Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶՈՐԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻՆ ԸՆԴԱՌԱՋ



«ԶՈՐԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻՆ ԸՆԴԱՌԱՋՕգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Ջայսալմեր քաղաքում, միջազգային «Բանակային խաղեր-2019» շրջանակում, հանդես կգան մեր բանակի հատուկ ջոկատայինները: «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցույթին մասնակցել պատրաստվող մեր հավաքականի անդամներն այս օրերին ակտիվորեն մարզվում են, փուլ առ փուլ պատրաստվում առաջիկա մրցումներին: Մինչև օրս մասնագիտական տարբեր տարրերի հղկման պարապմունքներ են անցկացրել հետախուզության ուսումնական կենտրոնում և «Բաղրամյան» զորավարժարանի տարածքում: Իսկ ջրային արգելքների հաղթահարման առանձին վարժությունների հղկման նպատակով օրեր առաջ մարզվում էին Սևանի ավազանում:

 

Խումբը, ծանր զրահատեխնիկայով և զենք-զինամթերքով, մեկը մյուսի ետևից կատարելագործում է միջազգային մրցումների պահանջներով  առաջադրվելիք վարժությունների տարրերը: «Մասնակիցներին բազմազան խնդիրներ են առաջադրվելու,- բացատրում է առաջիկա միջազգային մրցումներում «Զորային հետախուզության գերազանցիկ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար, փոխգնդապետ Էմիլ Մարտիրոսյանը,- այդ թվում` «հետախույզի արահետի» հաղթահարում, որը մոտ 30 տարբեր արգելքներ է ենթադրում, և անձնակազմերից ֆիզիկական, մտավոր ու կամային մարզվածություն է պահանջվում:  Բացի այդ, խմբերը հաղթահարելու են 15-20 կմ երթարշավը՝ 20 կիլոգրամանոց ուսապարկերով: Ջերմաստիճանը հնդկական Ջայսալմեր քաղաքի շրջանում սովորաբար տատանվում է +48-500C-ի միջև: Այդ իսկ պատճառով պարապմունքների զգալի մասն անցկացրել ենք «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ  ջերմաստիճանը մոտ է սրան»:

«ԶՈՐԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻՆ ԸՆԴԱՌԱՋՀատուկ նշանակության խմբի անձնակազմը, կազմ ու պատրաստ, հերթական վարժությունն է հղկում. զինվորականները խումբ-խումբ, մեկը մյուսի գործողություններն ու տեղաշարժն ապահովելով, առաջ են շարժվում` ուսումնական նռնակներով «պայթեցնելով» պայմանական նշանակետերը: Գործողությունները վարժ են. բոլոր թիրախները խոցվում են:

Հաջորդ վարժության` ջրային արգելքների հաղթահարման համար խումբն, ամբողջ հանդերձանքը և զենքը ուսապարկերում փաթեթավորելով, լողալով 150մ տարածություն է հաղթահարում:

Ջրային արգելքների հաղթահարումը շարունակվում է` այս անգամ արդեն՝ հետևակի մարտական մեքենայով, որը նորմացույցի համաձայն` պետք է ափից 800 մ հեռավորության վրա գործի: Ծանր զրահամեքենան սահում է պայմանական կողմնորոշիչների միջև, հաղթահարում ջրային արգելագոտին և վերադառնում ափ: «Արգելագոտին նմանեցրել ենք մրցումներում պահանջվող պայմաններին, իսկ որոշ տարրեր նախատեսվածից ավելի ենք բարդացրել,-հայացքով ուղեկցելով ՀՄՄ-ն՝ ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը:- Մեր խմբի օրեցօր բարելավվող արդյունքները վկայում են, որ մրցումներում բարձր ցուցանիշներ ենք արձանագրելու ու լավ տեղ ենք զբաղեցնելու: Մեր հետախուզական ստորաբաժանումները, վստահ եմ, ոչ միայն տարածաշրջանում, այլև դրանից դուրս լավագույնների շարքում են»:

Մարզումները շարունակվում են, իսկ դրանք դիտելու համար լճափին քաղաքացիական անձինք են հավաքվել: Ամեն օր չէ, որ հնարավոր է կրակային պարապմունքներ անցկացնող զինվորականներ ու լճում լողացող զրահամեքենա տեսնել: Սակայն այս ամենով ամենաոգևորվածն ու խանդավառը Դավիթն է՝ հրահանգիչներից մեկի հնգամյա որդին: Նա արդեն հաստատ գիտի` ինչ պատասխանի՝ «Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»,- մեծերի սիրելի հարցին:- «Ես «սպեցնազի» զինվոր եմ դառնալու…»:

«Մեզ հետ հավասար բոլոր դժվարություններին դիմանում է: Իսկական տղամարդ տղա է»,- ասում է հայրը:

Դավիթը իր պարտականություններն ունի այստեղ` «Առավոտյան բոլորին արթնացնում եմ, հաց եմ ուտում, պապային եմ օգնում. նա մարզիչ է»:

Ուժ ու եռանդ պահանջող մարզումներից հետո  տղաներին տաք ու ախորժելի ճաշ է մատուցվում: Ամալիկը պարապմունքների ընթացքում ստանձնել է ուտեստների պատրաստման խնդիրը: Նաև որոշում է, թե Հնդկաստանում կայանալիք միջազգային  մրցումների օրերին ինչպես են ներկայացնելու մեր երկրի մշակույթը: «Նման բազմազգ մրցումները ոչ միայն մասնագիտական հմտությունների ցուցադրություն են, այլև ազգային մշակույթը ներկայացնելու հնարավորություն: Հայաստանի խորհրդանիշ խաչքարերի նմուշները, նռան տեսքով հուշանվերները, վստահ եմ, կտպավորեն այլազգիներին: Հնդկաստանում մատուցվելիք ճաշացանկում ներառելու ենք հայկական ղափաման, որն իր մեջ խտացնում է մեր ազգային կոլորիտը, արևահամ չրեղենը: Որպես աղցան՝ կմատուցենք ընդեղենով պատրաստված ավելուկ: Դե, իսկ մեր ավանդական՝ խաղողի թփով տոլման, վստահ եմ, մեծ հաջողություն կունենա»:

Հերթական ուսումնական արգելքը գերազանց հաղթահարելու պատրաստվող խմբի անդամ Ժորան, իր հերթին, նշեց, որ մրցմանը հաջող մասնակցությունը նախ և առաջ պատվի խնդիր է. մեր երկիրը լավագույնս պետք է ներկայացնեն հատկապես այս զորատեսակի մարտիկները: «Ճիշտ է, ընկերական մրցումներ են, բայց մեզ համար կարևոր է մասնակից բանակների ներկայացուցիչների առջև մեր արհեստավարժությունը ցուցադրելը: Խմբի բոլոր անդամները լավագույնս պատրաստված են, ու բոլորս էլ պատվախնդիր ենք: Դժվարություններ, իհարկե, լինում են. մրցումներ են, ու տարբեր փորձություններ ենք հաղթահարելու: Այդուհանդերձ, մեզ համար որևէ նորություն չկա. բոլոր վարժություններն էլ  մեր ամենօրյա պարապմունքների մասն են կազմում»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


18/07/2019