Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՈՎՍԵՍԻ ՄԱՀԸ ՍԳՈՒՄ ԷԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ»



ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումը: Ինստիտուտի կուրսանտներին Մովսես Գորգիսյան մարդու, ազգային գործչի մասին պատմելու էին եկել Մ. Գորգիսյանի այրին` Ռուզան Գորգիսյանը, ընկերները, համակուրսեցիները:

Հանդիպումը մեկնարկեց սցենարիստ եւ ռեժիսոր, Մ. Գորգիսյանի համակուրսեցի Սամվել Թադևոսյանի նկարահանած «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի «Մովսես» ֆիլմի ցուցադրությամբ:

Ս. Թադեւոսյանը ֆիլմը նկարահանել է 2000 թվականին: Նրա խոսքով, «Մովսես» ֆիլմն իր բոլոր ապրումների խտացումն է. «Ֆիլմը նկարահանելիս դիմեցի ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանին՝ խնդրելով, որ կարդա ուղեկցվող տեքստը: Նա մեծ սիրով ընդունեց առաջարկը, քանի որ լավ էր ճանաչում Մովսեսին: Խ.Աբրահամյանի հուզիչ խոսքն էլ հենց պատմում է Մովսեսի մասին՝ անսահման վճռական, ժպտադեմ, պարզ մարդու, հայորդու, որ եկավ լուսավորելու բոլորի սրտերն ու իրագործելու մեր ժողովրդի դարավոր իղձը»:

Մ.Գորգիսյանի ընկերներից Կարեն Վարդանյանը ինստիտուտի սպաներին եւ կուրսանտներին ներկայացրեց Մովսեսի կազմակերպչական ունակությունները, նրա ազդեցությունն իր նման երիտասարդների վրա: Կարեն Վարդանյանը Մովսես Գորգիսյանի հետ ծանոթացավ բանտում. Մովսեսի հինգերորդ բանտարկությունն էր, իսկ ինքն առաջին անգամ էր հայտնվել այնտեղ: Նրա խոսքով, թե՛ բանտապահները, թե՛ անվտանգության աշխատակիցները հարգում էին Գորգիսյանին, խնդրում նրան խոսել մեր ազգային ծրագրերից ու անելիքներից:

«Բանտից ազատվելու օրը Մովսեսը հանդիպեց իմ ընտանիքի հետ,- պատմում է Կարենը:- Մորս սիրտը հիվանդ էր, գիտեի, որ անհանգստանում է ինձ համար, ուստի Մովսեսին խնդրել էի զանգահարել ու տեղեկացնել նրան, որ ես լավ եմ: Հետո միայն իմացա, որ դա նրա առաջին անելիքն էր եղել՝ բանտից դուրս գալուց հետո: Թեպետ հոգնած էր եղել, շտապել էր Գրողների միություն, այստեղից զանգել էր ոչ միայն իմ, այլեւ բանտում եղած բոլոր տղաների մայրերին եւ նրանց հետ հանդիպել»:

Ազգային հերոսի այրին` Ռուզան Գորգիսյանը, ամուսնու կյանքի ամեն դրվագ խնամքով է պահում հիշողության մեջ. «Մենք միասին ենք սովորել ինստիտուտում. նա տարբերվում էր իր հայեցի խոսքով, մտածելակերպով, ազգային արժեքների հանդեպ նվիրումով: Դեռ ուսանողական տարիներից արդեն գիտեր, թե ինչպես պետք է ապրի, որն է իր անելիքը կյանքում: Մովսես Գորգիսյանը պայքարում էր Հայաստանի Հանրապետություն, պետականություն ունենալու համար, նա ասում էր, որ Արցախին կարող է օգնել միայն հզոր եւ ինքնիշխան պետությունը»:

Պատահական չէ, որ 1988 թվականի մայիսի 28-ին՝ 70-ամյա ընդմիջումից հետո, հենց Մովսես Գորգիսյանը ժողովրդին փոխանցեց հայոց Եռագույնը: «Այս արարքը Խորհրդային Միությանը նետված ձեռնոց էր: Մովսեսը միշտ էլ առաջինն էր ճանապարհ հարթում ուրիշների համար»,-ասում է Մովսես Գորգիսյանի այրին:

Ամուսնու կյանքի վերջին տարին հիշելիս Ռուզանն արձանագրում է` նա ազատվել էր բոլոր տեսակի թերություններից ու մարդկային թուլություններից, եթե նախկինում համարձակ էր, դարձել էր գերհամարձակ, եթե ազնիվ էր` գերազնիվ, եթե սկզբունքային էր՝ գերսկզբունքային.

«Հիշում եմ` մի օր սրճարանում էինք, այնտեղ գնում էինք՝ մեր անելիքները քննարկելու եւ հստակեցնելու: Այդ օրը տղաներից մեկը ժամադրված էր ընկերուհու հետ եւ Մովսեսից փող խնդրեց՝ ծաղիկներ գնելու համար: Մովսեսը մերժեց, որովհետև օրեր առաջ նրան հանձնարարություն էր տվել, իսկ վերջինս թերացել եւ չէր կատարել: Րոպեներ անց Մովսեսը դուրս եկավ սրճարանից եւ վերադարձավ մեծ ծաղկեփունջ ձեռքին: Ընկերը ժպտաց` կարծելով, թե Մովսեսը զիջել է: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ Մովսեսը ծաղկեփունջն ուղղեց մատուցողուհուն եւ շնորհակալություն հայտնեց նրան՝ բարձրակարգ սպասարկման համար»:

Անկախության վերականգնումը, ինքնիշխանության կերտումը պահանջում էին նվիրված եւ անդադար պայքար, իսկ Մովսես Գորգիսյանի կեցվածքը վճռական էր, նա պայքարում էր հաղթական ելքի համար, նա իր շուրջը համախմբվածներին ուղղորդում էր դեպի Մեծ ու Հզոր Հայաստան:

«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»,- ասում էր Մովսես Գորգիսյանը: Այդ պայքարը նրան տարավ ռազմի դաշտ, որտեղ էլ 1990թ. հունվարի 19-ին 28 տարեկանում նա ընկավ:

«Ես ցավակցական հեռագրեր էի ստանում նույնիսկ Ադրբեջանից. ինձ սփոփանքի խոսքեր էին գրում այն ադրբեջանցիները, որոնց համար ազատությունն ու անկախությունը արժեքներ են»,-ասում է Ռուզան Գորգիսյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Բանակ և հասարակություն


13/10/2011