ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Սեպտեմբերի 4-24-ը ՀՀ ԶՈՒ 15 զինծառայողներից կազմված զորախումբը մասնակցեց Գերմանիայի հարավ-արեւելքում գտնվող Գրավենվեր ամերիկյան ռազմակայանում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կազմակերպած «Համատեղ ձգտում- 2011» կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զորավարժությանը:
«Համատեղ ձգտում» ամենամյա զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակը կապի, ռադիոսարքավորումների և տեղեկատվական տեխնոլոգիաների շահագործման բնագավառում:
Հայաստանը զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցել է 2002 եւ 2003 թվականներին, իսկ 2004-ից առայսօր հանդես է գալիս որպես լիարժեք մասնակից.
«Զորավարժության ընթացքում կատարման ենթակա խնդիրները տարեցտարի բարդանում են` ներգրավելով նորանոր ոլորտներ: Այս տարի զորավարժության նպատակն էր կապի եւ ծրագրային ապահովման համատեղելիության ուսումնասիրումը եւ փորձարկումն ինչպես մասնակից երկրների, այնպես էլ տարբեր համակարգերի միջեւ: Զորավարժությանն այս տարի մասնակցում էին 40 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ` մոտ 1500 հոգի: Պետք է նշեմ, որ տարբեր երկրների կողմից բացազատվող կապի եւ ինֆորմացիոն համակարգերի ուսումնասիրումն ու փորձարկումը թույլ է տալիս լիարժեք եւ օպտիմալ կերպով պլանավորել վերոհիշյալ համակարգերի կիրառումը զինված ուժերում»,- ասաց ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության բաժնի պետ փոխգնդապետ Ա. Գեւորգյանը, ով հայկական խմբի ղեկավարն էր:
Զորավարժության ընթացքում հայ կապավորները կատարեցին հետեւյալ խնդիրները` զորավարժությունների տեղային (լոկալ) ցանցում էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակում, ինտերնետ հեռախոսակապի ապահովում, տվյալների փոխանակման երթուղայնացում, «Harris» ռադիոկայանների միջոցով տվյալների փոխանակման ապահովում տարբեր տիրույթներում՝ «HOP» եւ «3G» ռեժիմներում եւ այլն:
«Հայկական պատվիրակության կողմից պլանավորված էր 53 թեստի կատարում, որից 48-ը գնահատվեց «գերազանց», մեկը` «լավ», իսկ 4 թեստ չի ստուգվել տեխնիկական անհամատեղելիության պատճառով»,-ասաց փոխգնդապետ Գեւորգյանը: Ի դեպ՝ Ադրբեջանից զորավարժությանը մասնակցել է 5 կապավոր, որոնք կատարել են ընդամենը 4 թեստ:
ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության բաժանմունքի պետ փոխգնդապետ Խ. Երիցյանը ռադիոենթախմբի պետն էր: Նա կարեւորեց այն, որ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ոչ միայն վարչության սպաներ, այլեւ զորամասերի կապի մասնագետներ:
«Նախկինում մեր հիմնական խնդիրը թեստի կատարումն էր ձայնային ռեժիմում, բայց այս տարվա խնդիրները նախորդ տարիներից շատ ավելի բարդ էին: Այս տարվա նշանակալի ձեռքբերումը համարում եմ ՀՀ ՊՆ ընդունիչ-հաղորդիչ կետին տվյալներ փոխանցելն ու ստանալը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված հատուկ ռադիոցանցի միջոցով,- պատմում է Խ.Երիցյանը:- Այս առաջադրանքը ոչ բոլոր երկրներին հաջողվեց իրականացնել: Տեսնելով, որ մեր մասնագետները, հատկապես ռադիոկենտրոնում աշխատող կապիտան Գ. Հարությունյանը եւ մայոր Հ. Կիրակոսյանը, հեշտությամբ իրականացնում են խնդիրը, Լատվիայի զինվորական ղեկավարությունը մեր առաջադրանքի բարդության մակարդակը համապատասխանեցրեց ՆԱՏՕ-ի ամենաբարդ չափանիշներին: Մեր տղաները գերազանցությամբ կատարեցին նաև այդ առաջադրանքը` տվյալները շատ արագ ուղարկելով Երեւան: Ամերիկյան ղեկավարությունը փոքր-ինչ թերահավատորեն էր վերաբերվում մեր՝ այդքան արագ գործելու ունակությանը, բայց սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը, նրանք թեստ-շնորհավորանք ուղարկեցին մեր կապավորներին, եւ վերջիններիս պատասխանը չուշացավ»:
Փոխգնդապետ Երիցյանը նշեց, որ իրենք ծանոթացել են գերմանական, ֆրանսիական, պորտուգալական, իսրայելական ռադիոկայանների հնարավորություններին, փորձարկել դրանց համատեղելիությունը մեր ունեցածի հետ: Ծանոթացել են նաև ավտոմատացված կառավարման «Ժասմին» համակարգին, որի միջոցով լեհական կողմն իրականացնում էր ամբողջ զորավարժության ղեկավարումը. «Այժմ մենք կարող ենք համակարգի աշխատունակությունն ու որակը փորձարկել մեկ գումարտակի օրինակով»:
Ամերիկյան հրամանատարությունը կազմակերպել էր նաեւ քսանօրյա դասընթացներ կիբեռանվտանգության թեմայով, որին մասնակցած հայ սպաները գիտելիքներ ձեռք բերեցին կիբերանվտանգության եւ ռադիոհաճախականությունների բաշխման ոլորտներում:
Հայկական պատվիրակության 12 անդամներ զորավարժության հրամանատարի, իսկ 3 սպաներ՝ ամերիկյան հրամանատարության կապի պետ բրիգադի գեներալ Գրեգորի Բրանդիչի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակության՝ զորավարժության վայր այցելության ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ կապի եւ ԱԿՀ վարչության պետն ու պատվիրակության ղեկավարը ցուցաբերած բարձր արդյունքների եւ կարգապահության համար գեներալ-լեյտենանտ Ֆրանկ Գորենցի կողմից պարգեւատրվել են հուշամեդալներով: Այդ հուշամեդալներով պարգեւատրվել են միայն հայկական պատվիրակության անդամները:
Հայկական պատվիրակությունը ճանաչվել է լավագույն ցուցանիշներ ունեցող գործընկեր երկիր:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ