ՀԱՅ ՀԱԿԱՕԴԱՅԻՆՆԵՐՆ «ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Ս-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության մեկնարկին ընդառաջ ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարանում ընթանում են մարզումներ։
Մասնակից պետությունների զինծառայողներն արդեն ընդունել են տեխնիկան և հնարավոր բարդությունները հայտնաբերելու ու որոշակի անսարքություններն ու անճշտությունները վերացնելու նպատակով ակտիվ մարզումներ են անցկացնում։ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն այս առումով բավականին փորձառություն ունի և հայտնաբերվող խնդիրներին արձագանքում է արագ ու հմտորեն։
Համատեղ զորավարժության մտահղացման, ստորաբաժանումների գործողությունների և այլ հարցերի հստակեցման նպատակով ներգրավված ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել են խորհրդակցություններ ու քննարկումներ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջադրվող խնդիրների և պայմանական թիրախների տեսակների վերաբերյալ։
«Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը ներգրավված են գերժամանակակից հակաօդային ու ավիացիոն միջոցներ։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։