Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԳԸ՝ ՀՈԳՈՒ ԶՐԱՀ



ԵՐԳԸ՝ ՀՈԳՈՒ ԶՐԱՀԶրույց երգահան, ապրիլյան պատերազմի մասնակից ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԻ հետ

 

-Արթո՛ւր, այս զրույցի առիթը ապրիլյան պատերազմի ժամանակ, դիրքերում գրված քո երգերն են, որոնց մասին ես իմացա Հայ գրողների միության «Նոր ոսկե դար» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ մրցանակի արժանացավ Համո Սահյանի «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում» բանաստեղծության խոսքերով գրված քո երգը: Ի՞նչ կապ ունի այդ բանաստեղծության բովանդակությունը ապրիլյան պատերազմի հետ:

-Ճակատագիրն ինձ ու իմ ջոկի 8 տղաներին ապրիլյան պատերազմում հերոսանալու հնարավորություն չտվեց: Հակառակորդը չմտավ մեր դիրք, բավարարվեց միայն չորս օր ու գիշեր դիրքը հրետակոծելով ու մեզ վրա ականանետային կրակ թափելով: Եթե թույլ կտաք, նախքան իմ երգերի մասին պատմելը, մի փոքր անդրադառնամ պատերազմին ու իմ ջոկի զինվորներին:

Մենք պաշտպանում էինք 163 դիրքը, որը հակառակորդին ամենամոտ դիրքերից էր: Երբ ադրբեջանցի զինվորները մի քիչ բարձր էին զրուցում, մեր դիրքում լսվում էր: Ապրիլի 1-ին մեզ զգուշացրին, որ հակառակորդը պատրաստվում է բացահայտ հարձակման: Ապրիլի 2-ի գիշերը ես խրամատում էի, երբ նկատեցի օդում թարթող կարմիր լույսը: Հասկացա, որ հակառակորդի անօդաչուն նկարում է մեր դիրքը ու անմիջապես դիրքավորեցի ջոկս…

 

-Դու ջոկի հրամանատա՞ր էիր:

-Այո՛: Մենք պատրաստ էինք դիմակայելու ե՛ւ հեռահար զենքերի, ե՛ւ անմիջական մարտի: Ադրբեջանցիները մեզ չորս օր ու գիշեր պահեցին կրակե օղակի մեջ: Ջրի մեքենան (փառք վարորդին), կրակը ճեղքելով մեզ ջուր էր հասցնում, այլապես չէինք դիմանա: Մենք կարողացանք այնպես պաշտպանվել, որ դիրքը մնաց անառիկ, ու մեր ջոկից ոչ ոք չզոհվեց: Ես անընդհատ փոխում էի դիտակետերը, ու երբ ադրբեջանցիները բառացիորեն հողին հավասարեցրին հիմնական դիտակետը, այնտեղ ոչ մի զինվոր չկար: Ոչ մի հերոսություն, ոչ մի շքանշան, ոչինչ այնքան չէր երջանկացնի ինձ, ոչ մի սխրանքով այնքան չէի հպարտանա, որքան այն իրողությամբ, որ պաշտպանել ենք մարտական դիրքը, հող չենք զիջել եւ ոչ մի զոհ չենք ունեցել:

 

-Ես մտածում եմ, թե ինչպե՞ս ես երգեր գրել ռմբակոծության տակ: Ինչպե՞ս կարող է երգ ծնվել, երբ մահն աչքիդ առաջ է:

-Այդ երգերը հոգու զրահ էին, որ հայտնվում էին ակամա, հնչում էին սրտիս, գլխիս, ականջներիս մեջ ու խլացնում էին կրակի աղմուկը, վախի ձայնը, տխուր մտքերը: Դրանք խաղաղ, փափուկ երգեր էին՝ մոր, ծննդավայրի, սիրո եւ կարոտի մասին: Ինչ վերաբերում է Համո Սահյանի խոսքերով գրված, մրցանակի արժանացած երգին, ապա ես այն գրել եմ պատերազմից հետո: Ճիշտ է, առաջին հայացքից երգի բովանդակությունը կապ չունի պատերազմի հետ.

 

-Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ…

Այս տողերը իմ գլխում պտտվում էին կռվի ամենաթեժ պահին: Ես ինքս ինձ ասում էի, որ ինչ-որ բան փոխելու հնարավորությունը տրված է հիմա, ու քանի դեռ ողջ ես, պիտի ցույց տաս ներուժդ, հնարավորություններիդ սահմանը, առանց մահից վախենալու, նույնիսկ մահվան գնով, որովհետեւ մահը ոչինչ է ու ոչինչ չի փոխում այս աշխարհում….

 

-Միայն պատերազմ տեսած զինվորը կարող է այդպես մեկնաբանել Համո Սահյանի հայտնի բանաստեղծությունը: Արթո՛ւր, դու ո՞ր տարիքից ես սկսել երգեր գրել, այն քեզ համար նախասիրությո՞ւն է, թե մասնագիտություն:

-Ես երաժշտական դպրոց եմ ավարտել՝ ժողովրդական վոկալի բաժինը, այժմ սովորում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում: Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, ես երախտապարտ եմ իմ կյանքի չորս մեծ ներշնչանքներին, որոնք սիրտս լցրել են ապրումներով ու զգացմունքներով: Իսկ երգն ու բանաստեղծությունը ծնվում են հույզերի առատությունից:

 

-Պատմի՛ր այդ չորս ներշնչանքների մասին:

-Առաջինն իմ ծննդավայրն է: Ես Արցախցի եմ, Հադրութի Թաղասեռ գյուղից: Թաղասեռը աշխարհի ամենասիրուն անկյունն է՝ թաղված ծաղկի ու կանաչի մեջ, շրջապատված Դիզափայտի լեռնաշղթայով: Մեր լեռները ամառ-ձմեռ ծաղկած են: Ձմռանը լեռնաշղթայի բարձր կատարներին ձյուն է նստում, իսկ ստորոտում ծաղկում են բազում ծաղիկներ: Մեր վայրի ծաղիկները դաշտավայրի ծաղիկների պես փոքրիկ չեն, երկար ցողուններով, մեծ գլխով, հոտավետ, վառվռուն ծաղիկներ են, որ բարձրանում են մարդաբոյ ու ծածկում լեռները: Այդպիսի խիտ գույներ Դուք միայն Դիզափայտի լանջերին կտեսնեք: Իսկ ստորոտում Արջաղբյուրն է՝ մաքուր ու անուշահամ: Քիչ հեռու Սիսեռաղբյուրն է: Մեր գյուղի միջով երկու գետ է հոսում՝ Ճղպուրակետը եւ Տկնողակետը: Դիզափայտի ամենաբարձր կատարին՝ 2478 մետր բարձրության վրա Կատարո՝ 14-րդ դարի շքեղ եկեղեցին է:

 

-Խնդրում եմ՝ բացատրես, թե ի՞նչ ծագում ունեն քո նշած անունները՝ Դիզափայտ, Արջաղբյուր, Սիսեռաղբյուր, Ճղպուրակետ, Տկնողակետ, Կատարո….

-Մեր շենի ամեն անկյունում անցյալի շունչը կա: Ըստ ավանդության՝ կռապաշտ Սանասար թագավորի՝ քրիստոնեական հավատքին հավատարիմ երկու տղաները փախչում են պալատից ու իրենց համախոհների հետ բարձրանում լեռան գագաթը: Թագավորի զինակիցները երկու անգամ փորձում են գերել ըմբոստներին, բայց հանդիպում են ուժեղ դիմադրության: Երրորդ անգամ թագավորը ինքն է գալիս պատժելու անհնազանդներին շատ ավելի մեծ զորքով: Թագավորի հրամանով՝ տղաներին ու նրանց կողմնակիցներին փայտի նման դիզում են՝ շարում իրար վրա ու այրում: Այդ օրվանից լեռնաշղթան անվանում են Դիզափայտ: Սանասարի սգավոր դուստրը, ի հիշատակ եղբայրների, լեռնաշղթայի տարբեր լեռներից մի-մի քար է վերցնում եւ ամենաբարձր կատարին կառուցում եկեղեցի, որը կոչում է Կատարո՝ կատար բառից: Անցյալ տարի եկեղեցին նորոգվեց ու է՛լ ավելի գեղեցկացավ:

Արջաղբյուրը իր անունն ստացել է աղբյուրից քիչ հեռու՝ քարանձավներում բնակվող արջերի պատճառով: Նրանք հաճախ են գալիս աղբյուրից ջուր խմելու, եւ մեկ անգամ չէ, որ հոտը արածեցնող հովիվները տեսել են նրանց:

Սիսեռաղբյուրի վճիտ ջրերում միշտ կարող ես տեսնել սիսեռի նմանվող քարեր: Դրանք այնքան համաչափ են ու սիրուն, որ դարձել են աղբյուրի անունը: Ճղպուրակետը իր անունն ստացել է գետի երկայնքով շարված ընկուզենիների պատվին (մենք ընկույզին ճղոպուր ենք ասում), իսկ Տկնողակետի շուրջ պնդուկի ծառեր կան (պնդուկ՝ մեր բարբառով՝ տկնող): Իմ ծննդավայրը իմ ամենամեծ ներշնչանքն է, բայց այն ավելի ուշ դարձավ բանաստեղծության ու երգի նյութ: Առաջին անգամ ես բանաստեղծություն գրեցի, երբ սիրահարվեցի, 12 տարեկան էի այդ ժամանակ: Չորս տարվա անպատասխան սերը բացահայտեց իմ բանաստեղծելու շնորհը. ես երեք տետր բանաստեղծություն գրեցի:

Հաջորդ ներշնչանքս պատերազմն էր…

 

-Պատերազմ ու ներշնչանք բառերը մի տեսակ անհամատեղելի են:

-Ես Արցախյան պատերազմում զոհված հորեղբորս անունն եմ կրում: Ծնված օրվանից լսել եմ նրա մասին. հայրս, պապս, տատս անընդհատ պատմում էին: Հորեղբայրս իմ հերոսն էր մանկության տարիներին, նա իմ հերոսն է նաև հիմա: Հավատացեք, ոչինչ չեմ գունազարդում. ես բանակ ճանապարհվեցի մեծ ոգեւորությամբ: Մտածում էի, որ գնում եմ շարունակելու Արթուր հորեղբորս կիսատ մնացած գործը, թվում էր՝ նա ապրում է իմ մեջ, ու վերջապես եկել է նրա անավարտ երազանքներն իրագործելու պահը:

Բանակում հենց սկզբից ինձ նկատեցին: Մի քանի օրվա զինվոր էի, բայց ինձ վստահեցին զորամասի կազմավորման տոնական միջոցառումը վարելու պատիվը: Ինձ ընդգրկեցին «Հայ ասպետ» թիմի կազմում: Մեր թիմը երկու անգամ հաղթեց մրցույթում եւ կրկնակի չեմպիոն դարձավ: Այս ամենով հանդերձ, ես ամեն ինչ անում էի, որ երբեք չբացակայեմ մարտական հերթապահությունից: Խնդրեցի ինձ տանել ամենավտանգավոր դիրքերից մեկը, որտեղ էլ դիմավորեցի ապրիլյան պատերազմը: Քանի-քանի անգամ եմ հրաշքով փրկվել հակառակորդի դարանակալ կրակոցից: Քանի-քանի անգամ եմ տեսել, թե ինչպես իմ կրակոցը խոցեց հակառակորդին: Այս ամենը, անշուշտ, ներշնչանք չես կոչի, եթե չլինի հայրենիքդ պաշտպանելու պատիվն ու հպարտությունը: Եթե չհասկանաս, որ քո զոհողությունների մյուս նժարին հաղթած երկիրդ է:

 

-Իսկ ո՞րն է չորրորդ ներշնչանքդ:

-Անցյալ տարի ես սիրահարվեցի երկրորդ անգամ: Ապրիլյան պատերազմից հետո մտածում էի, որ իմ սրտում «փափուկ» անկյուն չի մնացել սիրո համար: Բայց այս սերը իր ջերմությամբ իմ հոգում ահագին սառույց հալեցրեց, ասես անուշաբույր զեփյուռ էր, որ սրբեց տարավ ահագին արցունք, ցավ, լույսի շող էր, որ ցրեց խավարը: Մեղեդի էր ամբողջովին: Ու ես բազմաթիվ երգեր գրեցի: Ուրախ, կյանքով ու երազանքներով լի երգեր:

 

-Ինչո՞վ ես զբաղվում հիմա, ապագայի ի՞նչ ծրագրեր ունես…

-Սովորում եմ Երեւանի պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսում, բուհի ուսխորհրդի նախագահն եմ, ավարտելուց հետո կգնամ Արցախ, կդասավանդեմ երաժշտական քոլեջում ու կշարունակեմ երգեր գրել հայրենիքի, սիրո, պատերազմի ու խաղաղության մասին:

 

-Արթո՛ւր, դեռ զրույցի սկզբից մի հարց էի ուզում տալ, բայց հարմար պահը չգտա, ի՞նչ տվեց քեզ ապրիլյան պատերազմը, ի՞նչ սովորեցրեց, ի՞նչ բացահայտեցիր:

-Ես ճանաչեցի ինքս ինձ ու իմ հակառակորդին: Կթվա՝ չափազանցնում եմ, կթվա՝ սարսափ ֆիլմ եմ պատմում, բայց մեր դեմ կռվում էին հատուկ պատրաստություն անցած երկու մետրանոց հաղթանդամ զինվորականներ: Կրակում էիր, ընկնում էին, մտածում էիր՝ վերջ, մեռավ, քիչ անց սկսում էր շարժվել, գրպանից հանում է ասեղը, ինքն իրեն սրսկում, ոտքի կանգնում ու ռոբոտի պես գալիս վրադ:

 

-Բա ասում էիր՝ անմիջական մարտ չեք ունեցել:

-Ես ասել եմ՝ հակառակորդի ոտքը մեր դիրք չի մտել: Ապրիլյան պատերազմն ինձ սովորեցրեց, որ պիտի ադրբեջանցու աչքը վախեցնես, պիտի անհավասարաչափ ուժեղ պատասխան տաս, երբ նախահարձակ է լինում: Եթե թշնամիդ դաժան է, ծիծաղելի է, երբ դու պարծենում ես քո գթասրտությամբ: Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է: Երբ փոքր էի, նա պատմում էր, թե ինչպես էին ադրբեջանցիները հայերին բազմապատիկ գերազանցող մեծ խմբով գլխապատառ փախչում, երբ հանդիպում էին ուժեղ հակահարվածի: Ադրբեջանցու դաժանությանը պիտի կրկնակի դաժանությամբ պատասխանես. սա է ինձ համար ապրիլյան կռվի պատգամը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Բանակ և հասարակություն


29/08/2019