Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ



Ազգային բանակի զինծառայողներին բնակարանով ապահովելու գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 4-ին բնակարանամուտի հերթական արարողությունը տեղի ունեցավ Արմավիրի մարզում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Շահագործման հանձնվեց 16 բնակարան ունեցող բնակելի շենք:

Հանդիսավոր արարողության սկզբում ելույթ ունեցավ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը:

-Բոլորս գիտենք, որ զինվորականների ընտանիքները նրանց հետ հավասար կրում են զինվորական ծառայության բոլոր դժվարությունները: Այս բնակարանները տարիների դժվարին ու պատվաբեր ծառայության ընթացքում հարազատների այդ մեծ աջակցության գնահատանքն են,- ասաց նա:

Իր սրտի խոսքն ասաց զորամասի գործավար ենթասպա Հովհաննիսյանը.

– Այսօր ինձ համար կրկնակի տոն է. 15 տարի վարձով ապրելուց հետո մեր հանրապետության անկախության քսանամյակին բնակարան ստացա: Որպես կին զինծառայող` խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ ծառայությունն այսքան բարձր գնահատելու համար, ինչն ինձ պարտավորեցնում է ծառայել ավելի բարեխղճորեն:

Այնուհետև Ֆ. Պողոսյանը հրապարակեց բնակարանային կենտրոնական հանձնաժողովի նիստի որոշումը, ըստ որի` քննարկելով Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում բնակմակերեսի կարիք ունեցող զինծառայողների բնակարանային պայմանները` հանձնաժողովը որոշեց ծառայողական բնակարաններ տրամադրել հետևյալ զինծառայողներին…

Նրանք, հազիվ կարողանալով թաքցնել հուզմունքն ու ուրախությունը, հերթով մոտեցան ու անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ստացան իրենց բնակարանների բանալիները: Փոխգնդապետ Ա. Արսենյան, փոխգնդապետ Ե. Սիմոնյան, կապիտան Վ. Խաչատրյան, ենթասպա Է. Կարապետյան, գնդապետ Ս. Աֆյան, ավագ ենթասպա Թ. Ներսիսյան, փոխգնդապետ Պ. Ջեյրանյան, մայոր Ռ. Սարգսյան և ուրիշներ:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

-Զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները, մանավանդ բնակարանային ապահովման խնդիրը, հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է: Այն եղել է ՀՀ նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում և այսօր էլ կառավարության առաջնային ուղղություներից է: Ինչպես դուք, այնպես էլ ես հուզված եմ ու հպարտ, որ մենք հնարավորություն ունենք մեր ենթականերին այսօրվա նման երջանիկ պահեր պարգևելու: Ես ուզում եմ, որ այս բնակարանները միայն ու միայն ընտանեկան ջերմությամբ ու սիրով լցվեն: Թող բոլորիդ ընտանիքներում շատ-շատ երեխաներ ծնվեն: Կուզենայի շնորհակալություն հայտնել մեր շինարարներին, որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողանում ենք իրագործել մեր սոցիալական ծրագրերը: Եվ վերջում ուզում եմ զինավանի բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել` իրենց ամենօրյա լարված ծառայության համար: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում երջանկություն:

Ապա նախարարը շրջեց շենքում, ծանոթացավ շինարարական աշխատանքների կատարման որակին: Գոհ մնալով տեսածից` նա մտավ գրեթե բոլոր բնակարանները, անձամբ շնորհավորեց զինվորականների ընտանիքների անդամներին, տոնական սեղանների շուրջ բաժակ բարձրացրեց և մաղթեց, որ նոր բնակարանները լցվեն սիրով ու համերաշխությամբ: Նախարարն առաջինը եղավ մայոր Հ. Գաբրիելյանի բնակարանում: Վերջինս նշեց, որ կատարվեց տարիների իր երազանքը: Հուզված էին Բեգլարյանի ընտանիքի անդամները` կինը և երեք երեխաները` երկու աղջիկ, մեկ տղա. այսուհետ նրանք իրենց սեփական տունն ունեն:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ազգային բանակ


13/10/2011