Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՐԴԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՐԴԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՀայկական լեռնաշխարհի ռազմավարական նշանակությունը պատմականորեն պայմանավորված է եղել Եվրոպա-Ասիա-Աֆրիկա աշխարհամասերի միջև կապող օղակի բարենպաստ աշխարհագրական դիրքով: Այն մի խոշոր բնական միջնաբերդ է, որն իշխող դիրք ունի Անատոլիական ու Իրանական սարահարթերի և Միջագետքի դաշտավայրի նկատմամբ:

Գլխավորապես պատմական Հայաստանի ռազմավարական-քաղաքական նշանակությունն էր պատճառը, որ նա գրեթե իր ամբողջ պատմության ընթացքում եղել է կռվախնձոր աշխարհակալ պետությունների միջև, մի հանգամանք, որը խիստ բացասական ազդեցություն էր գործում նրա քաղաքական անկախության և տնտեսության զարգացման վրա (Տես Թ.Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն: Ե., 2007, էջ 79:):

Այս հանգամանքը մեր նախնիներին ստիպել է ամբողջ պատմության ընթացքում իրենց գործունեության հիմնական գործառույթներից մեկը դարձնել երկրի պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումը. տվյալ ժամանակահատվածի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող վայրերում կառուցվում էին ամրակուռ ամրոցներ, վերակառուցվում էին նախկինում կառուցվածները` դրանք նորագույն պահանջներին համապատասխանեցմամբ կամ ճակատամարտերի ժամանակ վնասվածությունների վերացմամբ:

Թագավորության կամ իշխանության տարածքում հզոր և կանգուն ամրոցները միշտ խորհրդանշել են ինքնիշխանությունը և բնակիչների անվտանգությունը:

Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրալիր բերդախրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ էին: Մ. թ. ա. 9-6-րդ դարերում Վանի թագավորության քաղաքները` Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն, նաև ամրոցներ էին: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին: Հզոր ամրոցներից էին նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը Կիլիկիայում և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չէին լինում:

Իհարկե, ներկայումս մարտարվեստի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման արդի փուլում ամրոցները և բերդերը հիմնականում կորցրել են իրենց ռազմական նշանակությունը: Սակայն զուտ բարոյահոգեբանական տեսակետից, կարծում եմ, կանգուն պաշտպանական կառույցները տվյալ երկրի ժողովրդին հիշեցնում են իր հերոսական անցյալը: Յուրաքանչյուր ամրոց սերունդների հիշողության մեջ տպավորվում է իր կառուցած և պաշտպանած իշխանական տոհմերով ու զորավարներով, հիշարժան ճակատամարտերով, ինչպես նաև մեծանուն գրողների` դրանց նվիրած պատմավեպերով:

Երկրի տարածքում գտնվող ամրոցների ավերակները զուգորդվում են ճակատամարտում կրած պարտության հետ, իսկ կանգունները` անպարտելի հերոսական անցյալի:

Արդի աշխարհում երկրների մեծ մասը ի նշան նախնիների հերոսական անցյալի փառաբանման, ի նշան իր արմատներին բանակի հավատարմության, վերակառուցում են հատկապես այն պատմական բերդերն ու ամրոցները, որոնք ուրույն դեր են խաղացել ազգապաշտպանության գործում: Վերականգնված բերդերը նոր սերունդների գիտակցության մեջ ամրապնդում են ազգի անպարտելիության, արիության և հայրենասիրության գաղափարները: Կանգուն բերդի պատկերը մարդու մեջ այն համոզմունքն է առաջացնում, որ դրա պաշտպանները հաղթել են, այլապես հակառակորդը կավերեր այն:

Բացի նշված զուտ բարոյահոգեբանական նշանակությունից, վերականգնված բերդերը կարող են նպաստել նաև մի շարք տնտեսական, սոցիալական, մշակութային հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես` դրանք կարող են օգտագործվել որպես պատմական թեմաներին առնչվող ֆիլմերի, ներկայացումների, օպերաների բեմադրման ու նկարահանման վայր: Վերականգնված բերդերում որոշ ենթակառուցվածքների ստեղծմամբ դրանք հնարավոր կլինի ներառել ՀՀ-ում կայուն զարգացող զբոսաշրջային երթուղիների ցանկում` նաև որոշ թվով աշխատատեղերի ստեղծման հարցի լուծմամբ: Որպես արդյունավետ սոցիալական ծրագիր` կառաջարկեի բերդերի վերականգնման, ապա և զբոսաշրջային ու այլ նպատակներով դրանց սպասարկման աշխատանքներում ներգրավել տվյալ տարածաշրջանի վետերան ազատամարտիկներին: Հնարավորության դեպքում, արդեն նորոգված բերդերին կից կարելի է ստեղծել երիտասարդ երկրապահների կայազորային ճամբարներ, հին արհեստների` դարբնություն, կաշեգործություն, զինագործության և այլն, ուսուցման կենտրոններ: Նման կենտրոններում պատրաստված հնաոճ արտադրանքը, կարծում եմ, հետաքրքրություն կներկայացնի այցելուների համար և կարող է վաճառվել որպես ազգային հուշանվեր:

ՀՀ տարբեր մարզերում առկա ամրոցների վերահսկողությունը նպատակահարմար է դնել մոտակա զորամիավորումների, զորամասերի կամ ստորաբաժանումների վրա, ընդսմին հնարավորության դեպքում դրանք տեղաբաշխել ամրոցում (օրինակ` ՀՀ-ում ՌԴ 102-րդ զորակայանը Ալեքսանդրապոլի բերդի տարածքում է): Տավուշի մարզի Բերդավան գյուղի միջնադարյան բերդը սահմանամերձ հատվածում է, և նրա վերահսկողությունը կարելի է հանձնարարել տվյալ տարածքի պահպանությունն ապահովող զորամասին, իհարկե` ՀՀ պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի հետ համագործակցությամբ:

Կարծում եմ` բավական տպավորիչ և ազդու կլիներ նաև վերանորոգված ամրոցներում նորակոչիկների երդման արարողությունների, մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների հրահանգավորման, ռազմախաղերի անցկացումը և այլ միջոցառումների կազմակերպումը:

Ներկայումս պատմական Հայաստանի բազմաթիվ բերդեր մնացել են այլ երկրների տարածքներում: Այդ երկրները, մասնավորապես` Թուրքիան և Ադրբեջանը,  վերականգնելով դրանք, նենգափոխումների իրենց ազգային գաղափարախոսության համատեքստում, ներկայացնում են որպես իրենց պատմական հուշարձանները` դրանց վրա ծածանելով իրենց պետությունների դրոշները:

Ադրբեջանում, մասնավորապես` Նախիջևանում, վերջին տասնամյակներում մեծ թափ են առել հայկական բերդերի վերանորոգման աշխատանքները, ընդսմին դրանք ներկայացվում են որպես «Ադրբեջանի պատմության» կանգուն վկաներ և օգտագործվում են քարոզչական ու զբոսաշրջիկների այցելությունները խթանելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՐԴԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ2016թ. փետրվարի 8-ին  «PanARMENIAN.Net կայքը» հրապարակեց «Ադրբեջանը «սեփականացնում է» Նախիջևանի Երնջակաբերդը» վերնագրով հոդվածը, որում, հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հայտնում էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վերակառուցվում է Հին Ջուղայից ոչ հեռու գտնվող Ալինջա բերդը: Նաև հաղորդվում էր, որ 2014 թ. սկսած աշխատանքների շնորհիվ 2016 թ. գարնանն արդեն բացվել են ինչպես վերակառուցված ամրոցը, այնպես էլ թանգարանը: Ադրբեջանական կայքերն, իհարկե, Երնջակ լեռան վրա խոյացած ամրոցի հիմնադիրների և նախկին տերերի մասին «համեստորեն» լռել են՝ հիշատակելով միայն, որ ժամանակին բերդին տիրել են սելջուկներն  ու Լենկ Թեմուրը:

Իրականում, Ալինջա բերդի անունը բուն հայերեն Երնջակ անվան փոխակերպված տարբերակն է: Որոշ հնագիտական տվյալների համաձայն` այստեղ ամրոց է կառուցվել դեռ մ. թ. ա. 8-7-րդ դդ., իսկ մ. թ. 5-8-րդ դարերում այն վերակառուցել են Սյունյաց իշխանները:

ՀՀ-ում բերդերի վերականգնման աշխատանքները անշուշտ պետք է կատարվեն ՀՀ ԳԱԱ Պատմության ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների մասնագետների հսկողությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական նմուշները հետագայում կարող են համալրել գործող և ստեղծվելիք թանգարանների ցուցասրահները:

Վերականգնման աշխատանքներում ցանկալի կլինի ներգրավել նաև ՀՀ  ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին: Տվյալ միջոցառմանը կարելի է վերագրել խորհրդանշական իմաստ` այն ներկայացնելով որպես նրանց առաջին ներդրումը` «առաջին քարը» Հայաստանի պաշտպանության ամրապնդման գործում:

Սույն նախաձեռնությանը հայ ռազմարվեստի պատմության մասնագետների մասնակցությունը կհարստացնի և կամրապնդի այս ոլորտում կուրսանտների գիտելիքները և ունակությունները:

Ինժեներական ծառայության, ինչպես նաև հայ ճարտարապետության պատմության մասնագետների համար այս աշխատանքներին մասնակցությունը հնարավորություն կտա խորամուխ լինելու տարբեր դարաշրջանների ամրոցաշինության և դրանց կից ստեղծված հաղորդակցությունների ու ապահովման համակարգերի կառուցման նրբություններին և գաղտնիքներին, ընդսմին հայ հին շինարարների հնարների որոշ մասը կարելի կլինի օգտագործել նաև տարբեր նախանշանակում ունեցող ժամանակակից շինությունների նախագծման և կառուցման ժամանակ:

ԽՍՀՄ տարիներին՝ 1980-ական թվականներին, «Մխիթար Սպարապետ» ֆիլմի նկարահանումների համար բավական ծավալուն վերականգնողական աշխատանքներ են կատարվել Խոր Վիրապի վանական համալիրի բերդում:

«NEWS.am» կայքի 20.12.2016 թ. հեղինակային հոդվածում Անի Աֆյանն արծարծել էր Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային ծայրամասում գտնվող ամրոցի հարցը: Այն համարվում է բավական լավ պահպանված և ուսումնասիրված շինություններից մեկը:

2006 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ՝ միջոցներ են հատկացվել ամրոցի վերականգնման և տարածքում գտնվող մասնավոր շինությունների տեղափոխման համար: Ծրագրված աշխատանքների մի մասն արդեն կատարվել է. վերականգնվել են ամրոցի գլխավոր մուտքը և տարածքում գտնվող եկեղեցին: Ամրոցի տարածքում կառուցված տների մի մասը տեղափոխվել է, սակայն որոշ կառույցներ դեռ մնացել են:

Դաշտադեմի ամրոցը կառուցվել է 10-րդ դարում Բագրատունիների օրոք: Ամրոցը պաշտպանում էր Անի մայրաքաղաքի արևելյան մատույցները:

Ամրոցի տարածքում, սկսած 1989 թվականից, կատարվում են պեղումներ: 2011 – 2012 թթ. այստեղ աշխատել են նաև ֆրանսիացի հնագետներ:

Պեղումների ժամանակ այլ գտածոների հետ մեկտեղ հայտնաբերվել է նաև տուֆի շերտի մեջ փորված ջրամբար, որտեղ ամրոցի կայազորի կարիքների համար ջուր է կուտակվել:

Արցախի Հանրապետությունում 2018 թ. սկսվել են Ստեփանակերտից 14 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Մայրաբերդի (18-րդ դար) մասնակի նորոգման աշխատանքները: Վերջին տասնամյակում Արցախի Տիգրանակերտի պեղումներից հայտնաբերված նմուշների մեծ մասը ցուցադրվում է հարակից տարածքում գտնվող բերդում տեղաբաշխվող թանգարանում:

Շուշիի բերդը, որը դեռ անցած դարում ծառայում էր որպես բանտ, մեր կարծիքով, ևս կարոտ է նորոգումների և նոր մոտեցումներով կազմված նոր ծրագրերի իրականացման:

Նշված աշխատանքների համար ֆինանսական միջոցների աղբյուրները կարող են լինել ամենատարբեր` հանգանակություններ, միջազգային հիմնադրամների դրամաշնորհներ, սոցիալական ծրագրերի ու բիզնես նախագծերի իրացում և այլն: Օրինակ` պեղումների համար կարելի է համագործակցել տարբեր երկրների համալսարանների հետ և ստանալ դրանց ֆինանսական աջակցությունը:

Նշված վերականգնողական աշխատանքները ժամանակատար միջոցառումներ են, ուստի միանգամից մեծ ֆինանսական միջոցների ներդրման անհրաժեշտություն չի լինի, իսկ շինարարական աշխատանքների տարբեր փուլերում հնարավոր կլինի ստանալ որոշակի տնտեսական և մշակութային շահույթ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՐԴԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸՄիջոցառումների համալիրի իրականացման համար անհրաժեշտ կլինի մի քանի գերատեսչությունների համագործակցությունը, այդպիսիք կարող են լինել Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարությունները:

Վերջերս համացանցում մեծ իրարանցում առաջացրեց Ամբերդին հարակից պահպանվող տարածքում ռեստորանային համալիրի շինարարությունը, որին ձեռնամուխ էր եղել Արագածոտնի մարզի պատմական հուշարձանների պահպանության վարչության պետը, այսինքն` նա, ով ի պաշտոնե կոչված է կանխելու նման «ձեռնարկումները»: Ամբերդի ակտիվ պաշտպանների շարքում կային նաև ազատամարտիկներ, որոնք լավ փաստարկված էին ներկայացնում կատարվող անօրինական շինարարության վտանգավորությունը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը` նպատակահարմար ենք համարում վերականգնողական աշխատանքներն սկսել հենց Ամբերդից:

ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ

գնդապետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Հոգևոր-մշակութային


08/08/2019