ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏԸ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Շարքում մեր երկրի լավագույն մարզիկներն էին, որոնք սպորտային հագուստի փոխարեն կրում էին զինվորական համազգեստ:
Ամառային այս զորակոչին ստեղծվեց մարզական վաշտ: Թվով 23 մարզիկների համար, որոնք տարբեր սպորտաձևերում նշանակալի հաջողություններ են գրանցել ու բարձր պահել մեր երկրի պատիվը, ծառայության վայր է ընտրվել հենց այս վաշտը: Վաշտում հիմնականում ֆուտբոլիստներ են, կան նաև թեթև ատլետիկայով զբաղվող մարզիկներ և բռնցքամարտիկներ:
Օրը հիշարժան էր, պահը տպավորիչ: Հնչեց պետական օրհներգը, որի հնչյունների ներքո դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց զորամասի մարտական դրոշը: Այնուհետև տղաները հպարտ ու խրոխտ կեցվածքով մոտեցան շարահրապարակում դրված սեղաններին, վերցրին զինվորական երդման տեքստն ու ընդգծված առոգանությամբ ընթերցեցին:
Հայկական բանակի շարքերը համալրելու կապակցությամբ մարզական վաշտի տղաներին շնորահավորեց գնդապետ Սամվել Մինասյանը. «Այստեղ խիզախ, ուժեղ սերունդ է կանգնած: Կանգնած է հպարտ ու վճռական, անկոտրում կեցվածքով: Ձեր աչքերի մեջ ես տեսնում եմ նվիրումի ու հայրենասիրության ոգի: Հիմա դուք պետք է լինեք առավել պատրաստված ու պատրաստակամ՝ թե՛ զորային ծառայության, թե՛ մարզական նվաճումների հարցում: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը առավելագույնս կկատարի իր առջև դրված խնդիրը, կհասնի աննախադեպ հաջողությունների ու բարձր կպահի մեր երկրի ու նրա զինված ուժերի պատիվը»:
…Մինչ կտրվեր «ազատ եք» հրամանը և նրանց կթույլատրվեր տեսակցելու իրենց հարազատների հետ, ես մտովի փորձում էի կռահել, թե ով ինչ մարզաձևով է զբաղվում: Այս ու այն կողմից լսվում էին նորակիչիկներին գոտեպնդող խոսքեր: Մենք բազում անգամներ առիթ կունենանք տեսնելու այս տղաներից յուրաքանչյուրի պատվին բարձրացված եռագույնը, լսելու նրանց հաղթանակի պատվին հնչած մեր երկրի հիմնը: Մարզական ասպարեզում իրենց կերտած հաղթանակներով նրանք զորավիգ կլինեն սահմանին կանգնած զինվորին ու սպային, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զենք կվերցնեն ու կկանգնեն նրանց կողքին: Մարզիկների երդումը նաև այս էր նշանակում:
Նրանցից մի քանիսն իրենց տպավորություններով կիսվեցին ինձ հետ:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, գյումրեցի, շարքային Տիգրան Մկրտչյան.
«Հուզված եմ: Այսօր շատ պատասխանատու օր է մեզ համար: Արդեն երդվել ենք ծառայել նվիրումով և պատվով կատարել մեր գործը: Տասներկու տարի է, ինչ սպորտով եմ զբաղվում: 24 տարեկանում թեթև ատլետիկա մրցաձևից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ եմ նվաճել: Այս հաջողությանը հասնելու համար ինձնից մեծ ջանքեր են պահանջվել: Հիմա արդեն պետք է կրկնապատկեմ ուժերս և ամեն ինչ անեմ ավելի ակնառու հաղթանակների հասնելու համար»:
Տիգրանը շատ է կարևորում մարզական վաշտի բացումը. «Բանակի ղեկավարությունը մտածել է մեր մասին, մենք էլ արդեն որպես զինվոր պարտավոր ենք այնպես անել, որ մեր բանակն իր մեդալները նույնպես ունենա»:
Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ, «Արարատ-Արմենիա» ակումբի ֆուտբոլիստ, շարքային Արամ Քոլոզյան.
«Երդման ընթացքում շատ լարված էի, անգամ պահ եղավ, որ շփոթվեցի: Այսօրվանից մենք բանակի «սպրոտային» զինվորներն ենք ու ներկայացնելու ենք «ԲԿՄԱ» թիմը: Զինվոր լինելն էլ պարտավորեցնելու է, որպեսզի ավելի լավ խաղանք: Կփորձենք միայն հաղթանակներ գրանցել և հենց այսօրվանից էլ սկսելու ենք մարզումները: Առջևում տասներկու կարևոր հանդիպումներ են»:
Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ, «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ, շարքային Արտակ Ասատրյանն ուրախ է, ինչը բնավ չի փորձում թաքցնել: Հիմա նա ոչ թե մարզիկ է, այլ մարզիկ-զինվոր: Երազում է եվրոպական ակումբերում խաղալու մասին, բայց մինչ այդ ուժերը կենտրոնացնելու է «ԲԿՄԱ»-ի հաջողությունների համար.
«Արդեն տասը օր է, ինչ մարզվում ենք, բոլորս էլ լավ մարզավիճակում ենք, իսկ թիմում մթնոլորտը հաղթական է: Մենք էլ՝ որպես զինվոր, հայրենիքի հանդեպ մեր «մարզական» պարտքը կկատարենք մեծ նվիրումով:
Մարզիկ-զինվորների համար տարին հագեցած է լինելու. նրանք ձգտելու են ավելացնել հաղթանակների թիվը: Նրանցից յուրաքանչյուրն իր առջև նպատակ է դրել բանակին հաղթանակներ պարգևել ու դրանով ուրախացնել սահմանին կանգնած իրենց հասակակիցներին և ասել՝ ես քո կողքին եմ:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում