Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՄԱՀ ՉԿԱ…



ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՄԱՀ ՉԿԱ…Մեծամորում կանգնեցվեց  հուշարձան՝

ի հիշատակ ապրիլյան պատերազմում

զոհված Սաշա Գալստյանի

 

Ապրիլյան քառօրյա մարտերում զոհված Սաշա Գալստյանն օգոստոսի 12-ին կդառնար 23 տարեկան: Հերոսի ծննդյան օրը Մեծամորում՝ հարազատ տան բակում, բացվեց Սաշայի և ապրիլյան պատերազմում զոհված մյուս  տղաների հիշատակը հավերժացնող հուշարձան: Կոթողի բացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության փոխնախարար Գաբրիել  Բալայանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,  զոհված  զինծառայողների ծնողներ,  հարազատներ, հյուրեր:

Հուշարձանի հիմքում  հավիտենության խորհուրդն ու  հայրենասիրության գաղափարն է, իսկ դեպի վեր խոյացող  սյուները խորհրդանշում են հայ ժողովրդին: Ապրիլյան պատերազմում զոհված բոլոր՝ 106 հերոս տղաների  անունները փորագրված են հենասյուների վրա:

Հուշարձանը կյանքի է կոչվել Սաշայի հոր՝ Վաչագան Գալստյանի, նրա ընկերների ու Գալստյանների ընտանիքի բարեկամ Խորեն Քոթանջյանի աջակցությամբ։  Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝  սա ևս մեկ քայլ է մեր նորագույն  պատմության  հերոսների հիշատակը վառ պահելու և նրանց սխրանքները վերագնահատելու համար. «Սա միասնականության նպատակ է հետապնդում, որպեսզի այս հիշողությունը կենդանի մնա, ու այս երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ դառնա»:

«Սաշայի   կենդանության օրոք ես մեկ տղա ունեի, իսկ նրա ու տղաների զոհվելուց հետո` բոլորն իմն են: Այսօր Սաշան իմ տղան չէ, ազգի տղան է, ինչպես որ մնացած տղաներն էլ իմն են»,- ասում է Սաշայի հայրը՝   արցունքները  մի կերպ թաքցնելով:

ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ ՄԱՀ ՉԿԱ…Մայրը՝ Սոֆի Գալստյանն էլ որդուն այսպես է հիշում. «Համեստ, երբեմն էլ խենթ ու խելառ»: Տիկին Սոֆին պատմում է, որ ամեն անգամ, երբ որդին   տեսնում էր սպիտակ խալաթով բժիշկներին, իր մեջ բարություն էր առաջանում և ուզում էր օգնել մարդկանց. «Որդուս նպատակները մեծ էին, մեր բոլոր երիտասարդները ունեին նպատակ,  բայց  նրանք ընտրեցին հավերժի ուղին…»:

Ապրիլյան պատերազմից հետո երկու տարի ընտանիքը արցունքներով է նշել Սաշայի ծննդյան տարեդարձը, սակայն այսուհետեւ այլ կերպ է նշանավորելու նրա տարեդարձը. «Սաշին խոսք եմ տալիս, որ այլևս իր ծնունդն ուրախ եմ դիմավորելու. ես Արցախ աշխարհում զգացի, որ մեր տղաները թևածում են այնտեղ»:

…Սաշա Գալստյանի տան բակից ներկաները շարժվեցին դեպի Մշակույթի կենտրոն։ Այստեղ ներկայացվեցին դրվագներ հերոսի  կյանքից ու նրա սխրանքներից:  2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  Սաշան  առաջիններից էր, որ ընդունեց թշնամու հարվածն ու իր խմբով նույնիսկ հակահարձակման անցավ: Մոտ 5 ժամ տևած թեժ մարտերի ընթացքում զգալի կորուստներ պատճառելով հակառակարոդին՝ Սաշան զոհվեց հերոսաբար: «Այս հուշակոթողը պետք է պաշտամունքի առարկա դառնա և ամբողջ հասարակությանը, համասփյուռ հայությանը տեղեկացնի, որ հայ զինվորը արժևորվում է ոչ միայն զորակոչի ընթացքում, այլ նաև դրանից հետո։ Ես մաղթում եմ, որ մենք այսուհետև մեր հաղթանակների համար կոթողներ բարձրացնենք»,- ամփոփեց պաշտպանության նախարարի տեղակալ Գ.Բալայանը:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ճակատագրեր


22/08/2019