Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍԸ



ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍԸ«Grand Chess Tour»-ի 4-րդ փուլը նշանավորվեց Լեւոն Արոնյանի հաղթահանդեսով». այսպիսի գլխագրերով էր շախմատային համաշխարհային մամուլն ամփոփում Սենթ Լյուիսում օգոստոսի 10-ից 14-ը կայացած  արագ ու կայծակնային շախմատի գերմրցաշարի արդյունքները։ Այս շարքի հաղթողը, որի ամենահավանական թեկնածուն հայ գրոսմայստերն է, կշահի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուղեգիր։ Լեւոնը գերազանց ոճով վստահ հաղթանակ տարավ արագ շախմատի մրցաշարում ու, թեեւ, կայծակնային շախմատում ավելի համեստ արդյունք գրանցեց, սակայն ընդհանուր հաշվարկով դարձավ գերմրցաշարի միանձնյա հաղթողը։

«Արոնյանի որոշ հաղթանակների թեթեւությունը տպավորում է», շախմատային տեսաբաններն իրենց այս գնահատականը հիմնավորում են կայծակնային (բլից)  պարտիայի հենց սկզբում ադրբեջանցի Մամեդյարովի թագուհու որսը կամ աշխարհի չեմպիոն Կարլսենի նկատմամբ դիրքային առավելությունը նյութականի վերածելու եւ հակառակորդի զինվորները հերթով վերացնելու Արոնյանի վստահ խաղը։

Բայց նախ արագ շախմատի (ռապիդ) մրցաշարի մասին, որտեղ ժամանակի սղության պատճառով սայթաքումներն ավելի քիչ են։ Լեւոնը գերազանց ոճով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, որը գրոհում էր մեր շախմատիստի արքայի դիրքը, սակայն չնկատեց թագուհու զոհաբերությամբ նրա հակագրոհը եւ կարճատեւ դիմադրությունից հետո զենքերը վայր դրեց։ Հակառակորդի մանր վրիպումներն օգտագործելով ու մեթոդիկ դիրքային ճնշմամբ մրցակցին գերազանցելու օրինակ էր աշխարհի փոխչեմպիոն Կարուանայի նկատմամբ հաղթանակը։ Այս երկուսի հանդեպ էլ Արոնյանը հսկայական առավելություն ուներ նաեւ բլից-պարտիաներում, սակայն խաղի վերջում «բարեհոգաբար» ոչ-ոքի արեց։ Ընդհանրապես, իմաստուն խաղի հայ հանճարն այս մրցաշարում ավելի պակաս ագրեսիվ էր աղյուսակի «պոչում» հանգրվանած շախմատիստների հանդեպ, բացառությամբ Շահրիար Մամեդյարովի, որին հաղթեց բոլոր 3 պարտիաներում։

Արոնյանի խաղի մասին գովասանքի խոսքեր է շռայլել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, որը մրցաշարի օրերին պաշտպանում էր էքստրա-գրոսմայստերների պատիվը, հակադարձելով նրանց վրիպումները ծաղրող, իր բնորոշմամբ՝ «միաչքանի դիլետանտների ավազակախմբին», առանձնակի գովաբանելով Արոնյանի խաղը։

Այս հաղթանակը ոչ միայն համալրեց  գերմրցաշարերում Արոնյանի շահած ավարների շարքը, այլեւ կարեւոր արձագանք դարձավ այն հոռետեսների բնորոշումներին, թե հայկական շախմատի երկարամյա առաջատարի խաղն իբր խամրել է։

Հ.Գ. Ի դեպ, թերեւս քչերն են հիշում, որ իր առաջին խոշոր նվաճումներից մեկը Արոնյանը նվիրել է Հայկական բանակին. 2007 թվականի հունվարի 28-ին շահելով Վեյք Ան Զեեի գերմրցաշարի հաղթողի տիտղոսը, 24-ամյա Լեւոնը խիստ խորհրդանշական համարելով ՀՀ զինված ուժերի 15-ամյակի տոնի հետ ճակատագրական համընկնումը՝ իր հաղթանակը նվիրեց  Հայոց բանակին։

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Մարզաշխարհ


22/08/2019