Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ի՞ՆՉ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ



Ի՞ՆՉ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸԿենսաբանական զենքերը կենսաբանական միջոցներով լիցքավորված հատուկ զինամթերքներ ու մարտական սարքեր են՝ դրանք իրենց նպատակակետին հասցնելու միջոցներով: Նախատեսված են մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների եւ կուլտուրաների զանգվածային ոչնչացման համար:

Ամբողջ աշխարհում փորձագետները պնդում են, որ ներկայումս հեռանկարայինը՝ որպես զանգվածային խոցման զենք, ոչ թե միջուկային զենքն է, քանի որ դրա ստեղծման համար պահանջվում են չափազանց մեծ ծախսեր, եւ այն ամբողջությամբ ոչնչացնում է օգտակար տարածքները, այլ՝ կենսաբանականը, քանի որ.

  1. ունի կիրառման բարձր արդյունավետություն,
  2. կիրառելիս հիմնականում ժամանակին չի հայտնաբերվում հակառակորդի կողմից,
  3. վարակման գաղտնի շրջանի առկայության շնորհիվ կիրառումը դառնում է աննկատ,
  4. բազմատեսակ է՝ պայմանավորված ախտածին հարուցիչների բազմազանությամբ,
  5. օժտված է համաճարակի տարածմամբ եւ հակառակորդի խոցումը դարձնում է տեւական,
  6. ճկուն է, մասնավորապես՝ կան հարուցիչներ, որոնք մարդուն ժամանակավորապես են դարձնում անմարտունակ (անաշխատունակ), իսկ այլք բերում են մահվան,
  7. խոցում է հակառակորդին ցանկացած շինությունում, իսկ ինժեներական կառույցները եւ մարտական տեխնիկան չեն ապահովում պաշտպանություն,
  8. ունակ է ընտրողականորեն խոցելու մարդկանց, գյուղատնտեսական կուլտուրաներն ու կենդանիներին,
  9. ունի հոգեբանական բարձր ազդեցություն բնակչության շրջանում, ակնթարթորեն տարածում է խուճապ եւ վախի մթնոլորտ:

Կենսաբանական զենքի առավելություններից է նաեւ այն, որ խոցված տարածքներում ամբողջությամբ պահպանվում են նյութական արժեքները:

Կարելի է նշել, որ կենսաբանական զենքը շատ մատչելի է եւ կարող է նույնիսկ ստեղծվել տեխնիկական զարգացման ցածր մակարդակ ունեցող պետություններում:

Կենսաբանական զենքի խոցող ազդեցության հիմքը մարտական կիրառման համար հատուկ ընտրված կենսաբանական «ագենտներն» են, որոնք օրգանիզմ թափանցելիս ունակ են առաջացնելու ծանր հիվանդություններ մարդկանց (կենդանիների, բույսերի) շրջանում:

 

ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ

  1. Մարդկանց խոցման համար-բոտուլինային տոքսին, ստաֆիլոկոկային էնտերոտոքսին, ժանտախտի, տուլարեմիայի, սիբիրյան խոցի, դեղին տենդի, քյու-տենդի, բրուցելոզի եւ այլ հիվանդությունների հարուցիչները:
  2. Գյուղատնտեսական կենդանիների համար – սիբիրյան խոցի, դաբաղի, խլնախտի, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտի եւ այլ հարուցիչները:
  3. Գյուղատնտեսական կուլտուրաների վարակման համար-հացաբույսերի ժանգի, կարտոֆիլի ֆիտոֆտորոզի եւ այլ հարուցիչներ:
  4. Գյուղատնտեսական կուլտուրաների վարակման համար կարող են օգտագործվել այնպիսի վտանգավոր վնասատուներ, ինչպիսիք են՝ մորեխները, կոլորադյան բզեզը եւ այլն:

Ի՞ՆՉ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸԿենսաբանական զենքի ազդեցության արդյունավետությունը կախված է ոչ միայն հիվանդությունների հարուցիչների խոցման հատկություններից, այլեւ դրանց կիրառման միջոցների ճիշտ ընտրությունից:

Կենսաբանական զենքի կիրառման հավանական միջոցներն են.

  1. հարուցիչների փոշեցրման միջոցով օդի մերձգետնյա շերտի վարակումը,
  2. աերոզոլային մեթոդը,
  3. տրանսմիսիվ մեթոդ (վարակված արնածուծ միջատների արհեստական տարածումը նշանակված շրջանում),
  4. դիվերսիոն ճանապարհով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ջրամատակարարման համակարգի, սննդային բլոկի, պարենային պահեստների, շինությունների եւ կառույցների օդի ուղղակի վարակումը կենսաբանական միջոցներով:

Կենսաբանական զենքի կիրառման սկզբունքները. հանկարծակիություն, զանգվածայնություն, մարտական հատկությունների, կիրառման պայմանների եւ հիվանդությունների հարուցիչների խոցման առանձնահատկությունների մանրակրկիտ հաշվարկ: Հարձակման ժամանակ կենսաբանական զենքը ենթադրվում է կիրառել կենտրոնացման շրջանում տեղակայված կամ երթ կատարող պահեստուժի եւ երկրորդ շարակազմի, ինչպես նաեւ թիկունքային զորամասերի անձնակազմի խոցման համար:

Պաշտպանությունում կենսաբանական զենքի կիրառումը նպատակահարմար է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ շարակազմի, կառավարման կետերի եւ թիկունքի օբյեկտների անձնակազմի խոցման համար:

Օպերատիվ մարտավարական խնդիրների լուծման համար հակառակորդը կարող է կիրառել կարճ գաղտնի շրջանով եւ նվազագույն վարակելիությամբ կենսաբանական միջոցներ:

Ռազմավարական նշանակության օբյեկտների վրա առավել հավանական է երկարատեւ գաղտնի շրջանով եւ առավելագույն վարակելիությամբ կենսաբանական միջոցների կիրառումը:

ՌԱՖԱՅԵԼ ՓՆՋՈՅԱՆ

փոխգնդապետ

Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Ռազմական


01/08/2019