Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՏՈՒՆԴ



ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՏՈՒՆԴՆարեկ Հակոբյանը նոր է իջել դիրքերից: Նա մալուխներ է փռել վտանգավոր տարածքում, որ դիրքապահների ծառայությունն ավելի անվտանգ լինի, որ սահմանապահ տղաները կարողանան հսկել հակառակորդի յուրաքանչյուր շարժը, որ կապը գործի անխափան: Նարեկը գեղեցիկ, ջերմ ու ժպտադեմ տղա է: Մուգ կապտականաչ աչքեր ունի, որոնց փայլը արտասովոր պայծառություն է հաղորդում դեմքին:

-Դեհ, պատմիր,- ասում եմ Նարեկին, մտածելով, որ դիրքերից նոր իջած կապավորը ինչի՞ մասին պիտի պատմի, եթե ոչ մարտական ծառայության՝ կապի միջոցների ծանոթ-անծանոթ անուններով «համեմված»: Նարեկը խոր շունչ է քաշում ու սկսում.

-Բանակում ինձ «ռեժիսոր» են ասում: Ես արդեն երկու խաղարկային ֆիլմ եմ նկարել: Առաջինը ցեղասպանության ժամանակ հայ որբերին խնամած օտարազգի կնոջ մասին է: Մարդու այն տեսակի, որի համար չկա ուրիշի ցավ, որը չի կարող հեռվից նայել ուրիշի տառապանքին: Ֆիլմը «Ավրորա» միջազգային մրցույթում ներկայացված 180 ֆիլմերից 20 լավագույն ֆիլմերի շարքում էր: Մյուս ֆիլմս մի նկարչի մասին է, որը կորցրել էր իր ամենասիրելիին ու փորձում էր ապրել: Այդ ֆիլմում ես ցանկացել եմ ցույց տալ, թե ինչպես է ցավը փոխվում ուժի: Իմ ֆիլմը առաջին հերթին նրանց համար է, ովքեր գերմարդկային ճիգերով փորձում են հաղթահարել վիշտը: Ֆիլմն առայժմ ցուցադրվել է միայն համացանցում եւ 17 հազարից ավելի դիտում ունի:

Նարեկը պատմում է ոգեւորված, բայց իմ միտքը դեռ սահմանին է, ու բնազդաբար կարդում եմ նոթատետրիս մեջ գրված հարցերը՝ մարտական ծառայության, ռեժիմի, կապավորի մասնագիտության յուրահատկությունների ու բանակային այլ թեմաների մասին: Նարեկը անխռով շարունակում է.

-Երրորդ ֆիլմս պիտի իմ մանկության մասին լինի: Մանկությանս պատկերներն ու կերպարները պիտի էկրանավորեմ: Գիտե՞ք՝ ինչ եմ դնելու ֆիլմիս անունը:

Ես բնազդաբար թափահարում եմ գլուխս:

-Հայրենիք:

– Իսկ մանկությո՞ւնը…

-Հայրենիքը քո տունն է, որից սկսում են բոլոր ճանապարհները: Քո տունը՝ քո սկիզբը, քո հենման կետը:

Ես հուզվում եմ: Ինչ-որ բան ներսից բարձրանում, գնդվում է կոկորդիս. Նարեկը զինվորական համազգեստով է: Ու այս բառերն էլ հնչում են հիմնի նման:

-Իմ տունը պապս է կառուցել վարդագույն տուֆից: Մեր տունը ինչ-որ բանով նման է իմ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին: Զաֆենիկ մեծ տատիս պես խորհրդավոր է, Բաբկեն մեծ պապիս պես միամիտ, Սեւիլյա տատիս պես բարի է, Վլադ պապիս պես ուժեղ: Հորս պես հոգատար է, մորս պես գեղեցիկ, եղբորս պես վառ ու ուրախ: Ամռան արեւի առաջին շողերը մեր թթենու վրա են իջնում: Երեկոյան մեր տան դիմացի նստարանին հավաքվում է չորս սերունդ՝ Զաֆենիկ մեծ տատս ու Բաբկեն մեծ պապս, Վլադ պապս ու Սեւիլյա տատս, հայրս ու մայրս, ես ու եղբայրս:

Ես զգում եմ, թե ինչպես է հանկարծահաս հուզումը լճանում աչքերիս մեջ: Անդիմադրելի ցանկություն եմ զգում ասելու կապտականաչ աչքերով այս հրաշալի տղային.

-Իսկ իմ տունը հողաշեն էր ու փոքր: Պապս էր կառուցել… Իմ տունը մուգ կաթնագույն էր: Ահռելի թթենու ճյուղերը իջել էին տան վրա, ասես գրկել էին տունը: Իմ տունը մորս պես սիրուն էր ու հորս պես բարի: Այգում, ռեհանի թփերի մեջ լիքը կարմիր զատիկներ կային, խոտերի մեջ՝ մորեխներ…

…Ես հասկանում եմ, որ պիտի լռեմ: Որ 20-ամյա զինվորի պատմությունից այդպես հուզվելը ճիշտ չէ, պիտի հավաքեմ ինձ ու շարունակեմ հարցազրույցը օրինակելի կապավորի մասին:

-Իսկ Ձե՞ր տունը որտեղ է,- հարցնում է Նարեկը:

-Չկա,- ես գերմարդկային ճիգով փորձում եմ ժպտալ:

-Ո՞նց չկա:

-Դե, շատ հին էր, ճաքեր տվեց: Իսկ երբ տեղափոխվեցինք Երեւան, որոշ ժամանակ անց փլվեց:

Ես ուզում եմ ասել՝ հորս մահից հետո կարոտից ճաքեր տվեց, իսկ երբ տեղափոխվեցինք Երևան, փլվեց մենակությունից: Բայց նայում եմ դիրքերից նոր իջած պատանի զինվորի լուսավոր դեմքին ու ժպտալով կուլ եմ տալիս բառերը:

-Երբ բանակ էի գնում, թվաց՝ ինչ-որ բան պոկվեց իմ սրտից ու մնաց տանը,- ասում է Նարեկը:- Բայց այն ինձ հետ չէր ձգում: Որքան էլ զարմանալի է, մղում էր առաջ:

Առաջին գիշերը զորանոցում աչքերս փակել ու հիշում էի մեր գույնզգույն ծաղկանոցը, հիշում էի, թե ինչպես էր Զաֆենիկ տատս ջրով լի բաժակ դնում մեծ ծառի փչակում, որ, իր ասելով, ջուրը զորանա ու բուժի մեզ: Մեր դպրոցն էի հիշում: Իրար հետ կապ չունեցող կադրերը գալիս էին շարվում կողք կողքի. իմ խաղացած դերերը դպրոցի թատերական խմբում, մեր տան կողքի լքված շինության մեջ ընկերներիս հետ անցկացրած ժամերն ու ջանգյուլումը, որի ժամանակ ես միշտ փեսան էի…

Զրույցը բանակից հեռացավ, դիրքերից հեռացավ՝ մտածում եմ, բայց չեմ ուզում փոխել զրույցի հունը… Ես իրավունք ունեմ չէ՞ անսալու իմ ներքին ձայնին ու հարցնելու, թե զինվորի գյուղում ինչպե՞ս էին ջանգյուլում խաղում, որ իմանամ՝ արդյոք այն նմա՞ն է իմ մանկության տարիների ջանգյուլումին:

-Հարսի գլխին քող էինք գցում, փեսային կանգնեցնում կողքը ու երեխաների մեծ խմբով տնից տուն ընկած՝ երգում:

-Գովենք, գովենք, ում գովենք,

Ջան ծաղիկ ջան, ջան,

Գովենք, Թամարին գովենք,

Ջան ծաղիկ, ջան, ջան…

-Իսկ մենք հարսի գլխին ծաղիկներից հյուսած պսակ էինք դնում քողի փոխարեն ու այսպես էինք երգում.

Թամար տատին լավ տատի ա,

Ջանգյուլում, ջան, ջան,

Մեր հարսի փայը կտա,

Ջան ծաղիկ ջան, ջան…

Մենք երկուսով երգում ու ծիծաղում ենք՝ արցունքոտվելու աստիճան:

-Լավ էլ զրուցում ենք,- ասում է զինվորը ծիծաղի միջից,- իսկ ինձ թվում էր՝ պիտի կապավորի մասնագիտության մասին պատմեմ մանրամասնորեն: Նույնիսկ դասերս էի թերթել, որ հանկարծ ոչ մի բան չմոռանամ: Իսկ մենք Հայրենիքի մասին ենք խոսում:

-Ամեն դեպքում բանակի մասին էլ պիտի խոսենք,- ասում եմ լրջանալով:

-Գիտեք, որ ես թատերական խումբ ունեմ,- անսպասելի հիշում է Նարեկը:

-Ի՞նչ կապ ունի բանակի հետ: Զինվորնե՞րն են խաղում:

-Սպաների երեխաներն են մասնակցում եւ զորամասի մերձակա տարածքներում ապրող փոքրիկները: Ես ուզում եմ նրանց փոխանցել այն ամենը, ինչ դերասաններ Սամվել Թոփալյանն ու Նարինե Մալյանն են սովորեցրել ինձ:

-Ի՞նչ են սովորեցրել:

-Լինել բարի, քաջ, արժանապատիվ, ազնիվ, հայրենասեր: Սիրել գեղեցիկը… Շատ գեղեցիկ է սահմանին զենքը ձեռքին թշնամու առաջ կանգնած տղան, որն իր երկրի կենդանի վահանն է…

-Գեղեցիկ է վախին հաղթած զինվորը,- հավելում եմ ես: Տղան ժպտում է պայծառ:

-Մի անգամ մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել՝ «Տարեմուտի լավագույն մաղթանք զինվորին»: Իմ մաղթանքը մրցանակ շահեց, ու այն ժամանակվա մշակույթի նախարարը անձամբ ինձ հանձնեց Հենրիկ Մալյանի գիրք-ալբոմը, իսկ «Ազգային հպարտություն» մրցույթում իմ ներկայացրած գրաֆիկական գործը 1-ին մրցանակ շահեց: «Նորագույն տեխնոլոգիաները՝ ինժեներական մասնագիտություններում» մրցույթում ես նույնպես առաջինն էի:

-Այդ շնորհներդ պետք եկա՞ն բանակում:

-Ես գնդի սերժանտական խորհրդի նախագահն եմ: Մենք զբաղվում ենք հասարակության հետ կապերով եւ աջակցում զինվորների հոգեբանական դժվարությունների հաղթահարմանը: Զինվորը պետք է չկտրվի դրսի աշխարհից, ու մենք կազմակերպում ենք շփումներ ուսանողների, դպրոցականների ու տարբեր հասարակական խմբերի հետ: Նախաձեռնում ենք մշակութային միջոցառումներ: Վերջերս մեր զորամասում էր դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ «Կյանքը ճամպրուկում» ներկայացմամբ: Աշխատում ենք նորակոչիկների հետ, որպեսզի զորամաս մտնելու պահից իրենց յուրային զգան, հասկանան, որ մենակ չեն… Որ ամուր կանգնեն սահմանին…

-Ե՞րբ է զինվորն ամուր կանգնում սահմանին:

Նարեկը երկար է մտածում, հետո պատասխանում է բառերը հատ-հատ արտաբերելով.

-Երբ սիրում է իր Տունը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1302) 14.08.2019 - 20.08.2019, Ազգային բանակ


15/08/2019