Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷՀՀ զինված ուժերի կրտսեր ապայական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով, ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 24-ի որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը:

Ուսումնարանի կազմավորման համար հատկացվեց Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի մասնաշենքը: Գրեթե զրոյից միաժամանակ սկսվեց զորանոցների շինարարությունը, կրթական ծրագրերի, ուսումնական և նյութատեխնիկական բազայի ստեղծումը, հրամանատարական ու դասախոսական կազմի համալրումը, կուրսանտների ընդունելությունը:

Նորաստեղծ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը միաժամանակ զինվորական և քաղաքացիական («Ռադիոտեխնիկայի և կապի միջոցների» և «Տրանսպորտի շահագործման և կառավարման» ոլորտներում՝ ինժեներ-բակալավրի որակավորմամբ) մասնագետներ էր պատրաստում հետևյալ պաշտոնների համար՝

♦ համազորային՝ մոտոհրաձգային դասակի հրամանատար,

♦ կապի զորքեր՝ դասակի հրամանատար,

♦ ՀՕՊ զորքեր՝ ցամաքային զորքերի ՀՕՊ դասակի հրամանատար,

♦ հրետանի՝ դասակի հրամանատար,

♦ տանկային զորքեր՝ դասակի հրամանատար,

♦ ինժեներասակրավորային զորքեր՝ ինժեներական ստորաբաժանումների դասակի հրամանատար,

♦ ռադիոտեխնիկական հետախուզության զորքեր՝ ռազմական ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության դասակի հրամանատար,

♦ համազորային (հրամանատարաշտաբային)՝ վաշտի (մարտկոցի) հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ:

ՀՀ կառավարության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների ջանքերի շնորհիվ` 1994թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն իր դռները բացեց առաջին կուրսանտների առաջ:

Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Ս.Մարտիրոսյանը: Հետագայում այդ պաշտոնն զբաղեցրել են փոխգնդապետ Ա.Մինասյանը, գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Ա.Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Ս.Միրզոյանը, գեներալ-լեյտենանտ Գ.Գաբրիելյանը, գեներալ-լեյտենանտ Մ.Կարապետյանը, գեներալ-մայոր Ա.Ղահրամանյանը:

2019թ. ապրիլից ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնն զբաղեցնում է գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 16-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվեց Ռազմական ինստիտուտի, որն էլ 1998թ. տվեց իր առաջին՝ 4-ամյա կրթությամբ շրջանավարտները:

ՀՀ նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի 2000թ. փետրվարի 8-ի հրամանով՝ Ռազմական ինստիտուտն անվանակոչվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունով:

ՀՀ նախագահի 2000թ. փետրվարի 12-ի վկայագրով ինստիտուտին հանձնվեց Մարտական դրոշ՝ որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ:

2001թ. Ռազմական ինստիտուտը պատրաստում է մոտոհրաձգային և հրետանային մասնագիտություններով սպայական կադրեր: ՀՀ պաշտպանության նախարարի 2004թ. հունվարի 27-ի հրամանով՝ Ռազմական ինստիտուտում ստեղծվեց սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող սպաները:

ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. հոկտեմբերի 28-ի հրամանով՝ ստեղծվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետը, որտեղ մեկնարկեցին միավորումների և զորամասերի կառավարում մասնագիտությամբ և մագիստրոսի որակավորմամբ մեկամյա դասընթացները:

ՀՀ պաշտպանության նախարարի 2017թ. դեկտեմբերի 18-ի հրամանով՝ Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետը անվանակոչվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:

2012թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են ռազմական կառավարման բակալավրի և մագիստրոսի որակավորումների պետական կրթական չափորոշիչները:

2016թ. ապրիլի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմական ինստիտուտը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան պետական հիմնարկի:

ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. օգոստոսի 4-ի հրամանով՝ հաստատվել է Ռազմական համալսարանի կանոնադրությունը:

Ռազմական համալսարանն ունի հետևյալ կառուցվածքը.

  1. Ղեկավարություն
  2. Հիմնական ստորաբաժանումներ
  3. Ուսումնական ստորաբաժանումներ
  4. Ապահովման և սպասարկման ստորաբաժանումներ

2016թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով տրվել են Ռազմական համալսարանում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պատրաստվող մասնագիտությունների լիցենզիաներ:

2019թ. փետրվարի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով՝ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան պետական հիմնարկին շնորհվել է 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կրթությունը հետևյալ մասնագիտություններով է՝

  1. Բակալավրիատում`

♦ Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում,

♦ Հետախուզական ստորաբաժանումների կառավարում,

♦ Հրետանային ստորաբաժանումների կառավարում,

♦ Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,

♦ Տանկային ստորաբաժանումների կառավարում:

  1. Մագիստրատուրայում`

♦ Միավորումների և զորամասերի կառավարում,

♦ Հրետանային միավորումների և զորամասերի կառավարում:

  1. Լրացուցիչ կրթական ծրագրերով՝

♦ «կապիտան», «մայոր», «փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում,

♦ ՀՀ քաղաքացիական բուհերի ուսանողներից 2,5-ամյա լրացուցիչ կրթական ծրագրով, շաբաթօրյա պարապմունքներով, ՀՀ ԶՈՒ համար դասակի հրամանատարների պատրաստում,

♦ ՀՀ բուհերի շրջանավարտներից 1-ամյա պատրաստության ծրագրով ՀՀ ԶՈՒ համար դասակի հրամանատարների պատրաստում,

♦ քաղաքացիական բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ՀՀ ԶՈՒ կրտսեր և ավագ ենթասպայական կազմից 5-ամսյա պատրաստության ծրագրով ՀՀ ԶՈՒ-ի համար դասակի հրամանատարների պատրաստում:

Ռազմական համալսարանի ուսումնանյութական բազան հիմնականում ապահովում է  ուսումնական գործընթացի որակյալ և արդյունավետ կազմակերպումը:

2016թ. սեպտեմբերի 1-ին բացվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը՝ լիարժեքորեն կահավորված մասնագիտական լսարաններով, որը հնարավորություն է տալիս ոչ միայն արդյունավետ կազմակերպելու սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, այլև ստեղծում է ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ:

Ռազմական համալսարանի ուսումնանյութական բազան համալրվել է համակարգիչներով, տեսապրոյեկտորներով, տպիչ սարքերով, ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակներով, կահավորվել է երկու էլեկտրոնային գրադարան:

Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են գիտական կոնֆերանսներ, գիտաժողովներ, հանդիպումներ գիտության և ռազմարվեստի գործիչների հետ, իսկ 2019թ. փետրվարին՝ «ՀՀ մարտահրավերները և ռազմական սպառնալիքների հավանական զարգացումները, դրանց դիմակայման ուղիները» թեմայով գիտական 15-րդ կոնֆերանսի արդյունքում լույս տեսավ «Ռազմական համալսարան» անվամբ առաջին գիտական հանդեսը:

ՌՀ պրոֆեսորադասախոսական կազմը հետևողականորեն իրականացնում է գիտական, գյուտարարական, նորարարական աշխատանքներ, որոնց արդյունքները ներկայացվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ և համապատասխան կարգով ներդրվում ու կիրառվում են զինված ուժերում: Զուգահեռաբար աշխատանք է տարվում կրթօջախում հեռավար ուսուցման տեխնոլոգիաներ ներդնելու և ժամանակակից ուսուցման մոդել կիրառելու ուղղությամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷՌազմական համալսարանի տարածքում կառուցվել են 6 դաշտային լսարաններ և ձեռնամարտի ավան: Ռազմական համալսարանի ուսումնական դաշտերը և լսարանները կահավորելու համար մշակվել են պաստառների և վահանակների նորացված նմուշներ: Մշտապես լրակահավորվում են վաշտերի և մարտկոցների ուսումնանյութական բազայի սարքավորումները:

Ռազմական համալսարանն ունի 94 լսարան, որից 33-ը՝ մասնագիտական, մարտական կառավարման համակարգի, 2-ը՝ լինգաֆոնային: Ունի երկու լաբորատորիա և մեկ սիմուլյացիոն կենտրոն: Կուրսանտներն իրենց հմտությունները և ունակությունները կատարելագործում են 9 վարժասարքի վրա, գործում են ընդհանուր և ուսումնական գրադարաններ:

2013թ. Ռազմական համալսարանին հատկացվել են Տ-72 տանկի, իսկ 2017թ.՝ ՀՄՄ-2-ի համալիր վարժասարքեր: Վարժասարքերի լսարանները նորոգվել, համալրվել և կահավորվել են համալսարանի ուժերով:

2019թ. մարտին շահագործման հանձնվեց ՌՀ հրետանու ֆակուլտետի նոր՝ վերանորոգված մասնաշենքը, որտեղ ամենօրյա ծառայությունն ու դասընթացները կազմակերպվում են նորովի կահավորված աշխատասենյակներում և լսարաններում: Մասնաշենքում գործում է նաև կրոնի ու հոգևոր թեմաներով դասընթացների հատուկ լսարան:

Վերջերս Վարդանյան ընտանիքի նվիրատվությամբ Ռազմական համալսարանի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնը համալրվեց նոր վարժասարքերով և ըմբշամարտի գորգով:

Սննդի ապահովման բարելավումը համարվում է ՌՀ ղեկավարության առաջնային խնդիրներից, և այն այսօր իրականացվում է զինված ուժերի ներկայիս պահանջներին համապատասխան բարձր մակարդակով:

Հագեցած է Ռազմական համալսարանի առօրյան: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են մարզամշակութային և ռազմահայրենասիրական միջոցառումներ, հանրապետության տարբեր՝ միջին, ավագ և հատուկ դպրոցների աշակերտների այցեր: Համալսարանի մարզիկները փայլուն ելույթներ են ունենում տարբեր մրցումներում: Բոլորովին վերջերս, ՀՀ ԶՈՒ 5կմ երթարշավից լավագույն ստորաբաժանում մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել ՌՀ 2-րդ վաշտը: Նման հաջողություններից անմասն չեն մնում նաև գիտակրթական տարբեր մրցույթներին մասնակցող կուրսանտներն ու սպաները:

Ռազմական համալսարանը ակտիվորեն համագործակցում է հայաստանյան առաջատար բուհերի, հասարակական կազմակերպությունների, Երկրապահ կամավորականների միության, տեղական ինքնակառավարման մարմինների, ազատամարտիկների, մշակույթի և արվեստի գործիչների  հետ: Կուրսանտների առօրյայի անբաժանելի մասն են կազմում այցելությունները համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ, պատմամշակութային օջախներ, մասնակցությունը օլիմպիադաներին, հեռուստախաղերին, ճամբարային մրցախաղերին, իսկ ուսումնադաստիարակչական գործընթացի կարևոր բաղկացուցիչն են արդեն ավանդական արշավները: Եվ այս ամենը, անշուշտ, բարձրացնում է կուրսանտների կրթվածության մակարդակը ու բարոյակամային ոգին:

Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից, Ռազմական


18/07/2019