Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ



ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑՄիջազգային մակարդակով բազմաթիվ հայտարարություններ հաստատում են, որ կենսաբանական անվտանգության խնդիրը շարունակում է անհանգստացնել աշխարհի հասարակությանը: Ինչպես նշված է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության «Կենսաբանական զենքի մութ ապագան» բաց զեկույցում՝ «…կենսատեխնոլոգիայի ժամանակակից ձեռքբերումները կարող են նպաստել կենսաբանական զենքի ավելի վտանգավոր տեսակների ստեղծմանը, քան մինչ այժմ մարդկությանը հայտնի վարակիչ հիվանդությունների հարուցիչներն են»:

Կենսահաբեկչության խնդիրը սրվում է հատկապես բնական գիտությունների զարգացմամբ: 25 տարի առաջ դեռևս նոր զարգացող տեխնոլոգիաները, օրինակ` դեզոքսիռիբոնուկլեինաթթվի սինթեզը (ԴՆԹ, կենդանի օրգանիզմների ժառանգական նյութը կրողը) այսօր դարձել են  առօրեական, իսկ դրանց իրականացման արժողությունը բավականին նվազել է: Ընդ որում, գիտելիքների նոր ոլորտների՝ նանոտեխնոլոգիաների, սինթետիկ կենսաբանության,  նոր ֆունկցիաների ձեռքբերման հետազոտությունների (GOFR) ի հայտ գալը նախկինում անհնարին թվացող ուսումնասիրությունների համար նոր հորիզոններ է բացում:

Ինչպես նշել է Տեխասի նահանգի համալսարանի պրոֆեսոր Ա. Էլինգտոնը` նոր սերնդի կենսաբանները դուրս են գալիս գիտության առաջատար ոլորտներ: Նրանք կյանքի ձևերի բազմազանությանը և ԴՆԹ-ին նայում են այնպիսի տեսանկյունից, ինչպես ժամանակին էլեկտրոնիկային, տրանզիստորներին և էլէկտրական շղթային նայել են IBM-ը, Cisco system-ը և Apple-ը հիմնադրող տեխնոլոգիական աշխարհի հրաշագործները: Գիտության այս երկու ճյուղերի աշխատանքները անընդհատ խաչաձևվում են և փոխադարձաբար միմյանց վերափոխում: Համակարգչային ոլորտի գիտնականները մտածում են «ԴՆԹ-ի հիման վրա հաշվարկներ» իրականացնելու մասին, իսկ նոր սերնդի՝ սինթետիկ կենսաբանության ոլորտի հետազոտողները «կյանքի սխեմայի» մասին: Կենսաբանը վերափոխվում է ինժեների, որը փորձում է կոդավորել կյանքի նոր ձևեր ըստ իր հայեցողության: Եվ սա չափազանցություն չէ: Վիրուսների և բակտերիաների արհեստական ստեղծման ճանապարհի հիմնական խոչնդոտները համարյա հաղթահարված են:

Գյուղատնտեական կուլտուրաներին մեծ վնաս հասցնող կրծողների դեմ պայքարելու նպատակով 2001 թ. ավստրալացի գիտնականները կիրառելով գենի ինսերցիա (ԴՆԹ-ի շղթայում ներդրվում է այլ գեն), ստեղծել էին մկների ծաղիկ հիվանդության վիրուսի նոր շտամ, որը պետք է վարակված մկների մոտ չբերություն առաջացնելու ճանապարհով նպաստեր դրանց թվաքանակի նվազեցմանը:  Ի զարմանս հետազոտողների` ինսերցիայի արդյունքում ստացված նոր շտամը վարակիչ էր ինչպես բնածին, այնպես էլ պատվաստված մկների համար:

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑԳիտնականնների մեկ այլ խումբ արհեստական ճանապարհով սինթեզել էր պոլիոմիելիտի կենսունակ վիրուս: Հետազոտողները այդ վիրուսի գենոմի առանձին հատվածները համացանցում պատվիրելու միջոցով կարողացել էին «հավաքել» և դրանով վարակված մկների մահվամբ ապացուցել նորաստեղծ վիրուսի կենսունակ լինելը: Հեղինակները իրենց աշխատանքը «Science» հեղինակավոր ամսագրում տպագրելուց հետո հանդես էին եկել հայտարարությամբ, այն է թե` իրենք այդ աշխատանքը կատարել են հասարակության ուշադրությունը կենսահաբեկչության վրա  բևեռելու նպատակով. ցույց տալով, որ կենսաբանական զենք կարելի է ստեղծել առանց բնական ախտածին միկրոօրգանիզմը ունենալու: Նման գենետիկական մեթոդներ կիրառելով կարելի է ստանալ բնական ծաղիկի և Էբոլայի վիրուսները:

Մեկ այլ աշխատանքով ներկայացվել էր բնական ծաղիկի վիրուսի կողմից արտադրվող SPICE սպիտակուցի ԴՆԹ-ի հաջորդականությունը և դրանով իմունային համակարգը ճնշելու մեխանիզմը: Այս արդյունքները կարող են օգտագործվել ինչպես դեղամիջոց ստեղծելու, այնպես էլ վիրուսի վիրուլենտությունը (ախտածնության աստիճանը) բարձրացնելու համար:

2005 թ. «Science» ամսագրում տպագրվեց հոդված, որտեղ նկարագրվում էին մեթոդներ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկու տարվա ընթացքում 20 միլիոն մարդու կյանք խլած գրիպի (իսպանկա) վիրուսի  գենոմի սինթեզի վերաբերյալ: Հոդվածում նշված էր, որ այդ մեթոդները կարող են  ունենալ կիրառական երկակի նշանակություն:

Վերը թվարկված աշխատանքների շուրջ ծավալվել են շատ լուրջ քննարկումներ: Ընդիմադիրները պնդել են, որ նման հետազոտություններ չպետք է կատարվեն և դրանց արդյունքները հրապարակվեն բաց մամուլում: Իսկ եթե հրապարակվում են, ապա հոդվածի «նյութեր և մեթոդներ» բաժինը պետք է գրաքննվի կամ ամբողջությամբ հանվի: Կողմնակիցներն, ընդհակառակը, նշել են, որ ստացված արդյունքները կարևոր են գիտական աշխարհի համար և նպաստում են նոր սպառնալիքների դեմ պայքարելու արդյունավետ միջոցների հայտնաբերմանը: Այսպես՝ բժշկության ոլորտում GOFR մեթոդով գրիպի H5N1 վիրուսի ստացված մուտացիաների վերաբերյալ տպագրված տեղեկությունների նշանակությունը ավելին է, քան ահաբեկչության նպատակով դրա կիրառման սպառնալիքը: Եվ այս դեպքում, որպես գիտական հետազոտության անբաժանելի մաս, հատուկ նշանակություն է ստանում հետազոտողների օգտագործած նյութերի և մեթոդների մասին տեղեկությունը:

Տպագրված նմանատիպ բազմաթիվ աշխատանքների վերաբերյալ լայն քննարկումները ցույց են տալիս, որ ոլորտը կարիք ունի պետական մակարդակով հարցի կարգավորման և համապատասխան քաղաքական լուծումներ գտնելու համար:

Ներկայումս, հատուկ վտանգավոր ախտածինների և տոքսինների՝ Էբոլայի վիրուս, սիբիրյան խոց, բոտուլիզմ և այլն, ոչ մեծ շարքի վրա կենտրոնացած լինելը, ձևավորում է կեղծ ապահովության պատրանք: Նույնիսկ ոչ հրատապ է թվում վերջերս ներկայացված առաջարկը, որ H5N1-ը մտցվի պոտենցիալ վտանգ ներկայացնող կենսաբանական գործոնների ու տոքսինների տվյալների ազգային պահոց, քանի որ սովորական և լայն տարածված E.Coli աղիքային ցուպիկը, որն ապրում է յուրաքանչյուր մարդու աղիներում, այսօր կարող է կենսաբանական ժամանակակից մեթոդներով վերափոխվել այնպիսի մահաբեր միկրոօրգանիզմի, որ ավելի մեծ վնաս հասցնի քան վերը նշվածները:

Կենսաբանական զենքի մասին կոնվենցիան պետք է հիմք հանդիսանա երկակի նշանակության հետազոտությունների շուրջ լայնածավալ քննարկումների համար: Դեռևս այն ի վիճակի չէ ապահովել այնպիսի վերահսկողություն, ինչպիսին իրականացնում են միջուկային և քիմիական կոնվենցիաները: Չնայած, որ դա չեզոք պլատֆորմ է և հասանելի է բոլոր երկրների կառավարությունների համար, սակայն փոխգործակցության գործընթացները շատ դանդաղ են զարգանում: Միջազգային ինստիտուտները ներկայիս իրենց ներքին ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ չեն անդրադառնալու երկակի նշանակության հետազոտությունների հարցին:

Ըստ փորձագետների` մեծանում է ոչ պետական գիտահետազոտական ընկերությունների դերը կենսատեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Դրան զուգահեռ մեծանում է նրանց կողմից կենսաբանական զենքի կամ դրա բաղադրիչների  ստեղծման կամ ձեռքբերման սպառնալիքը: Այս իրավիճակը պահանջում է միջազգային իրավական կարգավորման մեխանիզմների մշակում: Ներկայումս գործում են «Զանգվածային խոցման զենքի չտարածելու մասին նախաձեռնությունը» և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 1540 բանաձևը, որը սահմանափակում է ոչ պետական կազմակերպությունների կողմից քիմիական և կենսաբանական զենքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի արտադրությունն ու ձեռք բերումը:  Այս բանաձևի գործնական միջոցառումները իրականացվում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Ինտերպոլի և տնտեսական համագործակցության և զարգացման Կազմակերպության կողմից:

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑԿենսահաբեկչության հակազդման միջոցներից է նաև ապրանքների ներմուծման վերահսկողությունը, որի ստանդարտների ձևավորման համար կարևոր նշանակություն ունեն Ավստրալական խումբը և Վասսենարյան համաձայնագիրը:

Առաջինը՝ պետությունների ոչ պաշտոնական միություն է, որը մշակում է ներմուծվող ապրանքների ներդաշնակված չափանիշներ:  Վասսենարյան համաձայնագիրը կնքվել է 1996թ. 33 երկրների միջև` նպատակ ունենալով բարձրացնելու պատասխանատվությունը զենքի, զինամթերքի և երկակի նշանակություն ունեցող տեխնոլոգիաների փոխանցման հանդեպ, ինչպես նաև՝ դրանց ապակայունացնող կուտակումների կանխարգելման գործում: Այնուամենայնիվ, միջազգային այս համաձայնագրերի արդյունավետությունը կասկածելի է, քանի որ Ավստրալական խմբի մեջ չեն մտնում մի շարք երկրներ, որոնք ունեն ակտիվորեն զարգացող կենսատեխնոլոգիական արդյունաբերություն, իսկ Վասսենարյան համաձայնագիրը չունի մասնակից երկրների կողմից վերահսկման և պատասխանատվության հստակ   մեխանիզմներ:

Ամփոփելով, կարելի է ասել, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ են բազմակողմանի մոտեցումներ` հիմնված միջազգայնորեն ընդունված ղեկավարման սկզբունքների և գիտության ու տեխնիկայի մակարդակն արտացոլող ազգային արդյունավետ օրենսդրության վրա:

ՌԱՖԱՅԵԼ ՓՆՋՈՅԱՆ

փոխգնդապետ

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ռազմական


15/08/2019