Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ



ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ2019թ. հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկնակի տոն էր։ Տարիներ շարունակ չգործած այս սրբավայրը Վարդավառի տոնին դարձյալ վերաօծվեց, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ օծված սրբավայրը փոխանցվեց զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Սա բացառիկ և եզակի իրողություն է, քանի որ այսուհետև հայոց բանակն  ու հայ զինվորը, շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու, կունենա իր սեփական եկեղեցին։

Նվիրաբերման համար օրը պատահական չէր ընտրված. տոնի խորհուրդին համապատասխան՝ նվիրումով ու սիրով, եկեղեցին խոստանում է շարունակաբար լինել բանակի կողքին և ոչ միայն  հոգևոր աջակցություն ցուցաբերելով, այլև զինվորի համար սրբավայր ունենալու վճռականությամբ։

…Հնչեցին եկեղեցու զանգերն, ու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը։ Սրբազան արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Եկեղեցու փոխանցումը զինված ուժերին մեկ կարևոր խորհուրդ ունի. Է՛լ ավելի ամրապնդել բանակ-եկեղեցի միասնությունը, քանի որ հենց այս միության մեջ է ազգի էությունը։ Բանակը ժողովրդի հավաքական կամքի, նվիրումի ու հայրենասիրության արտացոլումն է, իսկ եկեղեցին, Աստծու անմիջական ներգործությամբ, այդ կամքը, նվիրումը և հայրենասիրությունը սերմանում է յուրաքանչյուր հայի և յուրաքանչյուր զինվորի սրտում. «Վերաօծմամբ և պայծառակերպությամբ այս եկեղեցին կոչված է դառնալու հայ զինվորի հոգևոր կերտվածքի հենակետը, հայրենասիրության մշտական սրբավայրը։ Մեր աղոթքն է առ Աստված, որ այս եկեղեցին դառնա Թաբոր լեռը հայոց բանակի»,-սրբազան արարողությանն ասաց պատարագիչ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. «Եկեղեցու նվիրաբերումը զինված ուժերին կարևոր խորհուրդ ունի։ Այս սրբավայրը պետք է հայոց բանակն առաջնորդի ու ուղղորդի միայն դեպի քրիստոնեական արժեքներ»։

Սրբազանի խոսքով՝ տարիներ են պահանջվել, որպեսզի գաղափարն  իրագործվի։ Մեծ են եղել հատկապես պաշտպանության նախարարության, մասնավորապես՝ Դավիթ Տոնոյանի ջանքերը։ Այդ մասին փաստեց նաև պաշտպանության նախարարի տեղակալ  Գաբրիել Բալայանը. «Եկեղեցին միշտ եղել է բանակի կողքին։ Զինված ուժերում գոյություն ունի հոգևոր առաջնորդի պաշտոնը, և հոգևոր սպասավորները մեծ աջակցություն են ցուցաբերում զինուժին։ Այսօր արդեն բանակ-եկեղեցի կապը առարկայական ձև է ստանում, և ես կարծում եմ, որ զինված ուժերի բոլոր այն միջոցառումները, որոնք ենթադրում են եկեղեցական ծիսակարգեր, կկատարվեն հենց այստեղ»,- ասաց փոխնախարարը։

Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոստացավ այնպես անել, որ Սուրբ Աստվածածինը այսուհետև մեկ առաքելություն ունենա, որ հայ զինվորն ու հայ սպան մկրտվեն հենց այստեղ և իրենց ամուսնական արարողակարգն անցկացնեն հենց այս եկեղեցում։ Ըստ սրբազանի՝ հասարակությունը այս կերպ է՛լ ավելի կարժևորի սպայի դերը մեզանում, և կմեծանա հասարակության հավատը մեր բանակի հանդեպ։

1679թ. աղետալի երկրաշարժից ավերվել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ  այն 1695թ. վերակառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է` աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային և արևմտյան կողմերից։ 2012-2016թթ. Աստվածածին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է Քանաքեռի բնակիչ, բարերար Արտուշ Սիմոնյանի ջանքերով։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #29 (1300) 31.07.2019 - 6.08.2019, Ազգային բանակ


01/08/2019