ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
-Պա՛պ, ինձ համար ամենամեծ նվերը կլինի, որ ապերն էլ մասնակցի իմ մկրտության արարողությանը,- դիմելով ինձ՝ ասաց աղջիկս: – Բայց ո՞նց մասնակցի, Վերգինե ջան. նա ծառայում է,- փորձեցի «մխիթարել» աղջկաս:
– Եթե ինքը չի կարող գալ, եկեք մենք գնանք նրա մոտ,- համառեց աղջիկս:
– Ճիշտ է ասում,- խոսակցությանը միջամտեց տատիկը. միանգամից Արարատին էլ կկնքեք:
– Բայց նրան ո՞վ կթողնի:
– Որ գնաք, Աստված մի դուռ կբացի,- պնդեց տատիկը:
Պատրաստվեցինք ու տոնական տրամադրությամբ ուղևորվեցինք Արցախ: Սակայն սրտներումս անհանգստություն կար. բա որ Արարատին չթողնե՞ն։ Հասանք տեղ, տեղավորվեցինք ու հաջորդ առավոտյան գնացինք զորամաս: Հիշում էինք մորս խոսքը՝ Աստված մի դուռ կբացի:
Զորամասի հրամանատար գնդապետ Մխիթարյանն ընդառաջեց մեր խնդրանքին և թույլատրեց որդուս միանալ մեզ:
Աննկարագրելի ցնծությամբ քույր ու եղբայր հանդիպեցին: Գանձասարում կատարվեց մկրտության արարողությունը: Բոլորս հուզված էինք, ուրախ և երախտագիտությամբ լի Արցախ աշխարհի, սահմանը պահող մեր զինվորների, հրամանատարության նկատմամբ:
Երևան վերադարձանք բարձր տրամադրությամբ ու երախտագիտությունը մեր սրտերում: Բարի ծառայություն մեր զինվորներին, նրանց քաջարի հրամանատարներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
զինվորի հայր
Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Հոգևոր-մշակութային