ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը – 9.1%
Մարզկենտրոնը` ք. Իջևան
Տարածաշրջանները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Տավուշ
Քաղաքները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում
Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 2993 մ (Մուրղուզ լ.)
Ամենացածր կետը ծովի մակարդակից – 370 մ
Բնակչությունը – 123.5 հազ. մարդ (2018 թ. դրությամբ)
Տավուշի մարզը Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում է: Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը, Դիլիջանը և Այրումը:
Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետության պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ: Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը: Ամենացածր կետը Դեբեդավան գյուղի մոտ է (370 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ):
Տավուշի մարզը ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբոփոր, կենտրոնական և արևմտյան մասերը (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մոտակայքում է Պարզ լիճը: 1970-1980թթ. կառուցվել են Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագիրի ջրամբարները: Մարզի բնությունը գեղատեսիլ է: Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով: Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը):
Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային հուշարձաններով՝ վանական համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ:
ՀԱՂԱՐԾԻՆ
Վանքային համալիրը կառուցվել է X-XIII դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին-XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Որպես ուսումնագիտական կենտրոն` հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում:
Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր: Հաղարծինում հայտնաբերված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է՝ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։
Հաղարծինի ամենավաղ կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է: Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ, նաև արձանագրություններ): Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244):
Համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի է: Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից, ենթադրում են, որ 1281թ. կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ.: Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր: Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով: Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով: Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են:
Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248թ., ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է): Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6.x.9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտները հետագայում են բացվել): Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն) մնացորդներ են:
ԳՈՇԱՎԱՆՔ
Գոշավանքը Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին է, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից է եղել: 1188 թ. իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը: Այստեղ են կրթություն ստացել այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել է Գոշավանք:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցել է 1191-1196թթ.` Մխիթար Հյուսն վարպետի ղեկավարությամբ և օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին` ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտադրում ունեն արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին: 1197 թ. Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին:
1231թ. Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավարևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սուրբ Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով:
Սուրբ Լուսավորիչը Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241թթ.՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով (նա սատարել է նաև Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցմանը): Այս գողտրիկ եկեղեցին ժամանակին քիչ հանդիպող միանավ բազիլիկ է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով:
Սուրբ Հռիփսիմե ժամատունը կառուցվել է 1254թ., տեղակայված է հիմնական կառույցի հարավ-արևելքում` բլրի վրա: Պարզ և անպաճույճ ճարտարապետությամբ՝ երկսեղան, անհամամասն ծավալով և մուտքով կառույց է: Սրանից քիչ վերև Գոշի դամբարանն է:
Ժամատունը (արևմտյան կողմից) կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203թթ.՝ աջակցությամբ Զաքարե և Իվանե եղբայրների (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն): Պատկանում է քառասյուն ժամատների տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար, բացի չորս սյուներից, հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: Այս կառույցը կրկնահարկ շինություն է, որի ներքևի հատվածում գործել է գրատունը, իսկ ահա գրատան վերին հարկում զանգակատունը, իր ձևի մեջ այն նմանություն ունի միջնադարյան մեկ այլ վանական համալիրի՝ Հաղպատի գրատան հետ:
Գրատուն-զանգակատուն՝ այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է 1241թ., զանգակատունը՝ 1291 թ.: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար:
1890-ական թթ. Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին: 1937թ. նորոգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին, 1957-1966թթ.՝ Սուրբ Գևորգ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958թ. Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972թ. բացվել է Գոշավանքի թանգարանը:
Շարունակելի
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա
Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Հոգևոր-մշակութային