ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐ ԹՈՌՆԻԿԻՆ
Որքան էլ զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, որքան էլ մարդիկ բջջային հեռախոսներով եւ համացանցով իրար հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, նամակը եղել է եւ կմնա մարդկային շփման ամենաջերմ ու ամենամտերմիկ ձեւը, որովհետեւ նամակի միջոցով փոխանցում ենք մեր խոհերն ու ապրումները, հույզերն ու զգացումները։ Նամակը սիրելիի կողքին լինելու պատրանք է ստեղծում, կապում է մարդկանց հոգիները։ Ազգային բանակում ծառայող զինվորի համար նամակը առանձնահատուկ նշանակություն ունի. զինվորը նամակի շնորհիվ ասես լսում է հարազատի ձայնը, մտովի տեղափոխվում է տուն։ Այս պահին քանի-քանի կարոտավառ նամակներ են գրվում տուն-բանակ կամ բանակ-տուն։ Եվ ինչ մեծ սեր ու սփոփանք, հավատ ու վստահություն են փոխանցում միմյանց եւ ինչ համբերատարություն, ուժ, հոգու ամրություն են ներշնչում իրար։
Արուսյակ տատը բնակվում է Ապարանում, երկար տարիներ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել։ Իսկ երբ աշակերտները զինվորացել են, նա անկեղծ ու մտերմիկ նամակներ է գրել եւ ստացել հանրապետության տարբեր շրջաններում տեղակայված զորամասերից։
Վերջերս զինվոր դարձավ նաեւ վաստակաշատ ուսուցչուհու թոռը՝ Արտակը։ Նամակը, որ ուզում եմ ներկայացնել, Արուսյակ տատը գրել է իր թոռանը, որը իր զինվորական պարտքն է կատարում ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում։
-Սիրելի Արտակ, շատ դժվար է առանց քեզ։ Դժվար են անցնում ժամերն ու րոպեները։ Շատ ծանր է սպասելը, օրերը հաշվելը եւ օրացույցում նշումներ կատարելը։ Բայց մի միտք ինձ սփոփում է, դա այն է, որ դու ծառայում ես մեր բանակում՝ Հայաստանի Հանրապետության հզոր բանակում։ Մեր բանակը, ճիշտ է, դեռ երիտասարդ է, ընդամենը 19 տարեկան, բայց շատ հզոր բանակների հետ կարող է մրցել։ Մեր բանակի ուժը զինվորի ոգու, խիզախության մեջ է։
Արտակ ջան, ես շատ եմ անհանգիստ քեզ համար, շատ եմ կարոտում, հաճախ թաքուն լաց եմ լինում, որպեսզի ծնողներդ՝ Կարենն ու Ասպրամը, չտեսնեն։ Բայց, միեւնույն ժամանակ, հանգիստ եմ, քանի որ քեզ նման տղաների շնորհիվ ենք մենք ապահով գլուխներս բարձին դնում։ Մեր բոլորի անվտանգությունը մենք ձեզ ենք վստահել։
Ես ուզում եմ, որ դու պատվով ծառայես եւ տուն վերադառնաս բաց ճակատով։ Չեմ ուզում, որ դու օրերը հաշվես, տանջվելով, թե՝ ե՞րբ է ավարտվելու ծառայությունը։ Իմացիր, որ քեզ հետ մենք էլ ողջ ընտանիքով զինվոր ենք դարձել։ Բանակի լավի հետ ուրախանում ենք, վատից՝ տխրում։ Աղոթում եմ Աստծուն, որ բանակից միայն լավ լուրեր մեզ հասնեն։
Արտակ ջան, ամո՛ւր եղիր, մի՛ ընկճվիր։ Քեզանից միայն լավ լուրեր են մեզ հասել, ցանկանում եմ, որ մինչեւ ծառայությանդ ավարտը եւս այդ նույն ձեւով ծառայես։ Ես, որպես քո տատ, միայն խաղաղություն եմ ուզում մեր երկրին, իսկ քեզ ու քո ծառայակից ընկերներին՝ անփորձանք ծառայություն։ Գրկում ու ամուր համբուրում եմ, Աստված պահպանի քեզ։
Քո տատ՝ Արուսյակ Պետրոսյան
Այսպիսին է Արուսյակ տատի նամակը։ Համոզված եմ, որ թոռը բազմիցս կվերընթերցի այն եւ իր զինվորական պահարանում կպահպանի սուրբ մասունքի պես։ Եվ տատի նամակը ուժ կտա զինվորին ծառայության ընթացքում։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր