ԵՐԳԸ
1992 թ. ամառվա հունիսը վախի ժամանակ էր։ Մեծ ու փոքր փախչում էին։ Շահումյանից մինչեւ Մարտակերտի շրջան անտառներում մոլորված, ճանապարհը կորցրած մարդիկ էին թափառում։ Կամավորական ջոկատը, շրջապատումից խույս տալով, նույնպես թաքնվել էր անտառներում։ Հիմնական ուժերի հետ կապը կտրվել էր։ Դժվար էր պարզել՝ յուրայինները որտե՞ղ են, ո՞ր կողմ են նահանջել։ Վախը թափառում էր չորս կողմերում։ Արգելված էր կրակ վառել, բարձրաձայն խոսել։ Երրորդ օրն էր, ինչ ճարպկորեն դուրս էին պրծել թշնամու ծուղակներից։ Հոգնած էին։ Սնունդը վերջացել էր։ Նստեցին հանգստանալու։ Սննդի վերջին մնացորդներն էին միմյանց հետ կիսում։
Հանկարծ հեռվում ձայներ լսվեցին։ Թվաց, թե երեխայի լացի ձայն է։ Բոլորը միանգամից անշարժացան։ Դարձան լսողություն։ Տարօրինակ աղմուկ էր՝ անտառային ձայներին ոչ հատուկ։
– Երեւի թուրքեր են…,- շշնջաց զինվորներից մեկը,- գտել են հետքներս…
Վախն ավելի խտացավ։ Զինվորները ձեռքերի մեջ սեղմեցին զենքերը, ավելի լարեցին լսողությունը։
Նորից, անսպասելի լսվեց երեխայի լացն ու անմիջապես էլ կտրվեց՝ կարծես մեկը փակեր բերանը։ Կասկած չկար՝ անտառում մոլորված հայեր էին թափառում։ Երեւի իրենց տեսել էին, բայց վախենում էին մոտենալ, թուրքերի տեղ էին դրել։ Պարզելու համար հրամանատարը հետախույզների մի խումբ ուղարկեց։
– Հայեր են,- վերադառնալով զեկուցեցին հետախույզները,- մեզ նկատել են, կարծում են, թշնամի ենք… Չկարողացանք մոտենալ…
– Համոզվա՞ծ եք, որ հայեր են,- ասաց հրամանատարը,- փորձանքի չգանք։
– Հայեր են…,- հաստատեցին հետախույզները,- բայց վախեցած են… եթե մոտենանք, կարող են վախից կրակել։ Իզուր տեղը զոհեր կտանք։
Բոլորն ուշադրությամբ լսում էին հետախույզներին։ Այդպիսի դեպքեր եղել էին՝ երբ յուրայինները վախից կրակել էին կամ, թուրքերին յուրայինների տեղ դնելով, դարանի մեջ էին ընկել։ Զինվորները լռությամբ ծամում էին ուսապարկերի անկյուններում գտնված, ամառային շոգից չորացած հացի կտորտանքը։ Բոլորը մտահոգ էին։ Թողնել, հեռանալ չէր կարելի՝ գուցե անօգնական փախստականներ են։ Մոտենալ նույնպես վտանգավոր էր։ Բոլորը խորհրդային զինվորի համազգեստ էին հագնում, նույն զենքերը կրում, թուրքերից շատերը հայերեն էին խոսում։ Ամեն ինչ այնպես էր խառնվել, որ հնարավոր չէր յուրայինին թշնամուց տարբերել։
– Շա՞տ են,- հարցրեց հրամանատարը։
– Երեւի 30-40 հոգի։ Մեծ մասը տարբեր տարիքի երեխաներ են։
– Հարկավոր է ամեն ինչ պարզել։ Թեկուզ հենց մեր անվտանգության համար,- վճռականորեն ասաց հրամանատարը։
Նորից լռություն տիրեց։ Հեռվից, հազիվ լսելի, լացի ձայնը կրկնվեց։ Երեխաների ձայներ լսվեցին։
– Ճիշտ է, երեխեք են,- հուզված ասաց զինվորներից մեկը,- ծնողներին կորցրած, մոլորված… Ես թուրքերի մերը…
Հետո լացի ձայնն սկսեց հեռանալ։ Ի՞նչ իմանաս, ուր են գնում…
Զինվորներն սպասում էին հրամանատարի վճռին։ Եվ բոլորի համար անսպասելի նա սկսեց երգել.
Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես թշնամիք ուներ…
Զինվորները զարմացած լսում էին։ Մի՞թե այդ էր նրա վճիռը։ Իսկ նա շարունակում էր երգել.
Ուս ուսի տված, առյուծի նման
Ետ բերենք հողն ու փառքը հավիտյան։
Մի քանիսն սկսեցին ձայնակցել։ Հասկացել էին հրամանատարի մտադրությունը։ Ապա երգեցին բոլորը.
Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք։
Երգի հզոր ալիքները թնդացին անտառապատ լեռներում։ Պատերազմի դաժան մեքենան կարծես փոխեց շարժման ուղղությունը։ Հայերը ճանաչել էին միմյանց։ Կորածները գտնվել էին։ Վազելով գալիս էին։ Տարբեր տարիքի երեխաներ էին՝ տղաներ ու աղջիկներ, բոկոտն, ճղված հագուստներով, կիսամերկ, գզգզված մազերով, նիհարած, բայց վառվող աչքերով։ Բոլորից վերջում հայտնվեց մի ծերունի։ Վազելուց շունչը կտրվում էր։
Խառնվեցին զինվորներին։ Գրկախառնվում էին հարազատի նման։ Կարծես փախուստի ճանապարհին կորցրած ծնողներին էին գտել։ Զինվորները հացի վերջին փշրանքներն էին բաժանում նրանց։ Ծերունուն մի պահ բոլորը մոռացել էին։ Իսկ նա նստած, ուրախությունից լաց էր լինում։
– Պա՛պ, ես քու ցավը տանեմ,- ասաց հրամանատարը,- էս քանի՞ երեխա ես փրկել։ Էս երեխեքին որտեղի՞ց ես գտել…
– Մեկ-մեկ հավաքել եմ… Պա՛պը ձեր ցավը տանի… Ուղիղ քառասուն ու ինը հոգի։ Մոլորված, շշկլված, վախից թփերի, քարերի մեջ թաքնված, սովից, ծարավից նվաղած… Մեկ-մեկ գտել եմ, հավաքել… Փրկել եմ… Էս ա, տասը օր առաջ ութսունս լրացավ։ Հիմա, որ մեռնեմ էլ, ցավ չի… Իմ փոխարեն էս քառասուն ու ինը երեխեքը կապրեն:
Հրամանատարը գրկեց ծերունուն, համբուրեց ճակատը։ Ծերունու հանդեպ զինվորները հարգանքով լցվեցին։ Անհավատալի էր։ Շատերը գլխապատառ փախչում էին, իսկ ծերունին, իր մասին մոռանալով, ուրիշի երեխաներին էր հավաքել, տառապանքի գնով պահել-պահպանել։ Երկար օրեր…
– Պա՛պ, բա որ թուրք լինեինք,- կատակեց զինվորներից մեկը։- Էդ ո՞նց որոշեցիր մոտենալ… Բա որ թուրք լինեինք ու հայերեն երգեինք…
– Ա՛յ բալա,- հանգիստ ասաց ծերունին,- բա թուրքը կարա՞ հայի երգը հայի նման երգի։ Թուրքն իրա բայաթիից դենը բան չունի:
Բոլորը ծիծաղեցին։ Երեխաները մոռացել էին եւ՛ հոգնություն, եւ՛ քաղց։ Հրամանատարը նորից երգեց «Հայե՛ր, միացե՛ք» երգը։ Բոլորը միացան երգին, եւ միասին երգն ավելի հզոր էր հնչում, ավելի մարտական…
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Հոգևոր-մշակութային