Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ Է



ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ Է«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի հավաքական թիմերի մասնակցությամբ: Մրցումներն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

Օգոստոսի 4-ին Դիլիջանում մեկնարկեց «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը: Մասնակիցները հաղթահարեցին բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ՝ արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի էր առնում մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները: «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին փուլի արդյունքներով առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն էր: Մեր զինծառայողները միանգամից միավորների մեծ պաշար կուտակեցին և զգալի առաջ անցան մրցակիցներից: Հաջող ելույթ ունեցան նաև Իրանի և ՌԴ զինծառայողները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՀաջորդ օրը «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլն էր: Վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարեցին ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի Դաշնության թիմը:

Օգոստոսի 6-ին անցկացվեց ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրին պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերեցին առաջին բուժօգնություն: Այս փուլում ևս լավագույնը հայ զինծառայողներն էին: «Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք փուլերի ավարտից հետո հայկական թիմն ամրապնդեց առաջատարի դիրքերը:

Մրցույթի մասնակիցները մրցում էին ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացավ ռազմապատմական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցափուլը: Այն անցկացվեց թեստավորման ձևաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում կար 18 հարց, որից երեքը տրվում էին հակառակորդ թիմերի կողմից: Հարցերն առավելապես Հայրենական Մեծ պատերազմին առնչվող թեմաներով էին՝ պատերազմի պատմություն, զենքերի և ռազմական տեխնիկայի մարտավարա-տեխնիկական բնութագիր, ԽՍՀՄ հերոսներ, մարշալներ: Հարցեր կային նաև միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:

«Էրուդիտ» մրցափուլում լուրջ մրցակցություն ծավալվեց: Ռազմական պատմության իմացության մակարդակով հաճելիորեն զարմացրին Իրանի թիմի անդամները՝ գրավելով երկրորդ տեղը: «Էրուդիտ» մրցափուլում հաղթեց հայկական թիմը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՄրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջեցին զինվորական թանգարանում, ծանոթացան Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

Օգոստոսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվեց «Աթլետ» ռազմամարզական մրցաձևը: Առաջին օրը մասնակիցներն ուժերը չափեցին մի քանի մրցաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտեցին ելույթները տվյալ մրցափուլում:

Մրցութային երկրորդ օրը միայն տղամարդկանց համար էր. ռազմամարզական պատրաստության համալիր մրցումների շրջանակում նրանք որոշեցին ուժեղագույններին ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում կատարեցին թիրախների խոցում ԱԿ-74 ինքնաձիգով, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Օգոստոսի 10-ին և 11-ին անցկացվեցին «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ երկու մրցաձևերը: Գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում մասնակիցները ներկայացան ազգային տարազներով, երաժշտական ու պարային տարբեր կատարումներով: Նրանց ելույթները գնահատեց նաև մշակույթի գործիչներից կազմված հեղինակավոր ժյուրին: Ժյուրիի որոշմամբ «Տեր և տիկին» մրցաձևում հաղթող  ճանաչվեց Հայաստանի թիմը, երկրորդ տեղն զբաղեցրեց Ղազախստանի, երրորդը՝ Հունաստանի թիմը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՈրպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն՝ բոլոր թիմերը բացազատեցին ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվեցին մշակութային տարբեր ցուցանմուշներ, մասնակից երկրների խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

Կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևի ընթացքում մասնակիցները երեք դիրքից խոցեցին 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվեց հնգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ էին Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության, երրորդը՝ Բելառուսի թիմի զինծառայողներն էին:

Բոլոր հինգ մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը որոշեց ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողների անունները:

Միջազգային ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած էր նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր: Մատենադարանում  տարբեր ազգերի ներկայացուցիչները ծանոթացան հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր և նյութական հարուստ ժառանգությանը: Այնուհետև այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 13-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր  արարողությունը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ ԷՇնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշեց, որ հայկական կողմն արել է ամեն ինչ միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից և հիշարժան դարձնելու համար: Մեր պետությունը երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է մրցույթի մասնակիցներին, ինչի շնորհիվ ընդլայնվել է մրցույթի աշխարհագրությունը, Հայաստանն էլ դարձել է նմանատիպ միջոցառումների անցկացման համընդհանուր ճանաչում ունեցող երկիր:

-Նախորդ տարվա հետ համեմատած՝ ակնառու է մասնակից թիմերի ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության զգալի աճը: Եվ հատկապես այդ համատեքստում ուրախալի է հայկական թիմի հաղթանակը: Սա Հայաստանի զինված ուժերի առաջին հաղթանակն է տվյալ մրցույթում, նաև միջազգային բանակային խաղերի շրջանակում, -ընդգծեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև հույս հայտնեց, որ մասնակիցներին հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին, և որ նրանք Հայաստանից հեռանում են վառ և անմոռանալի տպավորություններով ու զգացումներով: Իսկ մրցույթի ամեն օրը փաստել է, որ ռազմամարզական միջոցառումները եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ:

Մրցավարական հանձնաժողովի գրանցած  արդյունքներով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ երկրորդ տարին անընդմեջ լավագույնը ՀՀ զինված ուժերի թիմի անդամ լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երկրորդ տեղում ՌԴ-ից սերժանտ Լիլիա Դաուտովան է, երրորդը հույն սերժանտ Կուտուզօղլու Գեստիմանիսն է: Տղամարդկանց մեջ առաջին տեղում Ռուսաստանից լեյտենանտ Միխայիլ Իվանովն է, երկրորդ տեղում՝ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, երրորդ տեղում՝ իրանցի ավագ լեյտենանտ Մազիար Հեյդարին:

Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանի զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմն է: Մրցույթում լավագույն արդյունքներն է ցույց տվել և հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ զինված  ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆ Է

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՆԴՐԵՅ ԴՈԲՐՈՍՄԻՍԼՈՎԻ

և ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/08/2019