յուրաքանչյուր հայ զավակ արգանդից կոչված է կրելու ազգի պաշտպանի նվիրական տիտղոսը: Միայն հերոս մայրերն են իրենց ծնած և սնած առյուծներին ճանապարհում ծառայության և քողարկում իրենց արցունքները մարտական հենակետի պես, որպեսզի իրենց առյուծ զավակները պարզ մտքով և արի սրտով գնան պաշտպանելու ժողովրդի կողմից իրենց վստահված հայրենիքի սահմանները:

Ցավ ի սիրտ մեր հայրենակիցների մեջ դեռ կան անձինք, ովքեր փորձում են իրենց զավակներին զերծ պահել ծառայությունից: Աղոթում ենք այդ ծնողների համար, որ Տերը բազմապատկի նրանց շնորհներն ու միտքը, որպեսզի վերջիններս հասկանան, որ արծիվները թռչել սովորում են միայն բաց երկնքում, իսկ իրենց զավակներին մշտապես ծնողական քնքշանքի ներքո պահելով՝ իրականում վնասում են իրենց զավակներին՝ դարձնելով կամազուրկ և դժվարություններից վախեցող:

Հայը տեսակով երբեք չի խուսափել դժվարություններից: Պատկերացնենք, որ Աշոտ Երկաթի մայրը զերծ պահեր իր որդուն ճակատամարտից, կամ Վարդան Մամիկոնյանի ծնողները միջամտեին Սուրբ Սպարապետի որոշումներին, ինչ պատմություն կամ մշակույթ մենք պիտի ունենայինք: Առհասարակ Աստվածաշունչ մատյանից տեսնում ենք, որ Բարձրյալ Աստված երկիրը հանձնեց մարդկանց խնամելու և հոգ տանելու համար, սակայն մեղքի պատճառով մարդը շեղվեց իր բուն առաքելությունից, ինչի արդյունքում երկիրը ենթարկվեց բազում արհավիրքների:

Մեր օրերում ևս Տերն արժանացրեց մեզ լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սակայն քաղաքացի լինելը չի նշանակում լոկ անձնագիր ունենալ կամ հարկեր վճարել, առաջին հերթին՝ քաղաքացի լինելը նշանակում է պաշտպանել սեփական հայրենիքի գաղափարական և տարածքային ամբողջականությունը: Այսօր մենք ապրում եմ հրաշալի օրեր, երբ կանայք ևս լծվել են հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը և օրինակ են ծառայում մատաղ սերնդին՝ մատնանշելով, որ հայրենիքի պաշտպանությունը առ Աստված հավատի պես չի ճանաչում ոչ սեռ, ոչ տարիք:

Եվ վերջապես մեր գործը մեր փոխարեն ոչ ոք չի անելու, ո՞վ է պաշտպանելու մեր տունը մեր փոխարեն, ո՞ւմ պիտի ապավինենք Աստծուց և սեփական բազկից բացի: Մեր բազմաչարչար ազգի պատմությունը ցույց է տալիս, որ հայրենիքի պաշտպանության հարցում ուրիշին ապավինելուց մենք ենթարկվել ենք կոտորածի և կորցրել ենք հայրենիքը: Այսօր ևս մենք կանգնում ենք պատմական իրականության առջև, երբ փորձում ենք մեր զավակներին զերծ պահել ծառայությունից, կրկին բռնում ենք կործանման ուղին, որ վտանգում է հայի առհասարակ գոյության հիմնահարցը:

Անշուշտ ԶՈւ ծառայություն մատուցելը դժվար է և վտանգավոր, սակայն վիճակագրական տվյալներով տարվա կտրվածքով ավտովթարներից և կենցաղային աղետներից ավելի շատ մարդ է տուժում, քան զինվորական ծառայության ժամանակ, այս պարագային ինչպե՞ս պետք է վարվեն ծնողական քնքշանքին սովոր զավակները, առհասարակ տանից դուրս չգա՞ն:

Այսօր մեր քաջ ծնողներն իրենց քաջ պատանիներին ճանապարհում են կայացման ժամկետային ճանապարհ: Երկու տարի անց այս հիասքանչ պատանիները վերադառնալու են իրենց հայրական օջախները կայացած և ինքնավստահ: Նրանք հասկանալու են, թե ինչ է եղբայրական սերն ու նվիրվածությունը, երբ Ամանորի գիշերը զինակից ընկերոջ հետ հսկեն հայրենիքի սահմանը, որպեսզի իրենց և մնացած հայ ընտանիքները տոնեն և զվարճանան:

Իրականում, ժամկետային ծառայությունը հրաշքի դրսևորում է, երբ անփորձ պատանիները երկու տարում դառնում են կյանք ճաշակած խրոխտ մարտիկներ:

Շնորհավորում եմ ամենքիս այս պանծալի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ ծառայություն…

Հանուն իմ, մեր և համայն Հայաստանի ապագայի…

Օրհնությամբ` Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


04/07/2019