Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ



Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի թոռան՝ արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանի համար Հայաստանի Հանրապետության անկախության օրը կրկնակի խորհուրդ ունի։ 68 տարի առաջ՝ 1943թ. սեպտեմբերի 21-ին, ֆաշիստական զորքերից Անապայի ազատագրության մարտերում արիաբար զոհվեց ու հերոսացավ Սուրեն Առաքելյանը։ Այս տարի սեպտեմբերի 21-ին Վազգեն Առաքելյանը Անապայում էր, գնացել էր ծաղիկներ դնելու պապի հուշարձանին, ոգեկոչելու նրա հիշատակը եւ Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի ավետիսը տանելու հերոս հայորդուն։

-Պարոն Առաքելյան, նախքան Անապայի ազատագրման տոնակատարությունների մասին պատմելը, խնդրում եմ հիշել Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի սխրանքը, որը նրան հերոսի կոչման արժանացրեց։

-Պապիս մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրվել, որտեղ արձանագրվել են 1943թ. սեպտեմբերի 21-ին Անապայի ազատագրության համար մղվող մարտերի մանրամասները եւ սերժանտ Սուրեն Առաքելյանի սխրանքը. «Հակառակորդը ամրանալով Կուրբատսկայա բնակավայրի մոտ գտնվող բարձունքում, կատաղի դիմադրում էր։ Հարկավոր էր ցանկացած գնով հետ շպրտել թշնամուն ու գրավել բարձունքը։ Կրտսեր լեյտենանտ Սամվել Մալխասյանի դասակը, որի ջոկերից մեկի հրամանատարն էր սերժանտ Սուրեն Առաքելյանը, առաջադրանք է ստանում մոտենալ թշնամու ամրություններին եւ գրավել այն։ Մարտի ժամանակ դասակի հրամանատարը վիրավորվում է, եւ դասակի հրամանատարությունը ստանձնում է Սուրեն Առաքելյանը։ Երբ մի քանի քայլ էր մնում մինչ թշնամու կրակակետը, սկսում է ճարճատել խոշոր տրամաչափի գնդացիրը։ Սուրենը մարտիկներին հրամայում է պառկել, իսկ ինքը, զինվելով նռնակներով, սողում է դեպի թշնամու գնդացիրը։ Սակայն սկսում է գործել թշնամու մեկ այլ՝ հաստոցավոր գնդացիրը։ Սուրեն Առաքելյանը վիրավորվում է, սակայն լարելով վերջին ուժերը՝ նետվում է դեպի գնդացրի հրանոթը եւ կրծքով փակում նրա մահաբեր երախը։ Քիչ անց բարձունքի վրա ծածանվում է յուրայինների դրոշը։ Մարտիկները գլխահակ շրջապատում են իրենց 32-ամյա հրամանատարի աճյունը»։ Ընդամենը երկու օր էր անցել Հունան Ավետիսյանի սխրանքից։ Եվ ճակատային թերթերը գրեցին. «Ընդմիշտ վառ կմնա հայ ժողովրդի քաջարի զավակներ Հունան Ավետիսյանի եւ Սուրեն Առաքելյանի հիշատակը», «Գալիք սերունդները երբեք չեն մոռանա հայ ժողովրդի հերոսին, որն իր մարմնով ծածկեց ֆաշիստական գնդացրի փողը եւ իր կյանքի գնով ճանապարհ բացեց հայ ժողովրդի հաղթական զորամասի առաջխաղացման համար»։

-Անապայում հիշո՞ւմ են Սուրեն Առաքելյանի սխրանքը, ճանաչո՞ւմ են նրան։

-Այս փոքրիկ ասքը անգիր գիտի Անապայի յուրաքանչյուր տեղաբնակ քաղաքացի, յուրաքանչյուր դպրոցական։ Կուրբատսկայա գյուղում Սուրեն Առաքելյանի հուշարձանը միշտ զարդարված է թարմ ծաղիկներով։ Անապայի պատերազմի թանգարանում կա Սուրեն Առաքելյանին նվիրված փառքի անկյուն։ Կա նաեւ առանձին Սուրեն Առաքելյանի թանգարան, որտեղ պահպանված են նյութեր հերոսի մասին եւ մասունքներ։ Այս տարի Անապայի ազատագրության օրը համաժողովրդական տոնի էր վերածվել։ Մարզային հեռուստաալիքների լուրերը սկսվում էին տոնական հանդիսությունների լուսաբանմամբ, որոնց զգալի մասը նվիրված էր Սուրեն Առաքելյանի անմահ սխրանքին։ Ես՝ որպես հերոսի թոռ, բոլոր միջոցառումների պատվավոր հյուրն էի եւ անթաքույց հպարտությամբ լսում էի պապիս հասցեին հնչող փառաբանությունները։ Անապայի քաղաքապետ Տատյանա Նեւսիկովան իր խոսքում նշեց, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը դարավոր պատմություն ունի։ Հայերը միշտ ապացուցել են, որ ոչ միայն հավատարիմ բարեկամներ են, այլեւ քաջ են, անձնվեր ու օժտված են ռազմական տաղանդով. «Սուրեն Առաքելյանի եւ նրա նման հերոսների թափած արյունը ավելի ամուր ու անխախտ է դարձնում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, մեկ անգամ եւս փաստելով, որ հայերը հերոսներ ծնող ազգ են»։

-Մենք դիտեցինք ռուսական հեռուստաալիքների հեռարձակած կադրերը. Անապայի մարզային վարչական տարածքների ղեկավար Ալեքսանդր Կոչերգան բառացիորեն խոնարհվեց Ձեր առաջ՝ հանձնելով պատվոգիր եւ «Անապան զինվորական փառքի քաղաք» հռչակող՝ ՌԴ պրեզիդենտ Մեդվեդեւի հրամանի բնօրինակը։

-Կոչերգան, հանձին ինձ՝ մեր ժողովրդի առաջ խոնարհվեց։ Իսկ «Անապան զինվորական փառքի քաղաք» հռչակելու փաստաթուղթը նվիրեց ինձ՝ կիսելով Անապայի փառքը քաղաքի ազատագրության համար զոհված հերոսի ժառանգների հետ։ Կոչերգան իր խոսքում նշեց, որ հայերը փառք են բերել բոլոր այն բանակներին, որտեղ ծառայել են, եւ Հայաստանի հավերժության խորհուրդը նրա զավակների ազնվության, խիզախության ու հավատարմության մեջ պետք է փնտրել։

Երբ վերադարձա Հայաստան, պարզվեց, որ Անապայի ազատագրման տոնակատարությանը մասնակցել են նաեւ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը (իմ ընտանիքը այդ տարածքում է բնակվում) եւ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Օրեր առաջ ես ընդունելության արժանացա նաեւ մեր թաղապետարանում։ Թաղապետը ինձ հանձնեց Անապայի քաղաքապետի կողմից ուղարկված պատվոգիրը եւ պատմեց, թե ինչ մեծ հպարտություն է ապրել Անապայում, երբ փառքով ու երախտագիտությամբ հիշատակել են հերոս հայորդու՝ Սուրեն Առաքելյանի անունը։

-Պարոն Առաքելյան, պահպանվե՞լ են մանրամասներ Սուրեն Առաքելյանի կարճատեւ կենսագրությունից։

-Պապս գորիսեցի է, Տաթեւից։ Հայրս նրա միակ զավակն է։ Անկեղծ ասած՝ հայրս չի հիշում պապիս, քանի որ շատ փոքր է եղել, երբ պապս զոհվել է։ Մենք պապիս մասին մանրամասներ ենք իմացել ժամանակակիցների հուշերից եւ թերթերում ու գրքերում զետեղված հրապարակումներից։ Սուրեն Առաքելյանը եղել է Տաթեւի դպրոցի առաջին սաներից։ 1933-ին զորակոչվել է խորհրդային բանակ եւ ծառայել հայկական հեծյալ գնդում, որի հրամանատարը լեգենդար Հովհաննես Բաղրամյանն էր։

Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Գորիսի միլիցիայում։ Այդ տարիներին մամուլում բազմաթիվ հոդվածներ են լույս տեսել միլիցիոներ Սուրեն Առաքելյանի անձնվեր աշխատանքի մասին։ Նրանցից մեկը պատմում է, թե ինչպես է գիշերային հերթապահություն կատարող միլիցիոները անհավասար կռվի բռնվել զինված հանցագործի հետ, որը փորձում էր դաշույնով սպանել մի քաղաքացու։ Պապս վիրավորվում է դաշույնի հարվածից, սակայն չի նահանջում։ Ի վերջո, կարողանում է փրկել մարդասպանության համար նախկինում դատված հանցագործի հերթական զոհին, իսկ հանցագործին բերման է ենթարկում ներքին գործերի բաժին։

Երբ սկսվում է պատերազմը, երկու եղբայրները գնում են բանակ, իսկ պապս, որպես միլիցիոներ, ազատվում է ծառայությունից։ Սակայն օրեր անց նա դիմում է զինկոմիսարիատ եւ կամավոր մեկնում ճակատ։ Մոտ մեկ ամիս անց Սուրեն Առաքելյանը ճակատում լսում է եղբոր՝ Հովհաննես Առաքելյանի զոհվելու լուրը։ 1943-ին պապս ռազմաճակատում հանդիպում է մյուս եղբորը՝ դասակի հրամանատար լեյտենանտ Բագրատ Առաքելյանին, նրանց վիճակվում է միասին անցնել Կովկասյան պաշտպանության ճակատի մի հատվածը։ Թեժ մարտերի ժամանակ Բագրատը ծանր վիրավորվում է։ Սուրենը լսում է եղբոր վիրավորվելու լուրը, ու երբ հասնում է սանգումարտակ, եղբայրը նրա ներկայությամբ հավետ փակում է աչքերը։

-Իսկ Տաթեւում, նրա հարազատ գյուղում հիշո՞ւմ են հերոսին։

-Իհարկե, Տաթեւի դպրոցը Սուրեն Առաքելյանի անունով է։ Գյուղի բոլոր հանդիսությունները պապիս հուշարձանի մոտ են տեղի ունենում։ Հերոսներին հիշելն ու մեծարելը ավելի շատ ապրողներին է պետք, երիտասարդ սերունդը պետք է նրանց օրինակով դաստիարակվի, պետք է գիտակցի իր բարոյական պարտքը նրանց հիշատակի առաջ եւ նրանց հերոսության ժառանգորդը դառնա։

-Փաստորեն, ավանդույթները շարունակվում են. Դուք նույնպես ուսադիր եք կրում։

-Սուրեն Առաքելյանը երկու թոռ ունի՝ երկուսն էլ ուսադիր են կրում։ Ավագ եղբայրս՝ Սուրեն Առաքելյանը, աշխատում է ՆԳ Երեւան քաղաքի վարչությունում, փոխգնդապետ է։ Հայաստանի ուժային կառույցների յուրաքանչյուր հայորդի պիտի հպարտությամբ ու մեծ պատասխանատվությամբ կրի իր համազգեստը, որովհետեւ մեր նախնիները իրենց սխրանքներով, իրենց արյամբ են սահմանել այդ համազգեստին արժանի լինելու չափանիշները։ Մեր պապերը բախտ չեն ունեցել մասնակցելու սեփական երկրի ազատագրության մարտերին ու մեծարվելու իբրեւ ազգային հերոսներ, բայց որ երկրում էլ մարտնչեին, նրանք սեփական հողն են պաշտպանել ու իրենց բաժին հայրենիքը։ Նրանք հերոսական պատմություն են գրել գալիք սերունդների համար ու հայրենիքը կյանքից առավել սիրելու պատգամ են հղել ապրողներիս։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


13/10/2011