Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻԳԴԻՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ



ԻԳԴԻՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԸ(1919թ. օգոստոս-սեպտեմբեր)

1919 թ. ամռանը Ադրբեջանի իշխանությունների գործուն աջակցությամբ, թուրք սպաների և գործակալների առաջնորդությամբ  Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում բռնկվում  են մահմեդական  բնակչության վաղօրոք խնամքով կազմակերպված զանգվածային զինված ելույթները:

Դրանք ընդարձակվելով՝ տարածվում են նաեւ հանրապետությունից դուրս: Դիադինի, Բայազետի, Ալաշկերտի թուրքական ու նրանց միացած քրդական հրոսակախմբերը, օգտվելով Հայաստանի տարածքում իրենց արյունակիցների ու հավատակիցների սանձազերծած ելույթներից, ասպատակում են Սուրմալուի գավառը և վայրի մոլուցքով հարձակվելով հայկական բնակավայրերի վրա՝ սպանում, առևանգում ու թալանում են գավառի հայ բնակիչներին: Սուրմալուի ուղղությամբ մարտնչող գնդապետ Տիգրան Բաղդասարյանի գլխավորած 8-րդ գունդը (1000 սվին), չկարողանալով ինչպես հարկն է դիմագրավել թշնամու մեծաքանակ ուժերի ճնշմանը, անընդմեջ կռիվներ մղելով, հարկադրված նահանջում է գավառի կենտրոն՝ Իգդիր: Ջարդերի ահավոր սպառնալիք է ծառանում գավառի հայ բնակչության վրա:

Օգոստոսի 16-ին հանրապետության կառավարությանն ուղղված զեկուցագրում զինվորական նախարար, գեներալ Հախվերդյանը նշում է. «…Թուրք, քուրդ, թաթարական հրոսակախմբերը, մոտավորապես հինգ հազար թվակազմով, հարձակվել են մեր զորամասերի վրա Ինջայի և Մոլակոմարի շրջանում: Համառ մարտերից հետո մեր զորամասերը հակառակորդի ճնշման տակ որոշակի հաջողությամբ հարկադրված նահանջել են: Օգոստոսի 14-ին Իգդիրյան զորախմբին հրամայված է թողնել Կողբը և նահանջել դեպի Կարակալայի կամուրջը, Չարալկի սարի, Խալֆանլու գյուղի ուղղությամբ և այնտեղ ամրանալով` ամեն գնով կասեցնել հակառակորդի հարձակումը»:

Զինվորական նախարարի և պաշտոնական այլ փաստաթղթերում մատնանշված` Սուրմալուի գավառ ներխուժած թուրք-քուրդ հրոսակախմբերի անձնակազմը նույնն է՝ 5000, իսկ դիմակայող հայկական միակ զորամասը՝ 8-րդ գունդը, իր թվակազմով հինգ անգամ պակաս:

Տվյալները վկայում են, որ ընդամենը մեկ գնդի զբաղեցրած պաշտպանական բնագծերն ավելի քան ընդարձակ էին: Իրականում, այլընտրանք չի եղել, քանի որ թուրք-քրդական զինյալ մարտախմբերը հարձակվել են միաժամանակ մի քանի ուղղությամբ, տարբեր բնակավայրերի վրա, ապա գնդապետ Տիգրան Բաղդասարյանի գունդը հարկադրված իր ուժերը մասնատելով՝ թշնամուն դիմակայել է գրոհի բոլոր ուղղություններով:

Սուրմալուում ծավալվող դեպքերը կարող էին ընթանալ վատթարագույն ուղղվածությամբ: Առանց լուրջ օգնական ուժերի գավառի հայությանը պաշտպանող միակ մարտական ուժը՝ 8-րդ գունդը, կարող էր հայտնվել անելանելի իրավիճակում: Այդ հանգամանքը հաշվի առնելով և սթափ գնահատելով ստեղծված կացությունը՝ գնդի հրամանատարությունը օգնական ուժեր ստանալու հույսով դիմում է Երևան: Սուրմալուի շրջանում տիրող տագնապալի դրությունը կարող էր ծայրահեղ վատթարագույնի հասցնել նաև այն, որ Էրզրումից դեպի Սարիղամիշ շարժվող թուրքական կանոնավոր դիվիզիան, համաձայն հանրապետության բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների, յուրաքանչյուր պահի կարող էր արշավել նաև Սուրմալու:

Օգոստոսի 16-ին հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ավետիք Սահակյանը իր թիվ 26 հեռագրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Լ.Եվանգուլովին գրում է.

«Թուրք-քուրդ-թաթարական ուժերի կազմակերպված ճնշումների հետևանքով մեր զորամասերը նահանջել են Իգդիրից ներքև դեպի Արաքսի Կարակալա կամուրջը: Ունենք տեղեկություն Էրզրում հասած 40 թնդանոթներ ունեցող թուրքական 9-րդ դիվիզիայի մասին, որ շարժվելու է Սարիղամիշի ուղղությամբ…»:

…Թուրքիայում արդեն սկսվել էր քեմալական շարժումը, որն ինչպես պարզվեց հետագայում, մեծ ազդեցություն ուներ նաև Կովկասում մահմեդական բնակչության ղեկավարման և մասնավորապես՝ Հայաստանում զինված ելույթների հրահրման և կազմակերպման գործում: Էրզրում-Սարիղամիշի շրջանում թուրքական դիվիզիայի հայտնվելը նույնպես քեմալականների գործունեության արդյունքն էր, որի նպատակը հարմար պահի Հայաստան ներխուժելն էր և մահմեդական ապստամբների հետ Հայաստանի Հանրապետության հարցը մեկընդմիշտ լուծելը: Այդ հարցում քեմալական գործակալները սերտորեն համագործակցում էին Ադրբեջանի հանրապետության համապատասխան մարմինների հանձնարարությամբ Հայաստանում գործող անձանց հետ:

Մինչ հանրապետության ղեկավարությունը կձեռնարկեր համապատասխան քայլեր Սուրմալուի պաշտպաններին օժանդակելու ուղղությամբ, գավառում դրությունը ավելի է վատանում: Թուրք-քրդական հրոսակախմբերը, շարունակելով հարձակումը երկու ուղղությամբ, ներխուժում են Իգդիր և մի քանի ժամ ընթացող կռիվներից հետո ընկճելով պաշտպանվողների դիմադրությունը` գրավում են քաղաքը:

Անհրաժեշտ էր դիմել ամենավճռական միջոցների. կտրուկ  ու անսպասելի գործողություններով ջախջախել այդ գավառը ասպատակող զինյալ խմբավորումները և արագ ու հուսալիորեն կազմակերպել ինքնապաշտպանությունը, քանի դեռ թուրքերը չէին հասցրել լրացուցիչ մարտական ուժեր տեղափոխել Էրզրում-Սարիղամիշ ուղղությունից Սուրմալուի ճակատ: Հակառակ պարագայում թուրք-քրդական հրոսակախմբերը Սուրմալուի ճակատի հայկական ուժերի դիմադրությունը հաղթահարելուց հետո կարող էին զարգացնել հարձակումը և գետանցելով Արաքսը՝ ներխուժել հանրապետության տարածք, Արարատյան դաշտ:

…Այդ օրերին Դրոն Ղամարլուի ճակատում էր և ղեկավարում էր Բոյուք-Վեդիի ու նրա շրջակա թուրքաբնակ գյուղերի վրա գրոհող զորքերի գործողությունները: Տեղեկանալով թշնամու կողմից իր ծննդավայրի՝ Իգդիրի գրավման մասին, Դրոն ոչ մեծաքանակ զորախմբով իսկույն ևեթ մեկնում է Սուրմալուի ճակատ: Բոյուք-Վեդիի շրջակա գյուղերը գրավելուց և թուրք ապստամբների հիմնական որջը շրջափակելուց հետո՝ իրավիճակը այդ շրջանում (Ղամարլուի ռազմաճակատ) հուսալիորեն կայունացել էր, բայց վտանգը չէր անցել: Մահմեդական ուժերը դեռևս վերջնականապես ջախջախված չէին, հարկավոր էր ծայրահեղորեն զգոն լինել և դույզն-ինչ  չթուլացնել Բոյուք-Վեդիի հզոր պաշտպանական հանգույցը շրջափակած հայկական զորամասերը, հակառակ պարագայում թուրքական ուժերը կարող էին օգտագործել պատեհ հնարավորությունը և նոր տհաճ անակնկալ մատուցել հայկական զորքերի հրամանատարությանը:

Մյուս կողմից՝ չէր բացառվում Էրզրումի ուղղությունից թուրքական դիվիզիայի` Կարսի նահանգ ներխուժման հնարավորությունը: Այլընտրանք գոյություն չուներ: Թշնամին գրավել էր իր հայրենի քաղաքը, և Դրոն ընդամենը երկու հարյուրակից բաղկացած հեծելախմբով անվարան ուղևորվում է Սուրմալուի ճակատ:

Առաջին հերթին անհրաժեշտ էր թշնամուց հետ նվաճել Իգդիրը, թույլ չտալ, որ թուրք-քուրդ հրոսակները մինչև վերջ քանդեն ու ավերակների վերածեն քաղաքը: Իգդիրի արագ ազատագրումը կարող էր վճռական նշանակություն ունենալ թշնամուն ջախջախելու և ամբողջ գավառը վերանվաճելու, տեղի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում: Քանի որ ավելի քան սահմանափակ էին իր զորախմբի մարտական ուժն ու հնարավորությունները՝ Դրոն հաշվենկատորեն որոշում է առավելագույնս օգտագործել այդ ճակատում մարտնչող հայկական զորամասերի՝ 8-րդ գնդի մարտական ամբողջ կարողությունը:

Դրոյի ներկայությունը ոգի և մարտնչելու վճռականություն ու կորով են հաղորդում մինչ այդ նահանջող 8-րդ գնդի զինվորներին: Կարգի բերելով գումարտակների ուժերն ու արագորեն ծանոթանալով ճակատում, մասնավորապես՝ Իգդիրի շրջանում տիրող կացությանն ու հաշվի առնելով հայկական զորքի սահմանափակ հնարավորությունները, Դրոն վճռում է քաղաքի վրա գրոհ ձեռնարկել համեմատաբար փոքրաթիվ ուժերով` խստորեն ապահովելով հարվածի առավելագույն սրընթացությունն ու անսպասելիությունը: Թշնամու վրա հարձակվելու նման համարձակ որոշում կայացնելիս նա, ելնելով իր մարտական հարուստ կենսափորձից, խելամտորեն արժևորում է այն իրողությունը, որ թուրք-քրդական ոչ կանոնավոր զորախմբերն անսպասելի և հուժկու հարվածների դեպքում կարող էին արագորեն խուճապի մատնվել և դիմել փախուստի: Նրա համոզմամբ` թուրք-քուրդ հրոսակների խուճապի մատնվելուն մեծապես կարող էր նպաստել նաև այն հանգամանքը, որ ներխուժած զինյալների հետ էին նաև նրանց կանայք և անզեն տղամարդիկ, որոնց միակ նպատակը հայերի ունեցվածքի թալանն էր ու կողոպուտը:

Իր մտահղացումը իրականացնելու նպատակով Դրոն հրամայում է 8-րդ գնդի` Ե. Մարտիրոսյանի և Հ. Սահակյանի գլխավորած 2-րդ և 3-րդ վաշտերին աննկատ առաջանալ և, դիրքավորվելով Իգդիրի և Սուլթանաբադի միջև ընկած տարածքում, փակել դեպի Օրգով նահանջող թշնամու ուղին: Իսկ ինքը հարվածող զորախմբով, դարձյալ աննկատ, խճուղու ուղղությամբ պետք է ներխուժեր Իգդիր և անսպասելի ու հուժկու հարվածներով ջախջախեր և քաղաքից դուրս շպրտեր այնտեղ բույն դրած թուրք-քուրդ զինյալներին ու նրանց ուղեկցող կանանց ու անզեն տղամարդկանց: Գնդի մյուս վաշտերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում:

Թշնամու մեծաքանակ, նախորդ մարտերի հաջողություններից զգաստությունը կորցրած հրոսակախմբերը, չկասկածելով, որ հայերն այդքան կարճ ժամանակամիջոցում կարող են արագ կազմակերպվել եւ հարձակում ձեռնարկել՝ խուճապի են մատնվում և դիմում փախուստի:

«Դրօն,- նշել է Հ. Սահակյանն իր հուշագրությունում, – իր ծննդավայրի պատիվը փրկելու համար դիմեց այդպիսի յանդուգն ձեռնարկի մը: Իր կարճ հրաման-որոշումը տալէն վերջ իր քաջերով դէպի Իգդիր յառաջացաւ:

…Դրօն իր մարդոցմով անշշուկ ու անարգել մտած էր քաղաքին կենդրոնի պարտէզը: Թշնամին այնքան վստահ էր իր յաղթանակին վրայ, որ բնաւ մտքէն չէր անցըներ թէ խուճապահար փախած հայ զօրքը պիտի յամարձակի մտնել քաղաքի կեդրոնը:

Դրօն քաղաքի կեդրոնը հասնելէն յետոյ, յարձակման կանցնի տասնոց մաուզէրներով և սուիններով: Մէկ ժամէն արդէն քաղաքը դատարկուած էր»:

2-րդ և 3-րդ վաշտերը, համաձայն Դրոյի հրահանգի, հաղթահարելով ճանապարհի դժվարություններն ու խոչընդոտները, անշշուկ դիրքավորվել էին Իգդիրի մերձակայքում և սառնասրտորեն սպասում թշնամու հայտնվելուն:

«Ճիշդ այդ վայրկեանին,- գրել է Հ. Սահակյանը,- Իգդիրը սկսաւ ոռնալ հարիւրաւոր անօթի գայլերու նման: Մենք մեր հրացանի փողերը դարձուցած Իգդիրի ուղղութեամբ կը սպասէինք: Խուճապային վայնասուն մըն էր, որ ծայր տուաւ…

… Մենք գործի անցանք:

Խաւարի մէջ ճարճատող գնդակները սարսափ ձգեցին ընդարձակ տափարակին վրայ: Մարդկային աղեխարշ վայնասուն մըն էր, որ ծայր տուաւ:

… Մեր հրացանները շարունակ կը բացուէին ու կը խփէին…

… Թշնամի խուժանը դէպի Օրկով փախուստի ճամբան բռնած, ինկած էր այդ տարածութեան տափարակի մէջ, մեր գնդակներու հարուածին տակ»:

Իգդիրի հաղթական կռիվների մասին գեներալ Ղորղանյանին ներկայացրած օպերատիվ հաղորդագրությունում նշել է ՀՀ զորքերի հրամանատարի շտաբի պետ, գնդապետ Շնեուրը: Ըստ գնդապետի` հակառակորդի հետախույզների ու առաջապահ ուժերի մասնակցությամբ, սեպտեմբերի 19-20-ին փոխհրաձգություն է ընթացել ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Թուրքերը քրդական հրոսակախմբերի համագործակցությամբ   պատրաստվում էին Իգդիրի վրա հարձակում ձեռնարկել երեք ուղղությամբ: Սեպտեմբերի 20-ին, ժամը 16-ին թուրքերը 800 հոգանոց քրդական հեծելախմբի ու հետևակի զինակցությամբ հարձակվում են Խալֆանլուի և Խոշխաբարի հենակետերի վրա: Այդ հենակետերի պաշտպանները գնդացիրներից տեղացող կրակով հետ են մղում  հակառակորդի գրոհներն ու,  համաձայն հրամանատարության հրահանգի, նահանջում դեպի վաղօրոք պատրաստված հենակետը:

Ըստ Շնեուրի` Դրոն Իգդիրում սեպտեմբերի 20-ին  տեղի ունեցած վճռական գոտեմարտում գործել  է ճիշտ և ճիշտ Ապարանի հաղթական ճակատամարտում կիրառած  մարտավարությամբ, այն է՝ ուժերի կենտրոնացում, անսպասելի ու սրընթաց խոյահարիչ հարված:

«Դաժան կռիվները,-գրում է գնդապետ Շնեուրը,- Իգդիրի փողոցներում շարունակվում են երեք ժամ: Երևանյան զորախմբի պետ Դրոն ամբողջ հեծելազորը կենտրոնացնում է մեկ կետում և անձամբ առաջնորդելով հեծյալ զորախումբը՝ սրընթաց հարձակվում է հակառակորդի վրա: Խորտակելով թուրք-քրդական ուժերի դիմադրությունը, Դրոն փախուստի է մատնում նրանց: Իգդիրի փողոցները ծածկված էին թուրքերի և քրդերի դիակներով…»:

Շնորհիվ կշռադատված ու համարձակ մարտավարության, խելամիտ հաշվարկի և վճռական ու արագ գործողությունների, ձեռք բերվեց առաջին նշանակալի հաջողությունը: Սուրմալուի գավառի կենտրոն Իգդիր քաղաքը ազատագրվեց շատ արագ և գրեթե առանց զոհերի: Զարգացնելով հարձակումը՝ հայկական զորախմբերը հաջորդ օրն ևեթ չթուլացող արագությամբ անկասելի հարվածներով խորտակելով խուճապի մատնված հակառակորդի դիմադրությունը, հաջորդ օրերին գրավեցին նաև թուրքաբնակ մյուս վայրերը և ջախջախելով այդ շրջաններն ասպատակող թուրք-քրդական հրոսակախմբերին՝ դուրս շպրտեցին նրանց Սուրմալու գավառի տարածքից:

Դրոն կրկին անգամ հաստատեց, որ կռիվներում հաղթանակներ նվաճելը բոլորովին էլ պայմանավորված չէ սոսկ մարտական ուժերի մեծաքանակությամբ:

Դրոն փայլուն կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական հանձնարարությունը. նրա գլխավորած համեմատաբար փոքրաքանակ մարտական ուժերը  ոչ միայն գլխովին ջախջախեցին Սուրմալուի գավառ ու նրա կենտրոն Իգդիր ներխուժած թշնամու ուժերն ու փրկեցին տեղի հայությանը վերահաս կոտորածից, այլև խորտակեցին այդ ուղղությամբ հանրապետության տարածքը ներխուժելու նպատակաուղղված թուրք-քրդական բազմահազար հրոսակների ձեռնարկումները:

 

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Պատմության էջերից


22/08/2019