ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներկայումս տեղի է ունենում արագորեն զարգացող մոլեկուլային կենսաբանության, գենային ինժեներիայի համատարած ներթափանցում պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներ: Դա մի շարք առավելությունների հետ մեկտեղ առաջ է բերում նաև ազգային անվտանգության համար նոր սպառնալիքներ: Միջազգային հակամարտություններն ու պատերազմները, որոնք նախկինում գերազանցապես ռազմական բնույթի էին և հնարավորինս կանխատեսելի, ստանում են նոր ձև և բովանդակություն: Ըստ այդմ, պետության անվտանգության համակարգում իր կարևորությամբ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտը:
Այժմ հանրությունը կենսաբանական անվտանգությունը հիմնականում մեկնաբանում է նեղ տեսանկյունով, համաձայն որի՝ կենսաբանական անվտանգությունը ախտորոշիչ, արտադրական, փորձարարական ոլորտներում կենսաբանական գործոնների հետ նորմատիվ իրավական փաստաթղթերի և կանոնների համապատասխանությամբ աշխատելն է:
Օրըստօրե ավելի հրատապ է դառնում կենսաբանական անվտանգության ավելի լայն մեկնաբանության անհրաժեշտությունը՝ կախված ժամանակակից մարտահրավերներից, դրանք են.
- կենսաբանական ահաբեկչությունն ու գենային պատերազմները, նոր սերնդի կենսաբանական զենքի ստեղծումը,
- նախկինում մարդկության համար անհայտ, նոր հիվանդությունների ի հայտ գալը,
- վերացած համարվող հիվանդությունների կրկին հայտնվելը,
- կենսաբանական անվտանգության տեսակետից վտանգավոր երկակի նշանակության տեխնոլոգիաների զարգացումը,
- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման մակարդակի բարձրացումը,
- ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մասշտաբի սպառնալիքներին համազոր կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերահսկման միջոցների կատարելագործումը:
Կենսաբանական անվտանգության լայն իմաստով սահմանման հրատապությունը պայմանավորված է նաև նրանով, որ ութնյակի որոշ երկրներ (ԱՄՆ,Անգլիա,Կանադա) ցանկանում են իրականացնել միջազգային վերահսկողական ֆունկցիաներ՝ հենվելով կենսաբանական անվտանգության համապարփակ մեկնաբանության և Միջազգային բժշկա-սանիտարական կանոնների (ММСП, 2005) վրա:
Թվում էր, թե կենսաբանական անվտանգության միջազգային և գլոբալ սպառնալիքներին վերջ կդնեին համաշխարհային հանրության կողմից ընդունված այնպիսի երկու հիմնարար փաստաթղթերի ընդունումը, ինչպիսիք են 1972թ. «Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրման և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» և 1992 թ. «Կենսաբանական տարբեր տեսակների » մասին կոնվենցիաները:
Սակայն մի շարք երկրների փորձագետների կարծիքով, ներկայումս իրականացվում են կենսաբանական զենքի ստեղծման ակտիվ աշխատանքներ: Այսօր իրական փաստ է նոր սերնդի՝ էթնիկ, կենսաքիմիական (կոնվենցիայի ազդեցության տակ չի ընկնում), բազմակի դեղորայքային կայունություն ունեցող, ախտորոշմամբ չհայտնաբերվող, իմունիտետը շրջանցող, արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ կայուն կենսաբանական զենքի ստեղծումը:
Փորձագիտական հետազոտությունները փաստում են, որ մեծացել է երկակի նշանակության տեխնոլոգիաների դերը կենսահաբեկչության զինանոցի հարստացման համար:
Մշակվում են միջնորդավորված ազդեցություն ունեցող կենսաբանական զենքատեսակներ: Դրանք ներգործելով գյուղատնտեսական կենդանիների, բուսական կուլտուրաների էկոլոգիական համակարգի վրա՝ ոչ միայն վնասում են ազգաբնակչության առողջությունը, այլ նաև երկիրը կանգնեցնում են սոցիալ-տնտեսական կորուստների առջև՝ սպառնալով ազգային անվտանգությանը;
Դանդաղեցված ազդեցությամբ կենսաբանական բնույթի սպառնալիք է գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, քանի որ դրա ներգործության արդյունքը ի հայտ է գալու ապագա սերունդների մոտ:
Չնայած Հայաստանի հանրապետությունում ներդրվել են մի շարք հիմնարար ակտեր՝ հաշվի առնելով կենսաբանական վտանգի գործոններով պայմանավորված ռիսկերը, այդուհանդերձ շարունակում են խորանալ հետևյալ ապակայունացնող գործոնները.
♦ Էկոլոգիական և սանիտարա-համաճարակային վիճակի վատթարացումը,
♦ կենսաբանական անվտանգության ապահովման կենտրոնացված պետական համակարգի բացակայությունը,
♦ հիմնարար և կիրառական կենսաբանական հետազոտությունների ծավալի կրճատումը,
♦ կենսաբանական անվտանգության ապահովման գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ցածր տեմպերը:
Այսպիսով, ՀՀ-ում կենսաբանական անվտանգության ապահովման վերը նշված խնդիրների բովանդակությունից ելնելով՝ առաջնահերթ են դառնում հետևյալ ոլորտային ուղղությունները.
- ՀՀ-ում կենսաբանական անվտանգության ապահովման կենտրոնացված պետական մարմնի ստեղծումը,
- կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը և ներդաշնակումը միջազգային նմանատիպ իրավական ակտերի հետ,
- կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից ուղղությունների առաջնահերթային զարգացումը,
- կենսաբանական անվտանգության ապահովման հանրային իրազեկումը,
- կենսաբանական խոցող գործոնների հայտնաբերման և դրանցից պաշտպանվելու նոր, ավելի կատարելագործված միջոցների ստեղծումը,
- կենսաբանորեն վտանգավոր օբյեկտների և տարածքների գույքագրումն ու անձնագրումը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
կապիտան
Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Ռազմական