Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ



Երբ Ալմա-Աթա քաղաքի հայ ընտանիքի մանուկներից մեկը պետք է էքսկուրսիա գնար Տյան Շանի լեռները, նրա հավատացյալ ու բարեպաշտ տատիկն ասում է.

«Ճանապարհից առաջ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի Խաչի պահպանության աղոթքը մինչև չկարդաս ու չխաչակնքես, չեմ թողնի, որ գնաս»։ Երեխան էլ դժկամությամբ ու շտապելով, բայցեւայնպես համաձայնում է կարդալ աղոթքը, ու երեսը խաչակնքելով՝ դուրս է թռչում տանից։

Ճանապարհին դժբախտություն է պատահում. ավտոբուսը ձորն է գլորվում, ու բոլոր երեխաները զոհվում են, եւ միայն այդ հայ երեխան է ողջ մնում։ Ու շատերի համար հանելուկ է մնում, թե ինչպես հայ պատանին կենդանի մնաց` վիթխարի բարձրությունից գահավիժելուց հետո։ Իսկ երեխան պատմում է, որ գլորվելիս իրեն գրկել էր սպիտակ մորուքով ու երկար շորերով մի պապիկ, որ ինքը նրա գրկում մնացել է մինչև ջարդուփշուր եղած ավտոբուսից իրեն հանելը և այդ ամբողջ ընթացքում ոչ մի ցավ ու ցնցում չի զգացել։

Աստվածավախ տատիկն իսկույն հասկացել է, թե ով է եղել այդ «պապիկը» եւ թոռնիկին հարցրել է` եթե նկարներ ցույց տամ, կճանաչե՞ս։ Եվ երբ երեխայի առաջ են դրել տարբեր սրբերի ու պապիկների նկարներ, այդ թվում եւ Ներսես Շնորհալունը, երեխան ուշադիր նայելուց հետո ձեռքն առանց տատանվելու տարել-դրել է սուրբ Ներսես Հայրապետի դիմանկարի վրա։

Այս դեպքը մեծ վկայություն է նաև բոլոր նրանց համար, ովքեր դեռեւս չեն հավատում սրբերի բարեխոսական աղոթքներին։

Մ.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային


13/10/2011