Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍՄԻԿ ՏԱՏԻԿԸ



ՀԱՍՄԻԿ ՏԱՏԻԿԸԵս շատ եմ ուզում, որ դուք իմանաք, թե ինչպիսին է Հասմիկ տատիկը, ու կջանամ պատմել ամենայն մանրամասնությամբ, պարզ ու պատկերավոր, բաց չթողնելով ոչ մի գույն: Այն պարզ պատճառով, որ այդ գույները շատ առինքնող են ու գեղեցիկ: Հասմիկ տատիկի աչքերը կապտականաչ են, ու երբ ժպտում է արցունքների միջից, թվում է՝ արեւի շողք կաթեց լճակի վրա: Նրա մազերը ամբողջովին սպիտակ են, դեմքը նուրբ է, դիմագծերը՝ մանրիկ ու սիրուն, իսկ հայացքի մեջ այնպիսի խաղաղ բարություն կա, այնպիսի ջերմություն, որ նրան առաջին անգամ տեսնելուց վայրկյաններ անց թվում է՝ քո հարազատն է, ու հազար տարի ճանաչել եք իրար: Հասմիկ տատիկի ձայնը նուրբ է, նա խոսում է կիրթ ու գեղեցիկ հայերեն, բայց հուզվելիս անցնում է ռուսերենի, որովհետեւ ճակատագրի բերումով՝ կրթություն է ստացել Ռուսաստանում եւ մոտ 30 տարի ռուսերենի ուսուցչուհի է աշխատել Էջմիածնի Ոսկեհատ գյուղում: Հասմիկ տատիկը բարձրահասակ է, տարիքին անհարիր բարեկազմ ու ձիգ… Կարծես թե ամեն ինչ ասացի նրա արտաքինի մասին, բայց, հասկանում եմ, որ բնավ էլ չեմ պատկերել այն, ինչ պետք է, որովհետեւ այս ամենը անիմաստ ու անգույն կլինի, եթե դուք չիմանաք Հասմիկ տատիկի կենսագրությունը, առավել եւս՝ չլսեք նրա մտքերն ու խոհերը մարդկային առաքինությունների ու բարոյական չգրված օրենքների մասին: Եթե ես ձեզ չպատմեմ, թե նա ինչպիսի անսահման սիրով ու ջանադիր պատասխանատվությամբ է դաստիարակում իր երեք արու թոռներին, որոնց ծնողները արդեն վաղուց արտերկրում են ապրում:

Հասմիկ տատիկը վեց արու թոռ ունի եւ առաջին թոռանը՝ Ալիկին, մի քանի օրից կճանապարհի բանակ:

Ալիկը տատին է նման՝ գեղեցիկ է, ջերմ ու ժպտուն, աչքերը խաժ են, դիմագծերը կանոնավոր, բարձրահասակ է ու թիկնեղ: Երբ տատը լալիս է, տղան իր երկար, ջլապինդ ձեռքերով ամուր գրկում է տատին ու ասում.

-Տա՛տ, մի ինձ նայիր, էս տղայի համար կարելի՞ է անհանգստանալ:

-Ես չեմ անհանգստանում,- տատը ժպտում է արցունքների միջից,- ուղղակի շատ կկարոտեմ…

Մենք մեծ խմբով հավաքվել ենք Հասմիկ տատիկի փոքրիկ առանձնատան սրահում, սեղանի շուրջ: Ես, մեր լուսանկարիչ Սուրենը, Հասմիկ տատիկը, նրա արու թոռները, հյուրեր…. Կենտրոնում ապագա զինվորն է ու իր տատիկը:

Երբ Հասմիկ տատիկը պատմում է, բոլորը լռում են:

-Իմ բոլոր թոռները մի նմանություն ունեն,- այսպես է սկսում Հասմիկ տատիկը՝ թոռների նմանությունն է հիշում,- բարեսիրտ են ու հարգանք ունեն մեծի հանդեպ: Իմ երկու որդիներն էլ էին այդպիսին՝ Ամասիան ու Արան: Արան արտերկրում է աշխատում, Ամասիան զինվորական է, փոխգնդապետ, պաշտպանության նախարարությունում է ծառայում: Պապի՝ գվարդիայի կապիտան Ամասիա Մելիքյանի անունն է կրում: Պապն ընկավ Հայրենական պատերազմում, Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ: Եվ ահա Ամասիա Մելիքյան կրտսերը պապի պես զինվորական դարձավ: Վեց արու թոռ ունեմ՝ Ալեքսեյը, որին փաղաքշաբար Ալիկ ենք կոչում, Դավիթը, Սամվելը, Վլադիմիրը, Աշոտը, Մելիքը…

-Ես հաջորդն եմ,- ասում է Դավիթը: Գեղեցիկ, ժպտուն տղա է, եղբոր պես թիկնեղ, հայացքի մեջ՝ ընդգծված համառություն:

-Ո՞նց հաջորդը,- ես չեմ հասկանում:

-Ալիկս բանակից վերադառնա, Դավիթն է զորակոչվելու,- բացատրում է Հասմիկ տատիկն ու նորից արցունքոտվում: -Գիտեմ, որ հերթով պիտի բանակ ճանապարհեմ, այնքան հպարտ եմ: Շա՜տ….Բայց առաջինը միշտ էլ դժվար է, աստիճանաբար կսովորեմ:

Ես թողնում եմ, որ Հասմիկ տատիկը հանդարտվի ու հարցնում եմ Ալիկին.

-Դե, տրամադրությունդ ո՞նց է, զինվո՛ր:

Ասես, հարցիս էր սպասում, սկսում է եռանդով.

-Տրամադրությունս շատ լավ է: Ավագ ընկերներս, որոնք ծառայությունն ավարտել են, ասում են, որ ես հեշտությամբ կհաղթահարեմ սկզբնական շրջանի դժվարությունները, որովհետեւ «Տիգրան Մեծ» կրթահամալիրում եմ սովորել ու գիտեմ՝ ինչ է ռեժիմը, զինվորական նիստուկացը, հրամանն ու հրամանատարը: Մնացածը խաղուպար է:

-Իսկ չե՞ս վախենում առաջնագծում ծառայելուց, մարտական հերթապահությունից:

-Վախենա՞մ,- կրկնում է՝ դեմքին արհամարհական արտահայտություն տված ու կարմրում է հուզմունքի՞ց, թե բարկությունի՞ց,…,- Սպասում եմ՝ երբ եմ առաջնագիծ հասնելու: Էլ ինչի՞ եմ ապրում, որ պիտի թուրքից վախենամ:

-Բա ինչի՞ց ես վախենում,- ինձ դուր է գալիս Ալիկի հոխորտանքը, հրահրում եմ, որ շարունակի: Բայց տղայի դեմքը անսպասելի քնքշանում է, նայում է տատին.

-Չեմ վախենում,- ասում է բոլորովին ուրիշ մի հույզով,- ես գիտեմ, որ Դավոս՝ միջնեկ եղբայրս, տատիս տիրություն կանի մինչեւ գամ, լավ կնայի: Մեր փոքր եղբայրը 12 տարեկան է: Նրան պաշտպանելու պարտքն էլ է Դավիթի վրա: Դավիթը դեռ դպրոցական է, բայց գլուխ կհանի, համոզված եմ:

Ես նայում եմ Դավիթին, ինձ չի նկատում. հայացքը տատին է ուղղված: Նույն Ալիկի հայացքն է՝ գորովանքով լի: Իսկ տատիկի դեմքին նկարված ապրումները բառերով դժվար է նկարագրել:

-Թոռներս շատ աշխատասեր են,- ասում է՝ ձայնի դողը զսպելով,- տանն ինձ ամեն ինչում օգնում են, չեն թափթփում: Նույնիսկ ավլում են ու աման են լվանում: Դասերից հետո աշխատում են, սիրում են փող վաստակել…

-Ես շատ հարուստ եմ լինելու,- ասում է Ալիկը,- բանակից գամ, լուրջ փողեր եմ աշխատելու…

«Լուրջ փողերի» վրա բարձրաձայն ծիծաղում եմ՝ այ քեզ նոր սերունդ:

-Ես ու Դավոս միասին կաշխատենք,- շարունակում է Ալիկը,- նախ՝ տատիկիս կպահեմ թագուհու նման, կօգնեմ մեծացնել փոքր եղբորս: Հայրս տուն կգա արտերկրից: Հետո կօգնեմ ընկերներիս…

-Միայն խաղաղություն լինի, կրակոցներ չլինեն,- Հասմիկ տատիկն իր խոհերի հետ է:

-Խաղաղությունը մեր ձեռքերում է,- պատասխանում է Ալիկն ու ցույց է տալիս ամուր, ջլապինդ մատները: Ես ուզում եմ վանել Հասմիկ տատիկի հուզմունքը՝ փոխել խաղաղության,  կրակոցների թեման ու տալիս եմ մտքիս եկած առաջին հարցը.

-Ի՞նչ խորհուրդներ եք տալու Ալիկին բանակ ճանապարհելուց առաջ:

-Ասելու եմ՝ եղբոր պես կսիրես մարտական ընկերներիդ, ասելու եմ…,-Հասմիկ տատիկը չի կարողանում շարունակել, քանի որ Ալիկն անսպասելի ոտքի է կանգնում,  մոտենում է տատին, գրկում գլուխն ու փութկոտ   համբուրում նրա ճեփ-ճերմակ մազերը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


25/07/2019